HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Զարգանալ և զարգացնել»․ Տիգրան Համասյանի ասուլիսը

Դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը 2023 թվականի իր համաշխարհային շրջագայության շրջանակում՝ նոյեմբերի 20,21,22-ին, համերգներով հանդես կգա Երևանում՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգներին կմասնակցեն և առանձին վարպետաց դասեր կունենան հրավիրյալ հայտնի երաժիշտներ՝ Ռիք Ռոզատո (կոնտրաբաս) և Ջոնաթան Փինսոն (հարվածայիններ), Էվըն Մարիեն (բաս) և Նեյթ Վուդ (հարվածայիններ):

Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում Տիգրան Համասյանը և նախագծի կազմակերպիչ, պրոդյուսեր Թովմաս Մարտիրոսյանը ներկայացրին մանրամասներ առաջիկա միջոցառումների մասին:

«Այս համերգը իմ 5-6 տարվա աշխատանքի ամփոփումն է։ Համերգաշարերի կարևոր նպատակներից է, որ մեր երիտասարդ ջազային երաժիշտները տեսնեն, շփվեն միջազգային մակարդակի, կայացած, իրենց տարիքային երաժիշտների հետ»։

Համասյանը պատմեց նաև երաժշտական, ջազային, կրթական ծրագրերի մասին, որոնք առաջիկայում պատրաստվում են իրագործել Հայաստանում։ Արմեն Հյուսնունցի՝ այդ գործում երկար տարիների արած աշխատանքը նշելով՝ Տիգրան Համասյանը ավելացրեց, որ ծրագրում են ստեղծել ջազ կենտրոն, ամերիկյան հայտնի կենտրոնների նմանությամբ։

«Հերբի Հենքոքի (Herbie Hancock Institute of Jazz) ինստիտուտի պես մի բան ենք ցանկանում ստեղծել Հայաստանում։ Այն երկու տարին մեկ տարբեր քաղաքներ տեղափոխվող ինստիտուտ է, որտեղ հավաքում են աշխարհի տարբեր տեղերից տաղանդավոր երաժիշտների։ Նրանց դասավանդում են հայտնի, համերգներ տվող երաժիշտներ՝ օրինակ Հերբի Հենքոքը։ Մոտավոր էդ տիպի բան ենք ուզում ստեղծել այստեղ»,- ասաց Տիգրան Համասյանը։ Լրագրողների հարցին, թե ինչ կարծիք ունի այսօր Հայաստանում երիտասարդ ջազ երաժիշտների մասին, նա պատասխանեց, որ շատ քիչ երաժիշտներ կան այստեղ, որ հետևում են համաշխարհային ջազ ընթացքներին, շատ ժամանակ մակերեսային են վերաբերվում կամ կրկնօրինակում են ուրիշներին։

«Ինչպես ցանկացած գործում, այստեղ էլ պետք է քրտնաջան աշխատանք։ Չկա նման բան, որ երաժիշտը  լինի տաղանդավոր, և ոչ մեկ չիմանա դրա մասին։ Շատ կարևոր է նաև ջազ երաժշտին ինչ-որ ժամանակ լինել աշխարհի ջազ կենտրոններում, օրինակ՝ Նյու Յորքում, որտեղ ջազ աշխարհի նորություններն են ստեղծվում»։ Նա բացատրեց, որ սա հայրենասիրության կամ միգրացիայի մասին չէ, երաժիշտը պետք է շփվի աշխարհի հետ։ «Հայաստանում մնալով՝ ես էլի երաժիշտ կլինեի, բայց չեմ կարծում, որ կանեի այն, ինչ հիմա եմ անում, կնվագեի այնպես, ինչպես հիմա եմ նվագում»,- ասաց Տիգրան Համասյանը:

Հայաստանում իրավիճակի, Արցախի հետ կապված դեպքերի մասին լրագրողների հարցին,  Համասյանը պատասխանեց, որ նույնն է զգում, ինչ բոլոր հայերը։ Ավելացրեց, որ նրա՝ որպես երաժշտի գործը իր երաժշտության որակը պահելն է, զարգանալն է ու զարգացնելը։

«Միջազգային հանրության համար թույլ բան է, եթե ես անընդհատ գրառումներ անեմ Հայաստանի, Արցախի մասին։ Ինձ կընկալեն որպես քաղաքական կերպար։ Բեմը սուրբ տեղ է, քաղաքականության տեղ չէ։ Միջազգային հանրությունը, ինձ՝ որպես բարձր մակարդակի երաժշտի իմանալով, մեր մասին ավելի շատ բան կիմանա, քան որ ես խոսեմ դրա մասին։ Եղել է, որ խոսել եմ, բայց անընդհատ դրա մասին խոսելը չեմ կարծում, որ օգուտ է բերում»,- ասաց հանրահայտ դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը։

Տիգրան Համասյանի՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգները տեղի կունենան՝

Նոյեմբերի 20-ին «Տիգրան Համասյան տրիո»-ի կատարմամբ կհնչեն «ՍտանդԱրտ» նոր ալբոմի ստեղծագործությունները, որոնք ամբողջապես ներկայացնում են 1920-1950 թվականների հանրահայտ ջազ ստանդարտների` Համասյանի կատարած մշակումները: Համերգին կմասնակցեն կոնտրաբասահար Ռիք Ռոզատոն (Նյու Յորք) և թմբկահար Ջոնաթան Փինսոնը (Լոս Անջելես):

Նոյեմբերի 21-ին Տիգրան Համասյանը ելույթ կունենա որպես մենակատար, ինչպես նաև զուգանվագով հանդես կգա հրավիրյալ սաքսոֆոնահար Տրիգվե Սեիմի հետ (Նորվեգիա): Համերգի ծրագրում ընդգրկված են Համասյանի սոլո ալբոմների հայտնի ստեղծագործությունները:

Նոյեմբերի 22-ին «Տիգրան Համասյան էլեկտրիկ տրիո»-ն, որի կազմում են դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, Նյու Յորքից հրավիրված բաս կիթառահար Էվըն Մարիենը և թմբկահար Նեյթ Վուդը, հանդես կգա Համասյանի հեղինակային ստեղծագործությունների կատարմամբ:

Հայաստանյան շրջագայության ընթացքում նախատեսվում են նաև վարպետաց դասեր հրավիրյալ երաժիշտների մասնակցությամբ Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգասրահում. նոյեմբերի 21-ին Ռիք Ռոզատո (կոնտրաբաս) և Ջոնաթան Փինսոն (հարվածայիններ), նոյեմբերի 23-ին Էվըն Մարիեն (բաս) և Նեյթ Վուդ (հարվածայիններ):

Նախագծի փակմանը ելույթ կունենա վիրտուոզ թմբկահար Նեյթ Վուդը՝ իր հատուկ ծրագրով:

Համերգը տեղի կունենա նոյեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ին, «Hard Rock Cafe Yerevan»-ում:

Լուսանկարները՝ «Հետքի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter