ԲՏԱ նախարարությունը 115 հազար դոլարով «Տոյոտա» ամենագնաց մեքենա է ձեռք բերել
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից 46 միլիոն դրամով ամենագնաց ավտոմեքենա է ձեռք բերել։ Այս մասին տեղեկանում ենք պետական գնումների armeps.am հարթակից։ ԱՄՆ դոլարի ներկայիս փոխարժեքով 46 միլիոն դրամը կազմում է մոտ 115 հազար դոլար։
ԲՏԱ նախարարության և «Տոյոտա Երևանի» միջև պայմանագիրը կնքվել է երեկ՝ նոյեմբերի 17-ին։ 46 միլիոն դրամով ԲՏԱ նախարարությունը գնել է Toyota Land Cruiser 300 GR Sport 3.3 մոդելի ավտոմեքենա՝ 2023թ․ արտադրության։ Ի դեպ գնումը կատարվել է հրատապ մեկ անձ ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։
«Հետքը» գրավոր հարցում կուղարկի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ պարզելու, թե ինչու է գերատեսչությունը ձեռք բերել այս թանկարժեք ամենագնացը, և ինչով է պայմանավորված դրա հրատապությունն ու առանց մրցույթի գնելու հանգամանքը։ Հարցման պատասխանը ստանալուն պես այն ևս կհրապարակենք։
Նշենք նաև, որ ԲՏԱ նախարարության և «Տոյոտա Երևանի» միջև այս գործարքը միակը չէ 2023-ի ընթացքում։ Այս տարվա հուլիսին նախարարությունը կրկին առանց մրցույթի մոտ 60 միլիոն դրամով ձեռք էր բերել Toyota Hiace Standart 2.8D մոդելի 4 միկրոավտոբուս։
Ճապոնական Toyota ընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը համարվող «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն պետգնումների ակտիվ մասնակից է և համարվում է պետական գերատեսչությունների ծառայողական ավտոմեքենաների հիմնական մատակարարը։
«Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2006 թվականի սեպտեմբերի 5-ին։ Ընկերության 60 տոկոս բաժնեմասի սեփականատերը մի շարք քրեական գործերով անցնող, այժմ հետախուզման մեջ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանն է։ 30 տոկոս բաժնեմասը պատկանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։ Մնացած 10 տոկոսի սեփականատերն էլ Վահե Գզրարյանն է, որը նաև ընկերության տնօրենն է։
Մեկնաբանել