Պարգեւներ` Հանրապետության տոնի առթիվ
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով, Հանրապետության տոնի կապակցությամբ` գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, տնտեսության, առողջապահության ոլորտի մի խումբ աշխատողներ պարգևատրվել են բարձրագույն պետական պարգևներով` շքանշաններով և մեդալներով, շնորհվել են նաև պատվավոր կոչումներ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նրանց հանձնել է պետական պարգևները, շնորհավորել պարգևատրման և Հանրապետության տոնի կապակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը պարգևատրման արարողության ժամանակ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ:
Առանձնահատուկ շնորհավորանքներ նրանց, ովքեր այսօր արժանանում են հայրենիքի բարձր պարգևներին և պատվավոր կոչումներին:
Սիրելի´ պարգևատրվածներ,
Մեծ է ձեր վաստակն ու ներդրումը մեր մշակույթի, կրթության, գիտության և ընդհանրապես մեր հասարակության համակողմանի զարգացման գործում: Առաջին հերթին հենց ձեզնով է ուղենշվում մեր հասարակության և մեր ժողովրդի արժանի ապագան: Ձեր և ձեզ նմանների շնորհիվ է, որ մենք մեզ համարում ենք ժամանակակից և առաջադեմ: Իհարկե, մեր կյանքում դեռ շատ բան կա, որ հեռու է արդի պահանջները բավարարելուց, և շատ բան կա, որ առաջադեմ չէ: Բայց ձեր օրինակներով է, որ ցանկանում և հավակնում ենք նոր ձեռքբերումներ ունենալ: Ձեր օրինակներն են, որ ոգևորում են մնացածներին և խթանում են երբեմն մի ամբողջ ոլորտի առաջընթաց:
Մեր մշակույթի, կրթության, առողջապահության, գիտության երևելիների օրինակները հստակ ցույց են տալիս, որ մեկ մարդը` իր գործի նվիրյալը, շատ բան կարող է անել: Այսօր այս սրահում ներկա են հենց նման մարդիկ:
Ուրախ եմ, որ նման հաճելի պարտականությունը` պարգևների հանձնումը, ինձ է վիճակված, մանավանդ, որ առիթը բոլորիս համար սրբազան տոնն է:
Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում ամենայն բարիք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել