Դել Բոսկե. «Սա իսպանական ֆուտբոլի համար մեծ ժամանակաշրջան է»
Իսպանացի Վիսենտե դել Բոսկեն պատմության մեջ միակ մարզիչն է, ում հաջողվել է իր թիմին դարձնել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, իսկ ակումբին՝ Մադրիդի «Ռեալին», ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի հաղթող (2 անգամ):
Իր խոսքի սկզբում դել Բոսկեն արժանին է մատուցել իտալացիներին՝ նշելով, որ Մոտայի վնասվածքն ու իտալացիների 10 հոգով մնալը փաստացի սպանեցին խաղի ինտրիգը: «Սա պատմական հաջողություն է, սակայն ժամանակն է մտածել ապագայի եւ Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի մասին»,- ասել է մասնագետը: «Սա խաղացողների մեծ սերունդ է: Նրանք կարող են եւ հասկանում են, թե ինչպես պետք է խաղալ, որովհետեւ ծնվել են մի երկրում, որտեղ գիտեն, թե ինչ է ֆուտբոլը: Սա իսպանական ֆուտբոլի համար մեծ ժամանակաշրջան է»,- շեշտել է դել Բոսկեն:
Ըստ իսպանացու՝ իտալացիների բախտն ուղղակի չի բերել, իսկ իրենք խաղացել են իրենց հատուկ ոճով՝ հավատարիմ մնալով վերջին տարիների սկզբունքներին: Միաժամանակ դել Բոսկեն ասել է, որ առջեւում աշխարհի առաջնության ընտրական փուլն ու Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունն են, որտեղ անհրաժեշտ է հաջողության հասնել:
Չեզարե Պրանդելին նույնպես շեշտել է, որ իրենք դժվարությունների առաջ են կանգնել հատկապես Մոտայի վնասվածքից հետո, երբ անհրաժեշտ էր գոլ խփել, բայց նաեւ թիկունքն էր բաց մնում: Առաջին խաղում չեմպիոնների հետ 1-1 խաղը, ըստ Պրանդելիի, եղել է ապացույցը նրա, որ իրենք պատրաստ էին 100 տոկոսվ, իսկ եզրափակչից առաջ որոշակի հոգնածություն կար: «Պետք է արժանին մատուցել իսպանացիներին: Այսօր նրանք մտան պատմության մեջ եւ դա արեցին արժանիորեն: Նրանք կարող են խաղալ առանց մաքուր հարձակվողի եւ կրկին մրցակցին զգալի անհարմարություններ պատճառել»,- խոստովանել է իտալացին:
Պրանդելին իր թիմին 10-բալանոց համակարգով 8 է գնահատել: Նա շեշտել է, որ հավաքականը ցուցադրել է անհավատալի թիմային ոգի, հարձակողական ֆուտբոլ եւ դժվար իրավիճակիներից դուրս գալու մեծ ձգտում: Մասնագետը եզրափակել է, որ հեռանում են բարձր պահած գլխով:
Լուս.՝ uefa.com-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել