Կառավարությունն ԱԺ-ին առաջարկելու է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ծրագրից
Կառավարությունն այսօր որոշել է ԱԺ-ին առաջարկել, որ «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանվի «Պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» օրենքից:
Խոսքն այն պետական ընկերության մասին է, որի հաշվեկշռում էր գտնվում Ստեփանավանի օդանավակայանը: Հիշեցնենք, սակայն, որ օդանավակայանի գույքն այս տարվա հուլիսի 13-ին գործադիրը որոշեց հանձնել ՊՆ-ին: Ըստ այդմ՝ Կառավարությունը պետք է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ից որպես նվիրատվություն ընդուներ վերջինիս գույքն ու իբրեւ պետական սեփականություն ամրացներ ՊՆ-ին: Այդ նպատակով պաշտպանության նախարարին հանձնարարվել էր ընկերության հետ կնքել նվիրատվության պայմանագիր: Իսկ գույքի ծավալը փոքր չէ՝ հողամաս, վազքուղի, էլեկտրական ենթակայան, կաթսայատուն, անավարտ շենք-շինություններ, երկաթբետոնյա կամուրջ, ճանապարհ եւ այլն: Փոխանցվող անշարժ գույքի ընդհանուր մակերեսը 61,7 հա է:
Հուլիսյան որոշման նախագիծը կազմել էր Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, որը նաեւ առաջարկում էր լուծարել վերոնշյալ ՓԲԸ-ն, սակայն ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչությունն առարկել էր՝ նշելով, որ «Պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» օրենքն արգելում է ՀՀ պետական եւ տարածքային կառավարման մարմիններն լուծարել կամ վերակազմակերպել ծրագրում ընդգրկված եւ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները՝ բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի: Ու չնայած ՏԿԵՆ-ը չէր ընդունել այս փաստարկը, Կառավարության հուլիսյան որոշման տեքստում ՓԲԸ-ն լուծարելու կետը բացակայել է:
Այսպիսով՝ ամռանը կայացված որոշման արդյունքում ստացվելու էր մի իրավիճակ, երբ «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն պիտի մնար մասնավորեցվող պետական գույքի ցանկում, սակայն նրա գույքն անցնելու էր ՊՆ-ին: Դրա համար էլ հուլիսյան նույն որոշման մեջ Կառավարությունը ՏԿԵ նախարարին հանձնարարել էր ներկայացնել առաջարկություն մասնավորեցման ցանկից «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանելու վերաբերյալ:
ՏԿԵՆ-ն, այսպիսով, ներկայացրել է այդ առաջարկությունը, որը չզեկուցվող կարգով այսօր ընդունել է Կառավարությունը: Այսինքն՝ առաջիկայում գործադիրը պետք է ԱԺ-ին առաջարկի փոփոխություն կատարել «Պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» օրենքում՝ դրանից հանելով վերոնշյալ ՓԲԸ-ի անունը:
Ենթադրելի էր, որ պետգույքի մասնավորեցման ծրագրից դուրս բերվելուց հետո ՓԲԸ-ն պետք է լուծարվի: Բայց երբ վերջերս ՏԿԵՆ-ին հարցրել էինք այս մասին, փոխնախարար Հովհաննես Հարությունյանը հայտնել էր, թե քննարկումներ են ընթանում ՊՆ գործընկերների հետ:
Այդ ֆոնին հետաքրքիր է, որ Կառավարության այսօրվա որոշման նախագիծը կազմած Պետգույքի կառավարման կոմիտեն հիմնավորման մեջ նշել է, թե առաջարկվում է ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ծրագրից եւ դրանում պահպանել պետական սեփականությունը՝ պետական նշանակության ծրագրերի իրականացման արդյունավետությունն ապահովելու նպատակով: Մեկ այլ տողում էլ նշվում է, թե նախագծի նպատակն է նպաստել ընկերության ֆինանսական առողջացմանը: Մանրամասներ այս առումով չկան:
Հիշեցնենք, որ 1980-ականների սկզբին շահագործման հանձնված Ստեփանավանի օդանավակայանը ՀՀ անկախությունից հետո մի շարք տեղական օդանավակայանների նման մտցվել էր ««Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական ՓԲԸ-ի հաշվեկշիռ, բայց 2001-ին Կառավարությունը որոշեց Ստեփանավանի կառույցն առանձնացնել եւ 36 մլն դրամ կանոնադրական կապիտալով ««Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ ստեղծել: Սրա բաժնետոմսերի տնօրինումը հանձնվեց ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությանը (ՔԱԳՎ, ներկայում՝ Քաղավիացիայի կոմիտե, ՔԱԿ): Այդուհանդերձ, 2006-ից օդանավակայանն այլեւս չշահագործվեց:
2008-ին ««Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ն ընդգրկվեց պետգույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրում, 2010-ին էլ Կառավարությունը որոշեց դրա բաժնետոմսերի տնօրինումը հանձնել Պետգույքի կառավարման վարչությանը (ներկայում՝ Պետգույքի կառավարման կոմիտե): 2012-ին վերջինս դիմեց ՔԱԳՎ-ին, ՊՆ-ին ու ԱԻՆ-ին՝ ՓԲԸ-ի կառավարումը նպատակային իրականացնելու առաջարկներ ստանալու համար: Այսինքն՝ օդանավակայանը վերագործարկելու հարց էր դրվել: ԱԻՆ-ն առաջարկեց իրեն փոխանցել ընկերությունը՝ հայտնելով, որ նախարարության աշխատանքներն արդյունավետ ու առավել օպերատիվ իրականացնելու համար խիստ անհրաժեշտ է ունենալ օդանավակայան: Առաջարկությունն ընդունվել էր:
Սրա արդյունքում 2013-ին Կառավարությունը ՓԲԸ-ի բաժնետոմսերը հանձնեց ԱԻՆ-ին, իսկ հաջորդ տարի այն հանվեց մասնավորեցման ծրագրից: 2014-ին ընկերությունը վերանվանվեց «ՀՀ ԱԻՆ «Արտակարգ իրավիճակների օդանավակայան»» ՓԲԸ: ԱԻՆ-ի ծրագիրը, սակայն, իրականություն չդարձավ, եւ 2017-ին ՓԲԸ-ն ընդգրկվեց պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրում: ԱԻՆ-ից «Հետքին» նախկինում հայտնել էին, որ որոշել են գույքը մասնավորեցնել՝ ներդրումների միջոցով օդանավակայանի հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու եւ հետագայում շահագործելու նպատակով: Այս ամենին էլ հաջորդեց Կառավարության այս տարվա հուլիսի որոշումը օդանավակայանի գույքը ՊՆ-ին հանձնելու մասին: Ենթադրելի է, որ ԱԺ-ն հավանություն կտա գործադիրի առաջարկին, ու շուտով ՓԲԸ-ն արդեն երկրորդ անգամ կհանվի մասնավորեցվող պետգույքի ցանկից: Իսկ թե ինչ կլինի ընկերության ապագան դրանից հետո, Կառավարությունը չի հստակեցնում:
ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգի տվյալներով՝ 2001-ին հիմնադրված «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն ներկայում գործող/ակտիվ ընկերություն է: Բայց հետաքրքիր է, որ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կայքում ՓԲԸ-ի կողմից արված դրոշմանիշային վճարումներ ընդհանրապես չեն երեւում (վճարումներն օգնում են հասկանալ, թե մոտավոր քանի հոգի է աշխատում տվյալ ընկերությունում): 2014-ի փետրվարից ՓԲԸ-ի տնօրենը Ստեփանավանի բնակիչ Արտակ Ալեքսանյանն է:
Լուսանկարը՝ «Air Fest IV Stepanavan» փառատոնից
Մեկնաբանել