
Ռուբեն Հայրապետյանը միշտ զգուշացրել է (վիդեո)
ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը վաղուց է ապացուցել, որ ինքը ոչ միայն բռնության կողմնակից է, այլեւ քարոզողը: Հունիսի 17-ին պատգամավորի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բժիշկներին ծեծելու փաստը, իսկ դրա հետեւանքով երեկ հոսպիտալում մահացած 35-ամյա ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահը հասարակության զայրույթը առաջացրեց, մինչդեռ Ռուբեն Հայրապետյանը արդեն մի քանի տարի է տարբեր առիթներով «մեսիջ» է ուղարկել հասարակությանը, որ ինքը «պատժելու» կողմնակից է:
Իհարկե, այս անգամ անմեղ մարդկանց անձամբ Հայրապետյանը չի «պատժել», սակայն նրա ենթականերն ընդօրինակել են այն, ինչ խոսում ու խորհուրդ է տալիս իրենց «շեֆը»:
Ներկայացնում ենք տարբեր առիթներով պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի արտահայտած մտքերից մի քանի «գոհարներ», որոնց հասարակությունը եւ առաջին հերթին Ռուբեն Հայրապետյանին իր գիրկն ընդունող Հանրապետական կուսակցության ղեկավարությունը պետք է ուշադրություն դարձնեին եւ ժամանակին ընդվզեին, որ բանը չհասներ սպանությանը:
Ինչու՞ հասարակությունը չընդվզեց, երբ Ռուբեն Հայրապետյանը «Հայկական ժամանակ» թերթի լրագրողուհուն «սպառնաց», թե` «կարող ա՞ ուզում ես իմ տղայից հղիանաս»: Քանի որ «ընտրյալի» ասածը հնչեղություն չստացավ, ավելին` կուսակցությունն էլ չսաստեց պատգամավորին կոռեկտ լինել եւ չվարկաբեկել մի ամբողջ կուսակցություն, ուստի Ռուբեն Հայրապետյանը «Հրապարակ» օրաթերթում (2011թ.ապրիլի 30) արդարացրել է իրեն եւ ասվածը ներկայացրել որպես հանրօգուտ առաջարկ. «Բա դա հայհոյանք ա՞, լավ բան եմ առաջարկել: Առողջ գենետիկ ֆոնդով, լավ որակով էրեխեք կունենա»:
Մեկ այլ դեպքում Ռուբեն Հայրապետյանը թմրամոլներին պատժելու իր մեթոդներն է ներկայացրել.
«Չգիտե՞ք ես ինչ պիտի անեմ` պիտի պատժեմ, ծեծեմ, որ ասեն` ջութակ է նվագել, այ, էդ ժամանակ զարմացեք»,-ասել էր Ռուբեն Հայրապետյանը «հաշիշ վաճառողների» մասին («Ազգ», 2011թ. սեպտեմբերի 24):
Իսկ վերջերս էլ պատգամավորն ավելի էր «բացել» իր սիրտը.
«Իհարկե, դեմ եմ պայթեցնելուն, բայց միասեռականներին պատժելուն ես երկու ձեռով եմ կողմ եւ պատրաստ եմ նույնիսկ անել դա,- ասել է Ռուբեն Հայրապետյանը եւ հավելել,- դա պատժելու ձեւ չի: Ավելի ուրիշ ձեւ պետք է մտածել՝ նրանց այս հասարակությունից ուղղակի վերացնել: Դրանց դեմ ամեն ձեւ էլ կարելի է պայքարել՝ բացի տրաքացնելուց ու պայթեցնելուց» («Առավոտ», 2012թ. մայիսի 2):
Ոչ ոք չի կասկածում, որ ինչ-որ մեկին «հասարակությունից ուղղակի վերացնել» Ռուբեն Հայրապետյանը կարող է, քանի որ նա անձեռնմխելի պատգամավոր է, հետն էլ` ՀՀԿ անդամ:
Այսքանից հետո կարելի՞ է զարմանալ նրա քաջագործությունների վրա: Նա գրեթե ամեն օր է ասում, որ կարող է պատժել:
Մեկնաբանություններ (34)
Մեկնաբանել