Բելգիական դատարանը մերժել է «Վեստ Արմենիա»-ի հետ ուղիղ կապ ունեցող Անդրանիկ Մարտիրոսյանի բողոքը
Անդրանիկ Մարտիրոսյանը Բելգիայում իրեն երեք տարով դատապարտող վճռի դեմ բողոք է ներկայացրել։ Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը պատկանում է Մարտիրոսյանի ընտանիքին՝ հիմնադիրը նրա հորեղբոր որդին է, իսկ տնօրենը՝ Մարտիրոսյանի հայրը։
Հիշեցնենք, որ պայմանավորված խաղերի հանցավոր խմբի վերաբերյալ Բելգիայում հարուցված քրեական վարույթի շրջանակներում ապացուցվել էր, որ Մարտիրոսյանը պայմանավորված խաղերի սինդիկատում ապօրինի գործունեությունից ընդհանուր առմամբ ստացել է 8,3 մլն եվրո և 642 հազար ԱՄՆ դոլար։
Այս տարվա հունիսին Մարտիրոսյանը մեղավոր էր ճանաչվել Բելգիայի մի շարք օրենսգրքերի հոդվածներով, որոնք հիմնականում վերաբերում են խարդախությանը, խաբեությանը, հանցավոր խմբում ապօրինի գործունեությանն ու փաստաթղթերի կեղծմանը։
Անդրանիկ Մարտիրոսյանի բացակայության պայմաններում էլ (in absentia) դատարանը նրան դատապարտել էր 3 տարվա ազատազրկման։ Վճիռը ներառում էր նաև Մարտիրոսյանից վերը նշված 8,3 մլն եվրոյի և 642 հազար դոլարի բռնագանձման որոշումը:
Այս վճռի դեմ Անդրանիկ Մարտիրոսյանի հայցը բելգիական դատարանը մերժել է։
Բելգիայի քրեական դատավարության օրենսգրքի 187-րդ հոդվածը նախատեսում է, որ դատական վճռի դեմ ներկայացրած առարկությունը կարող է մերժվել, եթե պարզվի, որ անձը ծանուցվել է քրեական վարույթի մասին, սակայն չի ներկայացել և բացակայելու համար չի ներկայացրել հիմնավոր՝ ֆորսմաժորային կամ այլ օրինական պատճառ։
Բելգիայի արևելյան Ֆլանդերսի դատարանը քննել է Մարտիրոսյանի բողոքը և պարզել, որ նա դատարանին չի ներկայացրել որևէ հիմնավոր պատճառ այն մասին, որ առկա է եղել ֆորսմաժորային իրավիճակ, չի ներկայացրել նաև որևէ իրավական հիմք չբացահայտելու համար։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատարանը մերժել է Մարտիրոսյանի հայցը։
Նշենք, որ «Հետքի»՝ Անդրանիկ Մարտիրոսյանի վերաբերյալ հետաքննությունից առաջ «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը հրաժարվել էր պատասխանել մեր հարցերին։ Ֆուտբոլային ակումբը որևէ հայտարարություն չի տարածել նաև հետաքննության հրապարակումից հետո։
Մեկնաբանել