
Թմրամիջոցների ազդեցությունը երիտասարդության վրա
Վճարովի բովանդակություն
Արդի աշխարհում թմրամիջոցների ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա շարունակում է մնալ հրատապ խնդիր։ Թմրանյութերի չարաշահումը և դրանցից կախվածությունը ամբողջովին փոխում են երիտասարդների կյանքը։ Համաձայն ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի տվյալների աշխարհի որոշ հատվածներում երիտասարդները (35 և ավելի երիտասարդ) կազմում են գրեթե 70 տոկոսը ընդհանուր թմրանյութ օգտագործողների։ Թմրամիջոցների մեջ էլ բացարձակ “առաջատար” են հանդիսանում կանաբիս պարունակող թմրանյութերը։ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության գրասենյակը փաստում է, որ ամբողջ աշխարհի 15-16 տարեկան դեռահասների 14 տոկոսը իր կյանքում օգտագործել է կանաբիս պարունակող թմրանյութեր։
Շատ երիտասարդներ սկզբնական շրջանում կարող են թմրանյութեր փորձել հետաքրքրասիրությունից կամ նոր փորձառություններ ունենալու ցանկությունից ելնելով: Երիտասարդներին հաճախ հետաքրքիր է լինում իմանալ և հասկանալ թմրամիջոցների ազդեցությունը։
Հասակակիցների ճնշումը և սոցիալական շրջանակներում ընդգրկվելու ցանկությունը նույնպես կարող է էական ազդեցություն ունենալ երիտասարդների շրջանում թմրանյութերի տարածման վրա: Որոշակի սոցիալական խմբերի ազդեցությունը կարող է “նորմալիզացնել” թմրանյութերի օգտագործումը երիտասարդների կողմից:
Թմրամիջոցներ օգտագործող ընտանիքի անդամների հետ շփումը, այդպիսի նյութերի հեշտ հասանելիություն ունեցող միջավայրում ապրելը կամ սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելը կարող են մեծացնել երիտասարդների շրջանում թմրանյութերի օգտագործման հավանականությունը:
Մեկ ուրիշ, շատ հաճախ ոչ միանշանակ ընդունված, պատճառ է համարվում թմրամիջոցների օգտագործման նկատմամբ էսթետիկ վերաբերմունքը, մինչդեռ այդպիսի նյութերի օգտագործման պատկերումը լրատվամիջոցներում կամ մշակութային գործերում կարող են ձևավորել հատուկ ընկալումներ և ազդել երիտասարդների վարքի վրա:
Հիմնական պատճառներից հերթականը, որ ստիպում է երիտասարդներին փորձարկել թմրանյութ, դա սեփական գիտակցության վիճակը փոխելն է։ Մի շարք թմրանյութեր, ինչպիսիք են մարիխուանան, կոկաինը կամ մետամֆետամինը ներգործում են ուղեղի վրա ՝ ազդելով ճանաչողական գործառույթների և հույզերի վրա։ Դեռահասների ուղեղը, գտնվելով զարգացման կարևորագույն փուլում, կարող է լուրջ վնաս կրել այսպիսի ազդեցություններից։ Կարող են գրանցվել խնդիրներ կապված հիշողության, որոշումների կայացման և հոգեական առողջության հետ։
Բացի արատավոր ազդեցությունից երիտասարդների հոգեկան առողջության վրա, թմրանյութերը հանգեցնում են մի շարք խնդիրների և հիվանդությունների կապված արդեն ֆիզիկական առողջության հետ։ Բարդույթները կարող են կապված լինել մի շարք շնչառական խնդիրների, սրտանոթային և այլ հիվանդությունների հետ։
Մի շարք առողջական խնդիրներից են․
- Սրտանոթային խնդիրներ. Որոշ թմրամիոցներ, ինչպիսիք են կոկաինը կամ մետամֆետամինը, կարող են առաջացնել սրտի անկանոն բաբախում, արյան ճնշման բարձրացում և նույնիսկ սրտի կաթվածներ;
- Շնչառական օրգանների հետ կապված խնդիրներ. Թմրամիջոցներ ծխելը, ինչպիսիք են մարիխուանան կամ կոկաինը, կարող են վնասել թոքերը և հանգեցնել քրոնիկ հազի, շնչառական վարակների կամ ավելի ծանր հիվանդույթւնների, ինչպիսիք են թոքերի քաղցկեղը;
- Որոշակի թմրամիջոցների օգտագործումը կարող է հանգեցնել լյարդի վնասման կամ նույնիսկ լյարդի անբավարարության;
- Թմրամիջոցների չարաշահումը կարող է թուլացնել իմունային համակարգը ՝ մարդկանց ավելի ենթակա դարձնելով վարակների և հիվանդությունների:
Ինչպես արդեն նշել ենք քիչ չէ նաև թմրամիջոցների կողմից հասցված վնասը երիտասարդների հոգեկան առողջությանը․
- Թմրամիջոցների երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել կախվածության՝ առաջացնելով դրանց նկատմամբ ուժեղ ցանկություն և թմրանյութերի օգտագործման նկատմամբ վերահսկողության կորուստ;
- Որոշ թմրանյութեր կարող են խորացնել կամ հրահրել հոգեկան խանգարումներ, ինչպիսիք են տագնապային խանգարումները կամ դեպրեսիան;
- Հալյուցինոգեն նյութերը կամ մետամֆետամինը, կարող են առաջացնել հալյուցինացիաներ, պարանոյա և փսիխոզ, ինչը հանգեցնում է իրականությունից կտրվելու;
- Թմրամիջոցների երկարատև չարաշահումը կարող է խաթարել ճանաչողական գործառույթը՝ ազդելով հիշողության, ուշադրության և որոշումներ կայացնելու ունակության վրա:
Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ երիտասարդների կողմից թմրամիջոցների օգտագործումը բացասաբար է ազդում նաև նրանց ակադեմիական առաջընթացի վրա։ Թմրամիջոցների օգտագործումը հանգեցնում է ուսանողների մոտիվացիայի նվազման, բացակայությունների և վատ կրթական արդյունքների։ Այս արատավոր երևույթը նաև բացասական ազդեցություն է ունենում երիտասարդների փոխհարաբերությունների վրա իրենց հասակակիցների, ընտանիքի անդամների և շրջապատի այլ մարդկան հետ։
Թմրանյութերի օգտագործումը բարձրացնում է նաև անհատի կողմից հանցանք կատարելու հավանականությունը։ Թմրամիջոցների օգտագործման ինքին անօրինական բնույթից բացի, որոշ հանցագործություններ դառնում են թմրամիջոցների ազդեցության ուղղակի արդյունք: Թմրանյութերի ազդեցության տակ մարդիկ կարող են դրսևորել փոփոխված վարք, դատողության խանգարում և ագրեսիայի ավելացում, ինչը կարող է հանգեցնել այնպիսի գործողությունների, որոնք նրանք չէին կարող անել սթափ վիճակում: Հաճախ թմրանյութերի օգտագործումը նաև հանգեցնում է ներգրավման թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբերում։
Երիտասարդների շրջանում թմրամոլության կանխարգելումը պետք է ունենա բազմակողմանի մոտեցում, որը պետք է ներառի համապատասխան կրթությունը, աջակցության ծրագրերը և այլ տարբեր միջամտությունները:
Կրթության գործառույթների մեջ կարևորագույնը դպրոցներում այնպիսի ծրագրեր իրականցնելն է, որոնք կբացատրեն երիտասարդներին թմրամիջոցներ օգտագործելու ծանր հետևանքները։ Այսպիսի ծրագրերը պետք է ուղղված լինեն երիտասարդ սերնդի որոշումների կայացման հմտությունների զարգացմանը ու սովորեցնեն նրանց մերժել արատավոր երևույթները։ Նմանատիպ արշավներ պետք է անցակցվեն նաև ծնողների և ուսուցիչների համար, որի արդյունքում հնարավոր կլինի ստեղծել ավելի բարենպաստ միջավայր երիտասարդների համար։
Մեկ այլ կարևոր քայլ է բաց հաղորդակցության խրախուսումը ընտանիքների ներսում: Ամուր ընտանեկան կապերը կարևոր դեր են խաղում երիտասարդների շրջանում նյութերի օգտագործումը զսպելու գործում:
Վաղ միջամտության ծրագրերի շնորհիվ ավելի հեշտ է բացահայտել ռիսկի տակ գտնվող երիտասարդներին և իրականացնել անհրաժեշտ միջամտություն: Որոշ երկրներ ակտիվ կիրառում են թեժ գծերի փորձը, երբ երիտասարդը անանուն զանգահարում է և օգնություն խնդրում։
Մեծ է նաև կառավարությունների էֆֆեկտիվ աշխատանքի դերը այս խնդրում։ Իշխանությունները պետք է փորձեն վերահսկել և չեզոքացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, հատկապես երիտասարդների շրջանակներում։
Երիտասարդների շրջանում թմրանյութերի տարածումը կանխելու համար կարևոր է նաև միջազգային փորձի ուսումնասիրությունը։
Շվեդիայում իրականացվում է թմրանյութերի նկատմամբ բացարձակ անհանդուրժողականության քաղաքականություն, հատկապես երիտասարդների շրջանում: Երկիրը հատուկ ուշադրություն է դարձնում կրթության միջոցով կանխարգելմանը՝ կենտրոնանալով թմրանյութերի օգտագործման ռիսկերի և հետևանքների վրա: Այն նաև խստորեն հետևում է կանոններին և խիստ պատիժներ է սահմանում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար:
Ավստրալիայում կիրառվում է համապարփակ մոտեցում, որը համատեղում է իրավապահ գործունեությունը կանխարգելման և վնասի նվազեցման հետ: Երկիրը հատուկ ուշադրություն է դարձնում դպրոցներում կանխարգելիչ ծրագրերին, ապահովում է բուժման և աջակցության հասանելիություն երիտասարդների համար։
Շվեյցարիայում կա վնասի նվազեցման մոտեցում, որը ներառում է վերահսկվող ներարկման վայրեր և հերոինի բուժման ծրագրեր: Այս նախաձեռնությունները նպատակ ունեն նվազագույնի հասցնել թմրամիջոցների օգտագործման հետ կապված առողջական ռիսկերը ՝ միաժամանակ ապահովելով աջակցություն և բուժման տարբերակներ նրանց համար, ովքեր պայքարում են կախվածության դեմ:
Նորվեգիան շեշտը դնում է կանխարգելման, բուժման և վնասի նվազեցման համադրության վրա: Երկիրը ներդրումներ է կատարում դպրոցներում կանխարգելիչ ծրագրեր իրականցնելու համար, հատուկ ուշադրություն է դարձնում ռիսկի ենթարկված երիտասարդների վաղ միջամտությանը և կախվածության դեմ պայքարող մարդկանց համար մատչելի բուժման և աջակցության ծառայություններ է մատուցում:
Թմրամիջոցների տարածումը երիտասարդների շրջանում բազմակողմանի խնդիր է, որի լուծումը անհնար է պատկերացննել առանց հավաքական գործողությունների: Այն պահանջում է ամբողջական մոտեցում, որը ներառում է կրթություն, աջակցություն և քաղաքական նախաձեռնություններ: Ստեղծելով այնպիսի միջավայր, որտեղ հոգեկան և ֆիզիկական բարեկեցությունը առաջնահերթություն է, հասարակությունը կարող է դաստիարակել դիմացկուն, եռանդուն երիտասարդների սերունդ, որոնք ունակ են հաղթահարել կյանքի դժվարությունները՝ չտրվելով թմրանյութերի օգտագործման վնասակար հետևանքներին:
Աշխարհի տարբեր երկրներ իրականացնում են տարբեր ռազմավարություններ՝ երիտասարդների շրջանում թմրանյութերի օգտագործումը վերահսկելու համար՝ օգտագործելով տարբեր մոտեցումներ՝ օրենքի խիստ պահպանումից մինչև վնասի նվազեցում, ապաքրեականացում և կրթություն: Տարբեր երկրների օրինակները ցույց են տալիս մոտեցումների բազմազանություն։
Երիտասարդների շրջանում թմրանյութերի օգտագործման բարդությունները հասկանալը պահանջում է շարունակական հետազոտություն, մոնիտորինգ և քաղաքականության հարմարեցում՝ զարգացող միտումներն ու մարտահրավերները լուծելու համար: Այն պահանջում է համատեղ ջանքեր կառավարությունների, համայնքների, առողջապահական հաստատությունների, կրթական հաստատությունների և օժանդակ կազմակերպությունների մասնակցությամբ՝ արդյունավետ ռազմավարություններ ստեղծելու համար, որոնք ուղղված են երիտասարդների բարեկեցությունը պաշտպանելուն և ընդհանուր առմամբ հասարակության վրա թմրանյութերի օգտագործման անբարենպաստ ազդեցությունը կանխելուն:
Նյութը տրամադրել է Media Systems գործակալությունը
Մեկնաբանել