HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ավիապատահարները Հայաստանում. նույն երթուղու վրա 2 տարում 3 հոգի զոհվեց

1934 թ. սեպտեմբերի 27-ի Երեւան-Վարդենիս չվերթի ողբերգությունից (զոհվեցին «Ու-2ՍՊ» ինքնաթիռի օդաչուն եւ միակ ուղեւորը) շատ չանցած՝ 1936-ի դեկտեմբերի 26-ին, մեկ ուրիշ ավիաաղետ արձանագրվեց. այս անգամ՝ Վարդենիս-Երեւան թռիչքի ժամանակ:

Քաղաքացիական օդանավատորմի անդրկովկասյան վարչության (սրա կազմում էր ընդգրկված հայկական քաղավիացիան) ինքնաթիռներից մեկը՝ խորհրդային СССР-М50 գրանցումով «Պ-5» օդանավը, կեսօրից հետո Երեւանից թռավ Վարդենիս:

Երեւանից թռիչքը 14:15-ին էր, օդանավը Վարդենիս հասավ 35 րոպե անց՝ 14:50-ին: Մեկ ժամից՝ 15:50-ին, օդանավը մեկնարկեց հետադարձ՝ Վարդենիս-Երեւան չվերթը: «Պ-5»-ը բարձված էր 240 կգ ծխախոտով, բայց ո՛չ ինքնաթիռը Երեւան հասավ, ո՛չ բեռը:

Լեռնային տեղանքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվեցին մինչեւ 1937 թ. հունվարի 15-ը, սակայն դրանք արդյունք չտվեցին: Դեպքից ուղիղ 8 ամիս անց՝ 1937-ի օգոստոսի 26-ին, Գեղամա լեռնաշղթայի Գեղասար լեռան (Փոքր Սպիտակասար) հարավային լանջին՝ մոտ 3000 մ բարձրության վրա՝ կիրճի մեջ, հայտնաբերվեցին աղետի ենթարկված օդանավի մնացորդները: Օդաչուն գանգի կոտրվածք էր ստացել եւ զոհվել:

Ըստ հետաքննության՝ սա օդաչուի երրորդ ինքնուրույն չվերթն էր Երեւան-Վարդենիս-Երեւան ուղեգծով: Պարզվել էր, որ նա դեկտեմբերի 26-ին թե՛ դեպի Վարդենիս, թե՛ դեպի Երեւան թռիչքը կատարել է՝ շեղվելով սահմանված երթուղուց: Այսպես՝ «Պ-5»-ը Վարդենիս մեկնելիս կրճատել էր ճանապարհը եւ Նովոնիկոլաեւկա գյուղի (ներկայում Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղն է) հատվածից ուղղություն վերցրել դեպի Մարտունի՝ անցնելով Գեղամա լեռնաշղթայի վրայով, ապա հասել Վարդենիս:

Նշվում է, որ Երեւանից թռիչք կատարելիս ո՛չ ավիաջոկատի հրամանատարը, ո՛չ օդանավակայանի հերթապահը չեն հրահանգել, որ ոչ փորձառու օդաչուն գիշերի Վարդենիսում եւ միայն հաջորդ օրը՝ լուսավորի ժամի, հետադարձ թռիչք իրականացնի: Մյուս կողմից՝ օդաչուին չի դիմավորել Վարդենիսի օդանավակայանի պետը, քանի որ նա համատեղությամբ ռադիստ է եղել, եւ թռիչքների ղեկավարում ոչ ոք չի իրականացրել: Օդաչուն Վարդենիսից Երեւան է թռել՝ ձեռքի տակ ունենալով միայն Երեւանից ստացված եղանակային տվյալները: Արձանագրվել է, որ Նովոնիկոլաեւկա եւ Ելենովկա (ներկայիս Սեւան քաղաքն է) գյուղերի հատվածում առատ ձյուն է տեղում:

Հետաքննությունը պարզել է, որ Վարդենիս-Երեւան թռիչքն իրականացնող «Պ-5» օդանավը տեղի հովիվների կողմից նկատվել է Գեղամա լեռնաշղթայի Եռաթմբեր լեռնազանգվածի հատվածում (ներառում է երեք սար, որոնցից ամենաբարձրը Ակնասարն է): Ըստ հովիվների՝ այդ ժամանակ ինքնաթիռը Սեւանա լճի ուղղությամբ բարձրություն հավաքելիս է եղել: Այս առումով եզրակացությունն այն է, որ օդաչուն փորձել է թռչել ամպերի վրայով:

Ավիապատահարի հետաքննության եզրակացության մեջ նշվել է, որ խախտվել են երթուղով թռիչք իրականացնելու կանոնները. օդաչուն ժամանակը կրճատելու համար շեղվել է երթուղուց եւ թռիչքն իրականացրել Գեղամա լեռնաշղթայի վրայով: Բացի դրանից՝ այն Երեւանից Վարդենիս է մեկնել այնպիսի ժամի, երբ հետադարձի համար լուսավոր բավարար ժամանակ չի եղել: Վարդենիսի օդանավակայանի պետը չի տիրապետել թռիչքային եւ աերոդրոմային ծառայությունների ձեռնարկների պահանջներին: Աղետի անմիջական պատճառ են դարձել օդաչուի կողմից տարածական կողմնորոշման կորուստն ամպերում եւ օդանավը վարընթաց վիճակի բերելը, որից այն հանել չի հաջողվել:

Լուսանկարում՝ Գեղասար լեռը, հեղինակ՝ Վահե Մարտիրոսյան, wikimedia.org

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter