HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հերթական ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրեց գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին:

Մելիքբեկյանից բացի, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։

Փակ քվեարկության 23 մասնակիցներից 20-ը քվեարկել էին Մելիքբեկյանի, իսկ 3-ը՝ Օզբիլիզի օգտին։ ՀՖՖ 25 անդամներից 2-ը՝  «Նոա» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները չէին ներկայացել ընտրությանը։

«Շարունակելու որոշումը միանգամից չի տրվել, արագ չի կայացվել: Իմ թիմը, ես մեր շահառուներից շատերի հետ ենք զրուցել, վերլուծել կատարված աշխատանքը, գնահատել ենք արածը և չարածը, ստացվածը և չստացվածը, որից հետո նաև գնահատել ենք, թե ինչ է հնարավոր անել ապագայում»,- ընտրություններից առաջ իր ելույթում նշեց Մելիքբեկյանը։

Արդյունքների ամփոփումից հետո Արմեն Մելիքբեկյանը անդրադարձավ 3 դեմ ձայներին՝ խոսելով երկու ակումբների հետ առկա կոնֆլիկտի մասին։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գալիք ամիսներին, տարիներին, օրերին մշտապես պատրաստ է լինելու համագործակցել բոլոր ակումբների հետ, պահպանել հավասարության սկզբունքները։ Ուղղակի մենք կցանկանայինք որոշակի քայլեր տեսնել նաև երկու ակումբների կողմից»,- նշեց ՀՖՖ նախագահը։

Մելիքբեկյանը նաև հույս հայտնեց, որ հնարավոր է լուծել բոլոր խնդիրները և շարունակել համագործակցությունը՝ հանուն հայկական ֆուտբոլի։

Մելիքբեկյանը կպաշտոնավարի մինչև 2026 թվականը: Նա ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի դեկտեմբերից՝ այս պաշտոնում փոխարինելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter