HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Արհեստական բանականության հեղափոխություն․ OpenAI‐ը GPT գործակալների ցանց է ստեղծում

OpenAI տեխնոլոգիական ընկերությունը նախորդ շաբաթ՝ նոյեմբերի 6-ին, ներկայացրեց արհեստական բանականության GPT-4 Turbo մոդելը, որը հզորությամբ գերազանցում է նախորդներին։ Մինչ այդ ինֆորմացիայի արտահոսք էր եղել, և տեխնոլոգիական աշխարհը խոսում էր, որ առջևում արհեստական բանականության հեղափոխության գլխավոր շաբաթն է։ 

Հեղափոխական շաբաթ․ ի՞նչ է առաջարկում OpenAI-ը

GPT-4 Turbo տարբերակը ավելի շատ ինֆորմացիա կարող է ստանալ ու փոխանցել․ թարմացումը թույլ է տալիս 128 հազար նշան ներառել հրամանում կամ ստանալ այդ ծավալի պատասխան։ Համեմատության համար նշենք, որ խոսքը միջին չափի 300-էջանոց գրքի ծավալի մասին է, իսկ նախորդ մոդելները թույլ էին տալիս առավելագույնը 32 հազար նշան ներմուծել։

Նոր մոդելը աշխատում է փաստաթղթերի ու տվյալների բազաների հետ։ Անհրաժեշտ է ուղղակի վերբեռնել ֆայլն ու տալ ցանկացած հարց։ Վայրկյանների ընթացքում GPT-4 Turbo-ն վերլուծում է նաև հայերեն տեքստը։

OpenAI-ը շարունակում է ավելացնել ChatGPT-ի հիմքում եղած տվյալները։ Եթե նախորդ մոդելները հաճախ չէին կարողանում հարցերին պատասխանել, քանի որ իրենց վերջին տվյալները 2021 թվականի սեպտեմբերին էին վերաբերում, ապա GPT-4 Turbo-ի հիմքում մինչև 2023 թվականի ապրիլի տվյալներ են։ Թեև այս առումով մրցակիցները՝ Google-ի Bard-ն ու Իլոն Մասկի Grok-ը առավելություն ունեն (տվյալ պահի տեղեկություններ ունեն աշխարհում կատարվող իրադարձությունների մասին), OpenAI-ի թիմն ասում է՝ աշխատելու են ցուցանիշը բարելավելու ուղղությամբ։

GPT-4 Turbo-ն մի հարթակում համախմբում է գեներատիվ արհեստական բանականության մի քանի գործիքներ։ Հրամանի նույն դաշտում կարելի է հաղորդակցվել, տեքստեր ստեղծել, DALL·E 3-ի օգնությամբ նկարներ ստանալ ու տեքստը վերածել խոսքի։

Արհեստական բանականության գործակալներ

OpenAI-ի ծրագրավորողների առաջին համաժողովի ընթացքում ընկերության գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը (Sam Altman) հայտարարեց, որ OpenAI-ը  օգտատերերին հնարավորություն է տալիս ստեղծել ChatGPT-ի սեփական տարբերակը՝ առանց ծրագրավորման հմտությունների։ Այսպես տեխնոլոգիական աշխարհի առաջատար ընկերություններից մեկը նպատակ ունի արհեստական բանականության գործակալների ցանց ստեղծել, որոնց GPT-ներ են կոչում։ 

Վերջին շաբաթվա ընթացքում սոցիալական տարբեր ցանցերում 1000-ավոր օգտատերեր ներկայացնում էին ChatGPT-ի իրենց տարբերակները՝ մշակված հատուկ նպատակների համար։ ChatGPT Plus բաժանորդները ընդամենը մի քանի քայլով կարող են արհեստական բանականության իրենց համակարգը ստեղծել՝ խմբագրման բաժին անցնելով։ 

Ընդամենը մի քանի օրում ստեղծվեցին GPT դիզայներներ, կրկնուսույցներ, սննդաբաններ ու անգամ աստղագուշակներ։ Ստեղծվել է նաև GPT, որն օգնում է այլ օգտատերերին ստեղծել նոր GPT։ Նոր գործքիները հնարավոր է գտնել GPT Store-ում։ 

ChatGPT-ն իր գործարկումից ամիսներ անց արդեն ռեկորդներ էր սահմանել որպես պատմության մեջ ամենաարագ աճող հավելված: Համաժողովի ընթացքում OpenAI-ի գործադիր տնօրենը հայտարարեց, որ այժմ տեխնոլոգիան ունի շաբաթական մոտ 100 միլիոն ակտիվ օգտատեր։

Լուսանկարը՝ համաժողովի հեռարձակումից
Գլխավոր նկարը ստեղծվել է DALL·E 3-ի միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter