Միջազգային մրցույթ՝ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թվային համակարգի ստեղծման համար
Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագիրը։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից։
Ինչպես նշել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ներկայում անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքը և գույքը կառավարվում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Արտաքին գործերի նախարարության կողմից։ «Քաղաքացիները 2023 թ.-ի փետրվարի 15-ից ստանում են հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրեր և առանց էլեկտրոնային կրիչների նույնականացման քարտեր, քանի որ առկա ենթակառուցվածքներն այլևս արդիական չեն և չեն ապահովում թվային միջավայրում նույնականացման ժամանակակից պահանջները»,-ասել է ՆԳ նախարարը։
Ըստ նախարարի՝ ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի թողարկման ու տրամադրման հետ կապված առկա են էական խնդիրներ՝ ծառայությունների մատուցման որակի հետ կապված: Մասնավորապես՝ եղած պահանջարկը պատշաճ բավարարելու հնարավորություն, հերթերի կառավարում. հերթերի պարագայում ամառվա սեզոնին կուտակումները չափազանց մեծ են լինում, էլեկտրոնային հերթագրման պարագայում՝ հերթը ձգվում է ավելի քան մեկ ամիս: Ըստ այդմ՝ հարցի հիմնարար և որակյալ լուծումը ոչ թե մարդկային ռեսուրսների պարզ ավելացումն է, այլ թվային լուծումների ներդրումը:
Առկա խնդիրներից են՝ սպասարկման ֆիզիկական պայմանները: Վահե Ղազարյանի խոսքով՝ չնայած Ներքին գործերի նախարարության կազմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստեղծմամբ ՀՀ քաղաքացիությանը և օտարերկրացիներին վերաբերող ծառայությունները փոխադրվում են քաղաքացիական հիմունքներով սպասարկման դաշտ, այսուհանդերձ ՀՀ տարածքում գործող անձնագրային ստորաբաժանումները չունեն բավարար նյութական, երբեմն նաև շենքային պայմաններ։ «Գործընթացների կազմակերպումը ժամանակավրեպ է և ոչ արդյունավետ. ոլորտը տարիներ շարունակ չի արդիականացվել, գործառույթներն իրականացվում են թղթային դիմումներով, ինչի հետևանքով տասնյակ տարիների ընթացքում կուտակվել են գործառնական նշանակության մեծամասշտաբ արխիվներ, ինչը նաև տվյալների անվտանգության տեսանկյունից չափազանց ռիսկային է: Ծառայությունների մատուցման ցածր որակը՝ քաղաքացիների շրջանում տարիներ շարունակ կուտակվում է բացասական փորձառություն անձնագրային ծառայություններ ստանալու առնչությամբ, ինչը առաջ է բերում հիմնավոր դժգոհություն».-ասել է նախարարը:
Վահե Ղազարյանն ընդգծել է, որ ծրագրի իրականացման արդյունքում պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով կներգրավվի մասնավոր գործընկեր, որը լավագույն փորձն ու գիտելիքները կներդնի Հայաստանում ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացում՝ թե՛ գործառնական, թե՛ շուկայավարման ու առաջխաղացման տեսանկյունից՝ նպատակ ունենալով հասցեագրել և լուծել վերջնական օգտագործողների առջև ծառացած խնդիրները:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ դրա ռազմավարական նպատակը «թվային քաղաքացու» կամ քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումն է, և այստեղ բիոմետրիկ անձնագիրն ունի շատ էական նշանակություն:
«Ի՞նչ է նշանակում «թվային քաղաքացի» կամ քաղաքացու թվային պրոֆիլ, նշանակում է հետևյալը, եթե հիմա մենք ուզում ենք անձին նույնականացնենք ընդունված համակարգերով, փաստաթղթերով, ձևով, ասում ենք՝ ներկայացրեք Ձեր անձնագիրը, մարդն անձնագիրը ներկայացնում է, նայում ենք դեմքին, իրեն և որոշում ենք՝ ինքն այն մա՞րդն է, որը նշված է անձնագրի մեջ, թե՞ ուրիշ մարդ է: Նաև կարող են կասկածներ լինել անձնագրի իսկական կամ ոչ իսկական լինելու վերաբերյալ: Հիմա մեր գլոբալ և ռազմավարական խնդիրը հետևյալն է, որ երբ մարդն ինտերնետային, թվային հարթակում ներկայանում է պետական մարմիններին կամ ընդհանրապես իրավահարաբերությունների մեջ մտնելիս ներկայանում է որպես այդպիսին, մենք հնարավորություն ունենանք այդ նույն գործողությամբ թվային տարբերակն անել նաև համացանցում: Այսինքն՝ թվային տարածքում, և սրա համար բիոմետրիկ անձնագիրը և նույնականացման քարտն ունեն առանցքային նշանակություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ հաջորդ քայլը լինելու է մոբայլ ID-ի ընդունումը և թողարկումը, ինչը նշանակում է, որ գործնականում մարդը նույնականացման քարտ ստանալուց հետո այդ նույնականացման քարտը սկզբունքորեն պետք է պահի տանը, որ չկորչի, իսկ մնացած բոլոր դեպքերում կօգտագործի թվային հավելվածի բջջային տարբերակը, երբ ֆիզիկական նույնականացման անհրաժեշտություն կլինի: «Եվ իհարկե, կենսաչափական անձնագիրն արդեն որպես ճամփորդական փաստաթուղթ պետք է օգտագործվի բոլոր այն դեպքերում, երբ նույնականացման քարտը, որպես ճամփորդական փաստաթուղթ օգտագործելու հնարավորություն չկա։ Ուզում եմ հիշեցնել, որ, օրինակ, Վրաստանի սահմանը հատելու պարագայում այսօր էլ բավարար է նույնականացման քարտը, վաղն էլ բավարար կլինի: Բայց ենթադրվում է, որ, համենայնդեպս, տեսանելի կարգավորումներով՝ օդանավով կամ այլ երկրներ ճամփորդելու համար, անհրաժեշտ կլինի բիոմետրիկ անձնագիրը»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ հարցը մի քանի տարի է՝ քննարկվում է, բայց խնդիրը գերբարդ է. «Թվում է, թե Հայաստանում ներդրված էր և՛ նույնականացման քարտերի, և՛ կենսաչափական անձնագրերի համակարգ, բայց, ըստ էության, գործող համակարգերը ժամանակակից պայմաններում այլևս ոչ միայն մրցունակ չեն, այլև գործունակ էլ չեն: Եվ ահա, մենք այս նոր շատ կարևոր բարեփոխման ֆունդամենտալ առաջին քայլն ենք անում»։
Նշվել է, որ ՀՀ կառավարությունը միջազգային մրցույթ կհայտարարի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թվային համակարգի ստեղծման համար։ «Կլինի որակավորման փուլի մրցույթ, որի արդյունքում կստեղծվի կարճ ցուցակ, որից հետո կհայտարարվի հիմնական առաջարկի փուլը։ Առաջարկի փուլում կարճ ցուցակի ընկերությունները կներկայացնեն մանրամասն իրենց ծրագրերն ու պատկերացումները, որը գնահատող հանձնաժողովը կգնահատի, և արդեն դրանից հետո պայմանագիր կկնքվի»,- ասել է«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը:
Լուսանկարը՝ primeminister.am-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել