Հայաստանի հավաքականը նահանջել է 4 հորիզոնական
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային հերթական ցուցակը:
Հայաստանի հավաքականը սեպտեմբերյան ցուցակի համեմատ նահանջել է 4 հորիզոնական ու հիմա 95-րդն է աշխարհի 207 ընտրանիների թվում: Հիշեցնենք, որ հաշվետու ժամանակահատվածում Ալեքսանդր Պետրակովի սաները 0-2 հաշվով պարտվել են Լատվիային եւ 1-3 հաշվով՝ Հս. Մակեդոնիային:
Համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան: Լավագույն 10-յակում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Բելգիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Իսպանիան, Իտալիան, Խորվաթիան:
«Եվրո-2024»-ի ընտրական փուլում մեր մրցակիցներից Խորվաթիան, ինչպես տեսնում ենք, 10-րդն է (նախորդ ցուցակի համեմատ նահանջել է 4 հորիզոնական), Ուելսը 28-րդն է (+5), Թուրքիան՝ 38-րդը (+4), Լատվիան՝ 132-րդը (+4): Փաստորեն, միայն Հայաստանն ու Խորվաթիան են նահանջել, մյուսներն առաջադիմել են:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը Ուկրաինան է (22), հաջորդում են Ռուսաստանը (39), Ուզբեկստանը (73), Վրաստանը (76), մյուսները Հայաստանից ավելի ցածր հորիզոնականներում են:
Մեր հարեւաններից ամենաբարձր դիրքում Իրանն է (21, 0), Թուրքիան, ինչպես ասվեց, 38-րդն է (+4), Վրաստանը՝ 76-րդը (+3), հետնապահ Ադրբեջանը 121-րդն է (0):
Հաջորդ վարկանիշային ցուցակը կհրապարակվի նոյեմբերի 30-ին: Մինչ այդ՝ նոյեմբերի 18-ին, «Եվրո-2024»-ի շրջանակներում Հայաստանը կընդունի Ուելսին, իսկ ամսի 21-ին կհյուրընկալվի Խորվաթիային:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել