HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՀՄՖ. Վահե Ավետյանի մահը վերջին կաթիլն է հանցագործների նկատմամբ իրավական պատիժ պահանջելու գործում

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահությունը մտահոգված է ողջ Հայ ժողովրդին ցնցած ողբերգական դեպքով' զին.բժիշկ Վահե Ավետյանի մահով: Այս դեպքը կարծես թե վերջին կաթիլն է անպատժելիության բարդույթով տառապող քրեաօլիգարխիկ համակարգի դեմ համաժողովրդական ցասման բորբոքման և իրավական պատիժ հանցագործների նկատմամբ պահանջելու գործում:

Բոլորն էլ հասկանում են, որ այս դեպքին նախորդել են բազմաթիվ սպանություններ և ծեծ ու ջարդեր, որոնք հասարակական հնչեղություն չեն ստացել՝ միայն այն պատճառով, որ իշխանություններին հաջողվել է տարբեր մեթոդներով և ոչ իրավական ճանապարհներով կոծկել, թաքցնել դրանք' խաբելով սեփական ժողովրդին:

Այսօր այլևս անհնարին է այդպես շարունակել, և աշխարհասփյուռ Հայ ժողովրդին ցասում է պատել, քանի որ վերջապես բոլորը հասկացել են, որ այսպես շարունակել չի կարելի: Այդ ցասումը սաստկանում է, երբ կառավարության պատասխանատուներից ոմանք փորձում են վարկաբեկել ժողովրդի ցավով տառապող հայրենասերներին՝ նրանց վրդովմունքը պիտակավորելով և մեղադրելով իրավիճակը քաղաքականացնելու մեջ:

Այդ պարոնները հար և նման են իրենց թուրք գործընկերներին, որոնք Հրանդ Դինքի սպանությունից հետո սկզբում ճիշտ նույն ճանապարհն էին որդեգրել: Այ, այս նախարարների ու գործիչների պատասխանն է տալիս այսօր ժողավուրդը' սպառելով համբերության պաշարն ու անցնելով ցասման ռուբիկոնը:

Արտերկրի հայությունն ունի մի երազանք' տեսնել Հայաստանն ազատված այս քրեաօլիգարխիկ համակարգից, տեսնել Հայաստանում գործող օրենքներ և տեսնել մեր Երկրում ձևավորված այնպիսի համակարգ, որ հավասար հնարավորություններ է տալիս ողջ տասը միլիոնանոց հայությանը' մասնակցելու տնտեսության զագացման գործին:

Արտերկրի Հայ ժողավուրդը երազում է կատարել ներդրումներ իր ունեցած հսկայական ներուժի սահմաններում, զարգացնել Հայրենիքում այն արդյունավետ աշխատանքները, որոնցով նա շենացրել է օտար երկրի տնտեսությունը, օգնել երկրի արդյունաբերության վերականգմանը, տնտեսության զարգացմանը և ժողովրդի բարեկեցության բարձրացմանը:

Ավաղ, քրեաօլիգարխիկ այս համակարգում նույնիսկ տարիներ առաջ Հայաստան վերադարձած գործարաները սրտի կսկիծով թողնում են իրենց ինչ-որ մակարդակի հասցրած աշխատանքներն ու աղմուկով կամ անաղմուկ հեռանում Հայաստանից:

Մենք գիտենք հայրենասեր սփյուռքահայերի, որոնք ատամները սեղմած թողել են իրենց ունեցած վերջին գումարները Հայաստանում և անձայն հեռացել՝ իրենց մեջ ողբալով կորցրածը, որպեսզի չսառեցնեն հայրենասիրությամբ տոգորված և Հայրենիքում ներդրումներ կատարելու այլ գործարարների ցանկությունը: Բայց ավաղ, այսօր բոլոր փակագծերն արդեն բացվել են, և համատարած հիասթափությունն ծածկելն անհնարին է:

Այսօր կամ ՀՀ նախագահը իր սեփական ձեռքերով կկոտրի քրեաօլիգարխիկ այս համակարգը, որի վրա հիմնված է մեր Երկրի գահավիժող տնտեսությունը, և կստեղծի համազգային ոգևորություն ողջ Հայ ժողովրդի մոտ, և համապատասխանորեն կծավալվեն ներդրումային հսկայական ծրագրեր, որոնք կկասեցնեն տնտեսության ոչնչացումը, ու սկիզբ կդրվի առաջընթացին, և կամ այդ նույն բանը կանեն ժողովրդական ցասման վրա վեր խոյացող ուժերը, և սա կուղեկցվի անհարկի ցնցումներով և լի վտանգներով:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
09.07.2012թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter