
Էջմիածնի կինոթատրոնի շենքը քանդեցին բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու համար
Էջմիածնի կենտրոնական հրապարակի հարևանությամբ գտնվող նախկին «Գարուն» կինոթատրոնի շենքի զգալի մասը քանդել են՝ թողնելով միայն կամարները: Տեղում կառուցվելու է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր: Արդեն տարածքը ցանկապատել են, տեղում իրականացնում են շինարարական աղբի հեռացման աշխատանքներ:
«Ավա Գրանիտ» ՓԲԸ-ն բազմաֆունկցիոնալ շենք է կառուցում նախկին կինոթատրոնի շենքի տեղում:
«Հետք»-ը դեռ 2023թ. ապրիլին գրել էր, որ այդ ժամանակ Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Վազգեն Դարբինյանի ղեկավարած «Ավա Գրանիտ» ՓԲԸ-ն 160 մլն դրամով գնել է կինոթատրոնի շենքը:
Էջմիածնի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող, մարմարե սալերով, կամարներով ու մեծ ջահերով երկհարկանի շենքի տեղում նախատեսվող շինության էսքիզային նախագծի վերաբերյալ 2023թ. ապրիլի 18-ին հանրային քննարկում էր կազմակերպվել, որը վարում էր համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը: Քաղաքի բնակիչները դեմ էին բազմաբնակարան շենքի կառուցմանը, սակայն քաղաքապետն ակնհայտ ցույց էր տալիս, որ այն կառուցվելու է, քանի որ քաղաքի համար ներդրում է:
Մեկնաբանել