HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Վերջին մարտը Արցախի համար

33-ամյա Ռաֆիկ Հարությունյանը զոհվել է Արցախի վրա 2023թ․-ի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման ժամանակ, Մարտակերտի շրջանում: Ռաֆիկն արցախյան քառօրյա (2016թ․), 44-օրյա (2020թ․) պատերազմի մասնակից է, եղել է մարտական թեժ կետերում։ 2022թ․-ից որպես փորձառու զինվորական ծառայության է անցել Արցախի հատուկ նշանակության վարչությունում։ Հարությունյանների ընտանիքը Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղից է, ամուսնությունից հետո Ռաֆիկը և կինը ապրում էին Ասկերան քաղաքում, ունեն երկու երեխա։

Ռաֆիկի կինը՝ Անահիտ Հարությունյանը, վերհիշում է վերջին 9 ամսվա կյանքը շրջափակված Արցախում․ «Շրջափակման ժամանակ սննդի, հացի խնդիր կար, դաշտերում գործը անելը վտանգավոր էր, սահմանամերձ տարածքներում ադրբեջանցիները կրակում էին դաշտում աշխատողների ուղղությամբ, մարդիկ վախենում էին գործ անել։ Էդ մասերում տեխնիկա վարելու համար Ռաֆիկին էին կանչում, կոմբայն էր քշում, ցորեն, եգիպտացորեն էր հնձում։ Մենք էլ հողատարածք ունեինք Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում՝ 2 հեկտար, շրջափակման ընթացքում մշակեց ու բերքը հանձնեց հիմնադրամին, որ ալյուր սարքեն ու բաշխեն Արցախի հացի փռերին։ Հարցնում էի՝ մեր տուն բա ցորեն, ալյուր ինչու՞ չես բերում, որ հաց սարքեմ, երեխաների սոված չմնան, ասում էր՝ ոնց բոլորը, էնպես էլ մենք»։

2023թ․-ի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինված ուժերը հարձակվեցին Արցախի վրա, Ռաֆիկ Հարությունյանը տվեց իր վերջին մարտը։ Նա այդ օրը եղել է Մարտակերտի շրջանում, Կաշենի հանքի դիմաց՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Նոր Կարմիրավան գյուղի ուղղությամբ տեղակայված 718 մարտական դիրքում։ 10 օրվա հերթապահության 7-րդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 13։00-ին սկսվեց հարձակումը, մեկ ժամ տևած մարտում դիրքում գտնվող 9 հոգուց 6-ը զոհվում է։ Մարտի սկզբում դիրքից 2-ը դուրս են եկել դեպի Կաշենի հանք՝ օգնություն կանչելու, մոտ մեկ ժամ տևած մարտի ընթացքում հայկական կողմին հաջողվում է կորուստներ պատճառել հակառակորդին, սակայն բարենպաստ բարձունքներում գտնվող ադրբեջանական կողմը մեկ ժամ հետո կարողանում է գրավել դիրքը։ Մարտական դիրքի ավագը, մարտ վարելով, վիրավոր վիճակում կարողացել է դուրս գալ դեպի Կաշենի հանքում տեղակայված ռուս խաղաղապահների հենակետ։

Տարբեր դիրքերում զոհված 11 աճյունների հետ Ռաֆիկ Հարությունյանի մարմինը Ակնայում փոխանցվել է սեպտեմբերի 23-ին: Նրա մարմինը եղել է անճանաչելի, վառված վիճակում։ Ռաֆիկ Հարությունյանի կինը և երեխաները այժմ տեղավորվել են Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում, ժամանակավոր բնակվում են Ռաֆիկի ընկերոջ տանը։ Ռաֆիկ Հարությունյանի մարմինը նույնականացրել են հոկտեմբերի 13-ին․ հարազատները Ռաֆիկին հուղարկավորել են հոկտեմբերի 15-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter