HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Բիթլզի» նոր երգը

2023թ․-ի նոյեմբերի 2-ին բոլոր ժամանակների ամենահայտնի «The Beatles» ռոք խմբի անդամներ Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը թողարկեցին «Բիթլզի» նոր՝ «Now And Then» երգը: Լիվերպուլյան լեգենդար քառյակի բոլոր չորս անդամները մասնակցել են երգի ստեղծմանը, չնայած որ Ջոն Լենոնն (1940-1980թթ․) ու Ջորջ Հարիսոնը (1943-2001թթ․) վաղուց էլ չկան։

Ստեղծագործության հիմքում Ջոն Լենոնի դեռևս 1970-ականներին արած երգի դեմո տարբերակի ձայնագրությունն է։ Նրա մահից հետո կինը՝ Յոկո Օնոն, խմբին է փոխանցել ձայներիզ` «Փոլի համար» գրությամբ, որտեղ եղել են մի քանի նոր երգեր, որոնց մեջ էր նաև «Now And Then»-ը։ 1990-ականների կեսերին «Բիթլզի» մնացած երեք անդամները «Anthology» ծրագրի շրջանակում սկսեցին աշխատել այդ երգի վրա։ Ձայնագրվեց Ջորջ Հարիսոնի կիթառի բաժինը այդ երգի համար, բայց այն չթողակվեց․ Լենոնի դեմո ձայնագրությունն այն ժամանակների տեխնիկայով հնարավոր չեղավ մշակել այնպես, որ ձայնագրության մեջ անջատվի ձայնային բաժինը դաշնամուրային նվագակցությունից և աղմուկից։

Լենոնի երգի ստեղծումից հիսուներեք տարի անց միայն հնարավոր եղավ այն թողարկել․ Փոլ Մաքքարթնին BBC-ին տված հարցազրույցում պատմել է, որ արհեստական ​​բանականության (AI) միջոցով իրենք կարողացել են «մաքրել» Ջոն Լենոնի ձայնը, որը ձայնագրվել էր հին ժապավենի վրա: «Ջոնը նորից մեզ հետ է, նրա ձայնը բյուրեղյա մաքուր է։ Հուզիչ է, մենք այստեղ նվագում ենք այնպես, կարծես ամբողջական ձայնագրություն լինի։ 2023թ․-ին թողարկել «Բիթլզի» երգ, որը նախկինում հանրությունը չի լսել, իմ կարծիքով, ֆանտաստիկ է»,- խոստովանել է Մաքքարթնին։ Լենոնի օրիգինալ դեմոյի մշակված տարբերակին ավելացվել են վոկալ, բաս կիթառ, հարվածային գործիքներ, դաշնամուր և Ջորջ Հարիսոնի 1995թ․-ին ձայնագրած ակուստիկ և էլեկտրական կիթառի բաժինները: «Now And Then» երգի թողարկման նախորդ օրը` նոյեմբերի 1-ին, հրապարակվեց ստեղծման մասին պատմող 12 րոպեանոց «The Beatles-Now And Then-The Last Beatles Song» վավերագրական ֆիլմը։ Պրեմիերայի հաջորդ օրը հրապարակվեց երգի տեսահոլովակը, որտեղ կան արխիվային բացառիկ կադրեր։ Տեսահոլովակի ռեժիսորն է եռակի օսկարակիր Փիթեր Ջեքսոնը:

Գլխավոր լուսանկարը` The Beatles-ի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter