HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաոլո Պիրջանյանի Moxie ռոբոտը՝ CES 2024 նորարարական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիր

Ամերիկահայ Պաոլո Պիրջանյանի Embodied ընկերության արտադրած Moxie ռոբոտը Լաս Վեգասում ստացել է CES 2024 սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի նորարարական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը «Արհեստական բանականություն» անվանակարգում: «Հետքը» Moxie ռոբոտի, արհեստական բանականության հնարավորությունների ու ռիսկերի մասին զրուցել է Պաոլո Պիրջանյանի հետ։ 

Ի՞նչ է Moxie AI-ն, ու ի՞նչն է Ձեզ ոգեշնչել ստեղծել այն: Ես գիտեմ, որ դրա հետևում պատմություն կա։

Այո, Moxie AI-ը արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտ է, որը պետք է օգնի երեխաների զարգացմանը:

Այսպիսով, մի կողմից, մինչ օրս այն կենտրոնացած է եղել սոցիալական, հուզական հմտությունների զարգացման վրա, որը երեխաներին սովորեցնում է՝ ինչպես կառավարել իրենց հույզերը, սոցիալական հմտություններ, հաղորդակցման հմտություններ, դրական մտածողություն և այլն: Եվ հիմա մենք իրականում զարգացնում ենք այն՝ ներառելով նաև ակադեմիական կրթությունը, ամեն ինչ՝ մաթեմատիկայից և գիտությունից մինչև պատմություն, աշխարհագրություն, արվեստ, քաղաքականություն և այլն: Այն ամենը, ինչը երեխան ցանկանում է սովորել, Moxie AI-ի ուսուցման ֆունկցիոնալությամբ իրականում կարող է: Եվ այն նախագծված է այնպես, որ կարող է օգնել երեխաներին բացահայտել իրենց հետաքրքրությունների շրջանակը և մոտիվացնել, որպեսզի սովորելու նկատմամբ ցանկություն ու սեր զարգանա: Դա այնքան էլ նման չէ դպրոցի կրթական պրոցեսին, որտեղ դուք պետք է անցնեք որոշակի ուսումնական ծրագիր, այն ավելի շատ երեխային ոգեշնչելու համար է: Ահա թե ինչ է Moxie AI-ը:

Ոգեշնչումը, հավանաբար, գալիս է շատ տարբեր բաներից՝ ներառյալ իմ մանկությունը: Ես վաղ մանկությունից փախստական էի, ծնողներիցս բաժանված, և միշտ երազում էի ունենալ նման ռոբոտ, որը կարող է օգնել ինձ:

Հիմա ունե՞ք Ձեր տանը։

Ունեմ տանը, այո։

Ինչո՞վ է առանձնահատուկ Moxie-ն: Հայաստանում, օրինակ, Ռոբին ռոբոտը օգտագործվում է հիվանդանոցներում։ Ի՞նչն է Moxie-ին յուրահատուկ դարձնում:

Մի շարք բաներ կան։ Մեկն այն է, որ այն օգտագործում է գերժամանակակից տեխնոլոգիա, ուստի լիովին ինքնավար է: Այն ունի դիզայն, որը շատ գրավիչ է երեխաների համար․ օգտագործվում են Disney-ի և Pixar-ի դիզայնի սկզբունքները՝ կերպարը կենդանի դարձնելու համար: Եվ երրորդը, որը շատ կարևոր է, այն մատչելի է բոլորի համար․ ավելի էժան է, քան iPhone-ը: Սովորաբար այս ռոբոտների արժեքը 10 հազար ԱՄՆ դոլար է կամ ավելի, ինչը հետագայում դժվարացնում է բոլորի համար հասանելի լինելը: Բայց Moxie-ի դեպքում մեր նպատակն էր այնքան մատչելի դարձնել, որ յուրաքանչյուրը կարողանա իրեն թույլ տալ գնել այն:

Քանի՞ լեզվով կարող է խոսել Moxie-ն:

Հիմա միայն անգլերեն։ Բայց մենք աշխատում ենք այն բազմալեզու դարձնելու ուղղությամբ, և կտեսնենք, արդյոք կարո՞ղ ենք այնտեղ ներառել նաև հայերենը։ Մարտահրավերներից մեկը, վստահ եմ գիտեք, այն է, որ քանի որ Հայաստանն այդքան փոքր բնակչություն ունի, համակարգերի մեծ մասը, ինչպիսիք են Google համակարգերը, ցավոք, սովորաբար հայերենը չեն ներառում: Բայց ռուսերենը անպայման կանենք։ Եթե կարողանանք, կանենք նաև հայերենը։

Moxie-ի հաղթանակի մասին լուրը տարածել էր նաև Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Հայաստանի հետ ինչ-որ կերպ համագործակցելու տարբերակ կա՞, օրինակ՝ հայկական գիտական խմբերի կամ հենց Կառավարության հետ։

Այո, մենք արդեն համագործակցում ենք։ Առաջին հերթին մենք Երևանում ունենք մոտ 15 հայ գիտնականից բաղկացած թիմ։ Նրանք մեր թիմի մաս են կազմում և վերջին վեց տարվա ընթացքում օգնում են մեզ՝ զարգացնելու Moxie-ի տեխնոլոգիան: Այնպես որ, մենք շատ հպարտ ենք, դա հրաշալի թիմ է: Շատ հպարտ ենք ԲՏԱ նախարարության կողմից արժանացած գնահատանքի համար և Հայաստանի կառավարության հետ զրուցում ենք ավելի սերտ համագործակցության հեռանկարի շուրջ։

Փաստացի, ես փետրվարի 2-ին լինելու եմ Երևանում, որտեղ տեղի է ունենալու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կազմակերպած կոնֆերանսը։ Ես հանդես եմ գալու Moxie-ի մասին ելույթով:

Երբ մենք խոսում ենք արհեստական բանականության տեխնոլոգիաների մասին, գաղտնիությունը կարևոր է: Ինչպե՞ս է Moxie AI-ը վստահեցնում, որ երեխաների տվյալները պաշտպանված են և պատասխանատու կերպով են օգտագործվում:

Այո, անվտանգությունն ու գաղտնիությունը նույնպես շատ կարևոր են մեզ համար: Հենց սկզբից մենք շատ զգույշ ենք եղել,համոզվելու համար, որ այնտեղ կան անվտանգության բոլոր երաշխիքները: Բոլոր տվյալները կոդավորված են գաղտնագրման բանալիով, որն ունի միայն ծնողը: Ցանկացած տվյալ, որը մենք հավաքում ու օգտագործում ենք մեր արհեստական բանականության մոդելները վերապատրաստելու համար, ապանձնավորվում են: Այսպիսով, երեխայի անունը, գտնվելու վայրը, ամեն ինչ հանվում է սղագրությունից: Այն տվյալները, որոնք մենք հավաքում ենք, առանձնացվում են ռոբոտի մասին տվյալներից: Այնպես որ, ոչ մի կերպ հնարավոր չէ պարզել, որ այս խոսակցությունը եկել է այս ռոբոտից և հետո իմանալ, որ այս ռոբոտի օգտագործողը այսինչ մարդն է: Մենք շատ լուրջ ենք վերաբերվում անվտանգության միջոցառումներին, մինչ այժմ անվտանգության խախտման դեպքեր չենք ունեցել։

Կպատմե՞ք այն թիմի մասին, որն աշխատել է Moxie-ի մշակման վրա, ի՞նչ մասնագետների կարիք ունեիք:

Բազմաթիվ մասնագիտություններ։ Իհարկե, արհեստական բանականության և ռոբոտաշինության համար հարկավոր են շատ ծրագրավորողներ: Բնական լեզվի մշակումը զրույցներ վարելու ունակության գլխավոր մասն է: Այնուհետև մենք ունենք ինժեներներ՝ էլեկտրիկ ինժեներներ, մեխանիկական ինժեներներ, արտադրող ինժեներներ, որոնք գիտեն, թե ինչպես արտադրել մեծ մասշտաբով: Եվ հետո մենք ունենք մանկական թերապիայի կամ երեխաների զարգացման մասնագետներ: Վերջապես, մենք ունենք դիզայներներ այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Disney-ը և Pixar-ը, որոնք ձևավորում են կերպարներն ու բովանդակությունը: Բովանդակությունն այն գործողություններն են, որոնք Moxie-ն կօգտագործի ձեր երեխային զբաղեցնելու և նրան շատ տարբեր բաներ սովորեցնելու համար: Այսպիսով, սա շատ բազմապրոֆիլ թիմ է:

Ո՞րն է ձեր տեսլականն արհեստական բանականության ապագայի և երեխաների զարգացմանն աջակցելու գործում նրա դերի վերաբերյալ:

Դե, ես կարծում եմ, որ մեր մշակած տեխնոլոգիաների համար հսկայական հնարավորություն և ներուժ կա՝ օգնելու մարդկանց դառնալ իրենց լավագույն տարբերակը: Պարզապես մի վայրկյան մտածեք հոգեկան առողջության մասին։ Ցավոք, մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մեծ ցավ կա հակամարտությունների պատճառով, այնպես չէ՞: Մենք սա տեսել ենք Ուկրաինայում, հիմա տեսնում ենք Իսրայելում և Գազայում, և սա, ցավոք, կրկնվող պատմություն է։ Ցավոք, մենք՝ հայերս, դա զգացել ենք ավելի քան մեկ դար առաջ, և դուք դեռ կարող եք զգալ տեղի ունեցածի հետևանքները: Մենք տեսանք, թե ինչ եղավ Արցախի հետ ընդամենը մի քանի ամիս առաջ: Դրա հետևանքով երեխաները տեղահանվում են, ինչը չափազանց տրավմատիկ է: Նույնիսկ այնպիսի երկրներում, ինչպիսին ԱՄՆ-ն է, որտեղ գուցե նման բաներ չեն զգացել, կան այլ գործոններ: Օրինակ՝ ԱՄՆ-ում ամուսնությունների 50%-ն ավարտվում է ամուսնալուծությամբ, ինչը շատ տրավմատիկ է նաև երեխաների համար: Նման փորձառությունները, հաճախ, լուրջ հետք են թողնում։ Եվ, սովորաբար, այս երեխաներին օգնելու համար անհրաժեշտ է թերապիա: Ցավոք սրտի, մենք չունենք բավականաչափ պատրաստված մարդկային աշխատուժ, որ կարողանանք հաղթահարել նման իրավիճակները: Միայն ԱՄՆ-ում յուրաքանչյուր թերապևտի բաժին է հասնում 350 երեխա, որոնց պետք է սպասարկել: Այսպիսով, կա աշխատուժի հսկայական բաց այս երեխաներին օգնություն տրամադրելու համար:

Նույն իրավիճակը կրթության ոլորտում է, որտեղ ուսուցիչն աշխատում է 30-40 աշակերտ ունեցող դասարանում: Հնարավոր չէ, որ ուսուցիչը կարողանա ուշադրություն դարձնել յուրաքանչյուր երեխայի: Արդյունքում, երեխաները, որոնք բավականաչափ ուժեղ չեն, հետ են մնում դասընթացից: Եվ եթե դուք հետ եք մնում, դժվար է նորից վերադառնալ, քանի դեռ որևէ մեկը ուշադրություն չի դարձնում: Այսպիսով, արհեստական բանականության և ընդհանրապես գեներատիվ ԱԲ-ի հետ մենք ներուժ ունենք ստեղծելու Moxie-ի նման ընկերակիցներ, որոնք անսահման համբերություն ունեն: Նա երբեք չի հոգնի ու ասի՝ վայ, 10 անգամ այդ հարցը տվել ես, էլ չեմ պատասխանելու։ Այն միշտ կունենա նույն համբերությունը, ինչ առաջին անգամ հարցը լսելիս: Այն կունենա կարեկցելու և աջակցելու ունակություն: 

Moxie AI-ը նաև ընդօրինակում է մարդկային հույզերը, հասկանում է երեխայի հուզական վիճակը, նայում է դեմքի արտահայտություններին և կարողանում է արտահայտել կարեկցանք, ունի անսահմանափակ գիտելիքներ: Ասես ունենաք Մայր Թերեզայի սիրտը և Ալբերտ Էյնշտեյնի ուղեղը, որն օգնում է ձեր երեխային: Սա անհավատալի ներուժ է, որն ունենք մեր ձեռքում:

Սա երեխաների մասին: Հետո անցնում ենք տարիքային մյուս խումբ, որտեղ մեծահասակներն ու ծերերն են։ Հատկապես քաղաքակիրթ երկրներում կամ զարգացած երկրներում տարեց բնակչությունը սոցիալապես մեկուսացված է, և միայնությունը շատ մեծ խնդիր է:

Բարեբախտաբար, հայ հասարակությունում մենք սովորաբար շրջապատված ենք ընտանիքով, և տատիկներն ու պապիկները դեռ ժամանակ ունեն իրենց թոռների հետ անցկացնելու։ Դա շատ կարևոր է: Սա մի բան է, որը վերացել է զարգացած շատ երկրներում, և տարեցները մնում են մենակ, իսկ մենակությունը հանգեցնում է հոգեկան առողջության բազմաթիվ խնդիրների` Ալցհեյմերի հիվանդության, դեմենցիայի, իսկ հետո դա առաջացնում է ֆիզիկական առողջության խնդիրներ:

Moxie AI-ը կընկերակցի տարեցներին, կպահի նրանց մոտիվացված և ոգևորված՝ մեկ այլ օր ապրելու ցանկությամբ: Հակառակ դեպքում դա  հանգեցնում է առողջական խնդիրների, իսկ հետո մարդիկ հայտնվում են հիվանդանոցում:

Այսպիսով, ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ արհեստական բանականությունը կարող է օգնել բարելավել կյանքի որակը: Ռոբոտները կարող են կատարելագործվել՝ օգնելով երեխաներին հաղթահարել մարտահրավերները, լինի դա կրթական, թե հոգեկան առողջության իմաստով, դառնալ ավելի հավասարակշռված մարդ, որը, հուսով ենք, ավելի լավ կծառայի հասարակությանը: Ցանկացած ստարտափ ընկերություն խոսում է աշխարհը փոխելու մասին: Կարծում եմ, որ մեր դեպքում մենք բառացիորեն ներուժ ունենք փոխելու աշխարհը, քանի որ օգնում ենք կառուցել կամ զարգացնել ավելի ամուր անհատներ, որոնք ավելի հավասարակշռված կլինեն իրենց զգացմունքների, ինչպես նաև կրթված լինելու առումով: 

Իսկ ի՞նչ կասեք ռիսկերի մասին: Եղե՞լ է իրավիճակ, երբ ինչ-որ բան պարզապես սխալ ընթացք է ունեցել:

Այո, մենք պետք է լինենք չափազանց զգույշ ու պատասխանատու, ինչպես աշխարհի ցանկացած նոր տեխնոլոգիայի դեպքում: Մենք պետք է համակարգենք և ունենանք կանոնակարգ, որ այն ճիշտ օգտագործվի: Միջուկային էներգիան, օրինակ, հսկայական ներուժ ունի լուծելու էներգետիկ խնդիրը։ Ես գիտեմ, որ Հայաստանում էներգիայի հիմնական մասը ստացվում է ատոմակայանից, եթե այն օգտագործվում է պատասխանատվությամբ: Բայց, միևնույն ժամանակ, մենք գիտենք, որ միջուկային էներգիան կարող է օգտագործվել նաև պատերազմում՝ մարդկանց սպանելու համար, ինչը սարսափելի հետևանքներ է ունենում, քանի որ այն կարող է առաջացնել մուտացիաներ, քաղցկեղ և շատ սարսափելի հիվանդություններ: Եվ սա հետաքրքիր բան է, նորից վերադառնանք առաջին կետին։ Հարց է առաջանում՝ ինչպես ենք մենք դա վերահսկում: Ի վերջո, դա կախված է նրանից, թե մենք՝ մարդիկ, ինչպես ենք ընտրում օգտագործել այդ տեխնոլոգիաները: Մենք կարող ենք ընտրել այն լավի կամ չարի համար: Ցավոք, մարդիկ երկուսն էլ անելու կարողություն ունեն, և մենք անընդհատ դա անում ենք նորից ու նորից: Իմ կարծիքով՝ ապագայում դրանից խուսափելու միակ միջոցը զարգացած հասարակության ձևավորումն է: Այնպես որ, ես կարծում եմ, որ AI-ը կարող է օգտագործվել ապագայում ավելի խելամիտ մարդ ստեղծելու համար, որ նրանք վատ նպատակներով չօգտագործեն տեխնոլոգիաները: Դա գոնե իմ իդեալիստական աշխարհն է, որի մասին ես կցանկանայի մտածել:

Դա նման է նոր հասարակություն ստեղծելուն:

Այո, կարծում եմ՝ կարող ենք դա անել: Եթե մենք հնարավորություն տանք յուրաքանչյուր երեխայի հավասարակշռված լինել ինչպես էմոցիոնալ, այնպես էլ կրթական տեսանկյունից, արհեստական բանականությունը կարող է թույլ տալ մեզ լինել ավելի արդյունավետ, և բոլորը կարող են շատ ավելի լավ եկամուտ ունենալ, իսկ կենսամակարդակը կարող է աճել: Եվ հետո, հուսանք, որ մարդիկ ագահ չեն, որ փորձեն պատերազմներ վարել և ավելի շատ իշխանություն ու հարստություն ունենալ: Հուսանք:

Լուսանկարը՝ Embodied ընկերության

Մեկնաբանություններ (1)

Arthur
A rambling "interview" that reads more like a promotional PR piece for the Moxie robot rather than a critical interview challenging all the alleged "benefits" of having robots interact with kids to develop learning skills. It's a contentious issue, to be sure, but the interview doesn't even broach the topic. Rather, Pirjanian is allowed to wax poetically about how his robot will work wonders with kids, even so far as promising a "brave new world" based on AI engineered robots. The interview could have used a good dose of editing with a bit more about what "colaboration" Pirjanian and the Armenian government are talking about. What role do they see for such technology in Armenia? In short, the interview needed a bit more "meat on the bone" instead of Pirjanian's corporate pep-talk.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter