HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախից բռնի տեղահանված միջին եւ ավագ բուժաշխատողները կկարողանան առանց հավաստագրի աշխատել մինչեւ 2025 թվականը. նախագիծ

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում ներկայացրել է Կառավարության հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Արցախից բռնի տեղահանված միջին եւ ավագ բուժաշխատողներին հնարավորություն կտրվի առանց հավաստագրի շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը։

Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու համար ավագ եւ միջին բուժաշխատողները ներկա իրավակարգավորումներով պետք է ունենան շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր, որն աշխատանքի թույլտվությունը փաստող փաստաթուղթ է: Յուրաքանչյուր 5-ամյա շրջափուլում ավագ բուժաշխատողները պետք է ունենան 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետները` 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողները` 140 ՇՄԶ կրեդիտ, դեղագործները` 100 ՇՄԶ կրեդիտ: Լեռնային Ղարաբաղում նախատեսված չէր հավաստագրման ինստիտուտ եւ ԼՂ բուժաշխատողների համար չի գործել ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջ: Այդ հանգամանքով պայմանավորված՝ վերջիններս այս պահին չունեն ՇՄԶ հավաստագիր:

Ըստ Նանուշյանի՝ Կառավարության հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջը չտարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված միջին եւ ավագ բուժաշխատողների վրա՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:

«Լենա Նանուշյանի հավաստմամբ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավագ եւ միջին բուժաշխատողներին հնարավորություն տալ շարունակելու մասնագիտական գործունեությունը՝ մինչեւ սահմանված ժամկետում ՇՄԶ հավաստագիր ստանալը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվել է, թե քանի բուժաշխատող է դիմել հավաստագիր ստանալու, եւ թե որքան գումար է անհրաժեշտ վերապատրաստումների համար:

Ի պատասխան Լենա Նանուշյանը նշել է. «Այս պահի դրությամբ ամբողջությամբ անվճար վերապատրաստումների ենք ուղղորդում մեր բուժաշխատողներին: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 600-ից ավելի բուժաշխատողներ արդեն ուղեգրվել են կրթական հաստատություններ՝ անվճար վերապատրաստվելու:

Ըստ հիմնական զեկուցողի՝ նախարարությունն ունի 1200 տեղ եւ մինչեւ տարեվերջ կարող են ուղեգրել եւս 600 բուժաշխատողի:

Նշվել է, որ 90-ից ավելի հավաստագիր արդեն տրամադրվել է ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողների:

Լենա Նանուշյանը նաեւ տեղեկացրել է, որ մարզերի բուժհաստատություններում աշխատանքի անցնելու դեպքում վերջիններս կստանան ֆինանսական լրացուցիչ աջակցություն:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը փաստել է, որ չափազանց կարեւոր նախագիծ է, որն ուղղված է մեր հայրենակիցների աշխատանքային կարիքներն օրենսդրորեն հոգալուն:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել էր մի շարք առաջարկություններ, այդ թվում` օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, որոնք ընդունվել են:

Նշենք, որ օրենքը տարածվելու է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ծագած հարաբերությունների վրա եւ գործելու է մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական նախաձեռնությանը: ԱԺ առաջիկա նիստում այն կքննարկվի 24-ժամյա ռեժիմով»,- ասված է ԱԺ հաղորդագրության մեջ:

Լուսանկարում՝ Լենա Նանուշյանը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter