
Ավտովթար Դրախտիկ-Ծովագյուղ ճանապարհին․ կա երկու զոհ և երեք տուժած
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 06։00-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքից Դրախտիկ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Հայտնում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դրախտիկ-Ծովագյուղ ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են «Ford» և «Honda» մակնիշների ավտոմեքենաները։
Ծառայության փոխանցմամբ՝ «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևորն ու «Honda»-ի վարորդը տեղում մահացել են: Փրկարարները «Ford» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևորի հետ միասին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Նրանք և «Honda» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Լուսանկարը՝ ՆԳՆ ՓԾ
Մեկնաբանել