Փոխվարչապետն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսիին:
Փոխվարչապետը շնորհավորեց նորանշանակ դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց պատասխանատու աշխատանքում: Նա նշեց, որ վերջին
տարիներին հայ-իրանական հարաբերությունները տարբեր ոլորտներում դինամիկ կերպով զարգանում են, եւ օրակարգում բավական հետաքրքիր ու հավակնոտ ծրագրեր կան, որոնց հաջող իրագործումը կարեւոր նշանակություն ունի երկու երկրների համար:
Անդրադառնալով միջմարզային համագործակցությանը` փոխվարչապետը նկատեց, որ Հայաստանի որոշ մարզեր եւ Իրանի նահանգներ հաջողությամբ գործակցում են, բայց այդ հարաբերությունները զարգանալու եւ ընդլայնվելու մեծ ներուժ ունեն: «Այդ մակարդակում շփումները բավականին գործնական են, պայմանավորվածություններ են լինում կոնկրետ ծրագրերի շուրջ, որոնք ապահովում են կոնկրետ արդյունքներ, եւ դա նպաստում է նաեւ երկկողմ ապրանքաշրջանառության աճին»,- նշեց Ա. Գեւորգյանը:
Դեսպանն իր հերթին վստահեցրեց, որ իր գործունեությամբ հնարավորինս կնպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ կապերի սերտացմանը: Համաձայնելով, որ միջմարզային փոխգործակցությունը լավ հեռանկար եւ մեծ ներուժ ունի` նա տեղեկացրեց, որ ներկայումս ուսումնասիրում է, թե Իրանի նահանգներից որը ինչ ընդհանրություն ունի Հայաստանի մարզերի հետ` համագործակցության շրջանակն ընդլայնելու նպատակով:
Զրուցակիցները քննարկեցին նաեւ ԻԻՀ ներքին գործերի նախարարի Հայաստան կատարելիք առաջիկա այցի հետ կապված հարցեր:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել