HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Արմեն Հյուսնունցի ջազ քառյակի բարեգործական համերգը` Արցախի Շիրակացու ճեմարանի սաների կրթական կարիքների համար

Նոյեմբերի 2-ին`ժամը 20:00-ին, Ճարտարապետների միության շենքի դահլիճում Հայաստանի պետական ջազ նվագախմբի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հետ համատեղ տեղի ունեցավ Արմեն Հյուսնունց քառյակի «Երգեր առանց բառերի» խորագրով բարեգործական համերգը՝ ուղղված Արցախի «Շիրակացու ճեմարանի» 160 սաների կրթական կարիքներին։

Ստեփանակերտում 2022թ․-ի սեպտեմբերի 1-ից գործում էր Արցախի Շիրակացու անվան գիտակրթական համալիրը: Այն ստեղծվել էր Երևանի Անանիա Շիրակացու միջազգային ճեմարանի օրինակով։ Միջազգային գիտակրթական համալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը պատմեց հյուրերին՝ ինչպես ստեղծվեց Արցախում Շիրակացու ճեմարանը։

«44-օրյա պատերազմից հետո մեզ հրավիրել էին Արցախի Հանրապետություն։ Այդ ժամանակ Արտակ Բեգլարյանը պետնախարար էր, մեզ հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ ինքը ուշադիր ուսումնասիրել է Հայաստանի ողջ կրթական համակարգը և եկել է այն եզրակացության, որ այսօր Արցախի Հանրապետությանը անհրաժեշտ է Շիրակացու ճեմարանի մասնաճյուղը։ Ես ասացի, որ մենք մասնաճյուղ չենք բացի, մենք կստեղծենք Արցախի Շիրակացու ճեմարանի նոր տարբերակ։ Օրուգիշեր աշխատանքի արդյունքում մենք ստեղծեցինք կրթական ծրագիր հատուկ Արցախի Շիրակացու անվան գիտակրթական համալիրի համար։ Տնօրեն նշանակվեց Անահիտ Ղարաղազարյանը, արցախյան համալիրի պատվավոր նախագահն է Արտակ Բեգլարյանը»։ 

Արցախի Շիրակացու անվան գիտակրթական համալիրի տնօրեն Անահիտ Ղարաղազարյանն իր խոսքում նշեց, որ մեծ պատիվ է լինել այդ անվերջ արարող, ներդաշնակ ընտանիքի մի մասնիկը։ «Վստահ եմ՝ բոլորս կուզենայինք այլ իրողությունների հանգրվանում վայելելու այս համերգը, ջազի գույները, սակայն, միևնույն է, ջերմացնող է տեսնել այսքան նվիրյալների, ովքեր սատարում են մեզ այս դժվար իրավիճակում»։

Բարեգործական համերգի ընթացքում Հայաստանի պետական ջազ նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցը հանդես եկավ ջազային քառյակով՝ ստեղնաշարային գործիքներ՝ Վահագն Հակոբյան, կոնտրաբաս՝ Գևորգ Սմորոդինով, հարվածային գործիքներ՝ Հերբերտ Առուստամյան։ Համերգի հատուկ հյուրն էր թավջութակահար Արտյոմ Մանուկյանը։ 

Բարեգործական համերգին երաժիշտները կատարեցին ամերիկյան ջազմենների հիմնական ռեսուրս համարվող «Song book» նմանությամբ հայկական երգարանի կատարումները։ Հնչեցին հայկական կինոֆիլմերից, մյուզիքլներից հատվածներ, սիրված երգերի ջազային մշակումները, «Երգեր առանց բառերի» ծրագիրը։ 

Արցախի Շիրակացու անվան գիտակրթական համալիրի միջոցառմանը ներկա էր նաև Արցախի նախկին պետնախարար, Արցախի Շիրակացու անվան գիտակրթական համալիրի նախագահ Արտակ Բեգլարյանը։ 

«Շնորհակալություն ճեմարանի համայնքին և պարոն Հյուսնունցի գլխավորությամբ Հայաստանի պետական ջազ նվագախմբին, հրաշալի համերգի, միջոցառման և գործնական նախաձեռնության համար։ Այս համերգը և Շիրակացու ճեմարանը բավականին նման են, որովհետև համամարդկային և ազգային արժեքները համադրված են գործնական նպատակի համար։ Այս տեսանկյունից բավականին լավ, ներդաշնակ միջոցառում էր, մեր ճեմարանի գործունեությանը և գաղափարախոսությանը համապատասխան։ Պետք է ձգտենք, որ մեր աշակերտներն այնպիսի լավ կրթություն ստանան, որ շարունակեն պայքարը, մեր ձախողումներից դասեր քաղեն և հասնեն մեր այն նպատակին, որ վերադառնանք Արցախ, Արցախը վերադառնա Հայոց աշխարհ»,- իր խոսքով Արտակ Բեգլարյանը եզրափակեց միջոցառումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter