
ԵՊՀ-ում հրդեհ է բռնկվել․ կա մեկ զոհ (թարմացվող)
ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ մամուլի խոսնակի՝ Քնար Միսակյանի ֆեյսբուքյան գրառումից։
«Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։
Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։
Ավելի ուշ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»,- ասված է գրառման մեջ։
Ժամը 10։50
«Ցավով տեղեկացնում եմ, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով կան մեկ զոհ և երեք վիրավոր»,- հավելել է մամուլի խոսնակը։
Ժամը 10։55
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով կան տուժածներ:
«Նախնական տվյալներով` երեք տուժած հոսպիտալացվել է:
Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին տուժածները հետազոտվում են:
Նախնական տվյալներով կա մահվան դեպք:
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:
Ժամը 11։25
«ԵՊՀ հրդեհի բռնկման հետևանքում «Հերացի» համալսարանական հիվանդանոց է բերվել մեկ տուժած (ոստիկան): Վիճակը մասնագետները գնահատում բավարար: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հերացի» համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։
Ժամը 11։30
ՆԳ նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 09.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում (100 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։
«Սենյակը նախատեսված է պոմպակայանի համար, որը ծառայում է նաև որպես աշխատակիցների հանդերձարան։
Կից սենյակը քիմիական նյութերի պահեստն է, որտեղ հրդեհ չի եղել: Քիմիկների կողմից տեղում իրականացվել է հետախուզում. օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, Երևան քաղաքի և Փրկարարական ուժերի վարչությունների հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի խումբը և բժշկական ապահովման վարչության խումբը։
Աշխատակիցներից մեկը զոհվել է տեղում, երեք անձ տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում՝ մեկը պարեկային ծառայության աշխատակից, որը ծխահարումով հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է բավարար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.11-ին, մարվել՝ ժամը 10.23-ին։ Կոմպրեսորային սենյակում այրվել են կենցաղային իրեր և փայտյա կառուցատարրեր։
Դեպքի վայրում Քննչական կոմիտեի աշխատակիցներն իրականացնում են համապատասխան գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել