HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնել Սանոսյանը դադարեցրել է Մհեր Սեդրակյանի շահագործած հանքերի գործունեությունը

2023թ․ հուլիսի 10-ի երկու տարբեր հրամաններով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դադարեցրել է ԱԺ նախկին պատգամավոր, Էրեբունի համայնքի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանին պատկանող «Գաջ» ՓԲԸ-ին տրամադրված ընդերքօգտագործման երկու իրավունքները։

«Գաջ» ՓԲԸ-ի բաժնեմասում, համաձայն իրական շահառուների վերջին՝ 2024թ․ հունվարի 30-ին ներկայացրած հայտարարագրի, 51 % մասնակցություն ունի Մհեր Սեդրակյանը, իսկ 49 %՝ Մհեր Սեդրակյանի եղբայրը՝ Վարդան Սեդրակյանը։  

Ընդերքօգտագործման իրավունքը՝ Ջրվեժի գիպսատար կավի հանքավայրի 2-րդ տեղամասի համար

«Գաջ» ՓԲԸ-ն 2012թ․-ին ստացել էր Ջրվեժի գիպսատար կավի հանքավայրի 2-րդ տեղամասի ընդերքօգտագործման իրավունքը, որն, ըստ պայմանագրի, վավեր պետք է լիներ մինչև 2057թ.-ը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկությունների համաձայն՝ «Գաջ» ՓԲԸ-ն Երևան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների մասով կուտակել է 8,5 մլն դրամի ապառք՝ 2021թ․ նոյեմբերի 1-ի դրությամբ։

Այդ պայմանագրի համաձայն՝ ընկերությունը ստանձնել է մասնակցություն ունենալ դպրոցի, մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին՝ յուրաքանչյուր տարի համայնքի բյուջե վճարելով 400 հազար դրամ, դպրոցի համար անհրաժեշտ գրենական պիտույքներ տրամադրել՝ յուրաքանչյուր տարի համայնքի բյուջե վճարելով 150 հազար դրամ, իսկ համայնքի զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերին մասնակցություն ունենալ՝ յուրաքանչյուր տարի համայնքի բյուջե վճարելով 300 հազար դրամ։

ՏԿԵՆ-ն արձանագրել է, որ խախտվել են Ընդերքի մասին օրենսգիրքը և ընդերքօգտագործման պայմանագրի համապատասխան դրույթները, ինչի հիման վրա ընկերությանը զգուշացում է տրվել։ 2023թ․ հունիսի 9-ին հարուցվել է վարչական վարույթ։ Վարույթն իրականանցնող հանձնաժողովն արձանագրել է, որ նշված խախտումը սահմանված 90-օրյա ժամկետում ընկերությունը չի վերացրել։ Նախարար Գնել Սանոսյանն էլ, այս ամենը հիմք ընդունելով, հուլիսի 10-ի հրամանով դադարեցրել է Ջրվեժի գիպսատար կավի հանքավայրի 2-րդ հանքամարմնի նկատմամբ ընդերքօգտագործման իրավունքը և ուժը կորցրած ճանաչել 2012թ․ լեռնահատկացման ակտն ու ընդերքօգտագործման պայմանագիրը։

Ընդերքօգտագործման իրավունքը՝ Գաջահանքի գիպսի բաց հանքավայրի համար

«Գաջ» ՓԲԸ-ն 2020թ. հունիսին ստացել էր նաև մեկ այլ` Գաջահանքի գիպսի բաց հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք` 19 տարի գործունեության ժամկետով:

2020թ․ հունիսի 3-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Գաջ» ՓԲԸ-ի միջև կնքվել է օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագիր՝ Գաջահանքի գիպսի բաց հանքավայրի շահագործման համար։

Երևանի քաղաքապետարանի տրամադրած տվյալների համաձայն՝ «Գաջ» ՓԲԸ-ի ապառքը համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների մասով 2021թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 800 հազար դրամ։ Բացի դրանից, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն, լիազոր մարմին ներկայացված 2021թ․ հաշվետվությունից հայտնի է դարձել, որ ընկերությունը հանքավայրում արդյունահանման աշխատանքներ չի իրականացրել։

Թվարկածները Ընդերքի մասին օրենսգրքի, ինչպես նաև ընդերքօգտագործման պայմանագրերի խախտումներ են որակվել, ինչի հիման վրա ընկերությանը զգուշացումներ են տրվել։ Մասնավորապես, ընկերությունը պայմանագրով ստանձնել է համայնքի զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերին մասնակցություն՝ յուրաքանչյուր տարի համանքի բյուջե վճարել 400 հազար դրամ։

Ընդերքի վարչությունը 2021թ․ դեկտեմբերին և 2022թ․ հունիսին գրավոր զգուշացումներ է տվել ընկերությանը, որոնք 90-օրյա ժամկետում պետք է վերացվեին։ Այդ խախտումները չեն վերացվել։

2023թ․ հունիսի 9-ի ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հրամանով հարուցվել է վարչական վարույթ։ Չնայած ընկերությունը ծանուցված է եղել, սակայն որևէ ներկայացուցիչ այդ լսումներին չի մասնակցել։

2023թ․ հուլիսի 10-ին նախարար Գնել Սանոսյանի հրամանով դադարեցվել է «Գաջ» ՓԲԸ-ի՝ Գաջահանքի գիպսի հանքավայրի նկատմամբ ընդերքօգտագործման իրավունքը և ուժը կորցրած է ճանաչվել ընկերության և ՏԿԵՆ-ի միջև կնքված ընդերքօգտագործման պայմանագիրը։

Դատական ակտ՝ հօգուտ Մհեր Սեդրակյանի

Մհեր Սեդրակյանի ընկերությունը երկու հրամաններն էլ 2023թ․ սեպտեմբերին բողոքարկել է դատարանում՝ երկու տարբեր հայցեր ներկայացնելով։ Ընկերությունը պահանջել է վերացնել Գնել Սանոսյանի հրամանները։

Գաջահանքի գիպսի հանքավայրի ընդերքօգագործման դադարեցման հրամանի գործով 2024թ․ հունվարի 22-ին դատավոր Գևորգ Սոսյանը հօգուտ Մհեր Սեդրակյանի ընկերության վճիռ է կայացրել։

Ընկերությունը դատարանին ներկայացրել է այն փաստարկը, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին դեռևս 2022թ․ մարտի 23-ին գրությամբ հայտնել են, որ 2021 թվականի օգոստոս ամսից ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը՝ կորոնավիրուսային համավարակի, ինչպես նաև հետպատերազմյան իրավիճակներով պայմանավորված՝ տնտեսական ակտիվության նվազման հետևանքով կրած վնասների պատճառով, այդ պահին ընկերությունն ունեցել է ընդերքօգտագործման վճարների մի շարք տեսակների մասով չմարված պարտավորություններ: Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ընկերությունն այդ պահին գտնվել է դեբիտորական պարտքերի հավաքագրման փուլում, խնդրել է տրամադրել հնարավորություն՝ մեկ տարվա ընթացքում պարտքի մարումն իրականացնելու համար:

Բացի դրանից, ընկերությունը նշել է, որ միջնորդել է հետաձգել վարչական վարույթը, ինչը ՏԿԵՆ-ը չի արել, և ընկերությունը հնարավորություն չի ունեցել իր դիրքորոշումներն ու փաստարկները ներկայացնել վարչական վարույթն իրականացնող հանձնաժողովին։

Այս պարագայում դատարանն արձանագրել է, որ սահմանադրական և կոնվենցիոն նորմերի ուժով անձն ունի վարչական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, որպիսի իրավունքի անբաժանելի մասն է վարչական վարույթում անձի լսված լինելու իրավունքը, ինչը չի ապահովվել։ Ավելին, վարույթն իրականացնող մարմինն այդպիսով նաև հաշվի չի առել ֆորսմաժորային իրավիճակները, որի պարագայում ընկերությունը չի կարողացել գործունեություն ծավալել։ Այդպիսով, դատարանը վճռել է բավարարել «Գաջ» ՓԲԸ-ի հայցը։

Ջրվեժի գիպսատար կավի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի վերաբերյալ հրամանը վերացնելու պահանջի գործով նախնական դատական նիստը նշանակված է փետրվարի 27-ին։

Կարդացեք նաև՝ Երևանյան բազալտի և կավի գինը

Լուսանկարում՝ «Գաջ» ՓԲԸ-ի գործարանը, որտեղ վերամշակվում են հանածոները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter