HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

«Ոսկե ծիրան». տպավորություններ եւ մտորումներ

Մեր աչքի առաջ կերպարանք է առնում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Չորս տարին երկար ժամանակահատված չէ, իհարկե, բայց փառատոնի «իմիջը» կառուցելու հետեւողական ջանքերը տալիս են իրենց արդյունքը, աստիճանաբար ձեւավորվում եւ կայունանում են փառատոնին որոշակիություն հաղորդող, նրա դիմագիծը կազմող առանձնահատկությունները…

Չորրորդ փառատոնի սկզբից մի քանի օր առաջ փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը, պատասխանելով իմ հարցերին, պատմեց «Ոսկե ծիրան»-ի ընդլայնվող ծրագրերի, աճող հեղինակության եւ մասսայականության մասին։ Մեծացել է փառատոնի նկատմամբ պետական ուշադրությունը, ֆինանսական աջակցությունն այս տարիներին աճել է մի քանի անգամ, եւ կարելի է ենթադրել, որ հովանավոր դառնալու ցանկություն ունեցողների թիվը եւս տարեցտարի կմեծանա։ Հարություն Խաչատրյանն ընդգծեց նաեւ, որ «Ոսկե ծիրան»-ն ընդգրկվել է միջազգային համագործակցության մեջ, ինչը զարգացման նոր հեռանկարներ է բացում։ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում այս տարի սկիզբ դրվեց լավագույն սցենարների մրցույթին, որը թույլ կտա ֆինանսական աջակցություն ցուցաբերել ընտրված աշխատանքներին եւ այդպիսով անմիջական մասնակցություն ունենալ նաեւ կինոարտադրության ընթացքին։ Փառատոնը շարունակում է հանդիսատեսին լավագույն կինոնկարներ ներկայացնելու, լավագույն կինոգործիչների հետ ծանոթացնելու իր առաքելությունը։

Որպես հանդիսատես ` կարող եմ վկայել, որ փառատոնի նկատմամբ ուշադրությունը մեծացել է նաեւ հանդիսատեսների շրջանում։ Այս նպատակով փառատոնի կազմակերպիչները կարողացան համաձայնություն ձեռք բերել կինոթատրոնների ղեկավարության հետ, որպեսզի ավելի մեծ թվով հանդիսատեսներ կարողանան անվճար դիտել ֆիլմերը։ Ավելի շատ մարդիկ են մասնակցում հանդիպումներին եւ քննարկումներին։ Փառատոնը մտնում է մշակութային կյանքի հյուսվածքի մեջ, հանդիսատեսը ձեռք է բերում փորձառություն ` դիտելու, քննարկելու, համեմատելու… Այս անգամ փառատոնի բացումն ու փակումը կատարվեց Ազատության հրապարակում, որտեղ իրականացված ֆիլմերի բացօթյա ցուցադրությունը նույնպես նորամուծություն էր եւ նպաստեց փառատոնի նկատմամբ ուշադրության աճին։

Արդեն ասվեց, որ «Ոսկե ծիրան»-ը դեռեւս իր ինքնության, բնութագրիչների այն նվազագույն բազմության փնտրտուքի մեջ է, որոնք զատորոշելի եւ ճանաչելի կդարձնեն փառատոնը։ Ինչ-որ բաներ արդեն գտնված են ` սկսած անունից, ծիրանի տեսքով մրցանակներից եւ փարաջանովյան թալերներից… Բնական պետք է համարել ազգային որոշ խորհրդանշանների «յուրացումը» (բացման արարողության ժամանակ հնչած քոչարի, «Կենաց ծառ», ծիրանօրհնեք…), բայց, թվում է, պետք է խուսափել փառատոնի ավելորդ բանահյուսականացումից, ազգային խորհրդանշաններով եւ ստերեոտիպերով ծանրաբեռնելու վտանգից։

Փառատոնը ռեժիսորական է (այս տարիների ընթացքում արդեն Երեւան են այցելել համաշխարհային հռչակ վայելող մի շարք ռեժիսորներ), այստեղ ցուցադրվում են բարձրարժեք ֆիլմեր, ծրագրի մի շարք հիմնական բաղադրիչներ արդեն կայունացել են։

Երբ մի քանի շաբաթ առաջ գրում էի Ազատության հրապարակի մերօրյա իմաստափոխության մասին, չէի մտածում, որ «Ոսկե ծիրան»-ը նույնպես կհայտնվի այդ ընթացքի մեջ։ Փառատոնի բացման եւ փակման արարողությունների, ինչպես նաեւ ֆիլմերի ցուցադրությունը Ազատության հրապարակում կատարելը, թվում է, միայն ժողովրդավարական ժեստ չէ, որով այն ավելի է մոտենում հանդիսատեսին։ Գուցե այս հրապարակը պարզապես ամենահարմար տեղն է նման միջոցառումների համար, բայց, այդուհանդերձ, այստեղ մտնող յուրաքանչյուր իրադարձություն կամա թե ակամա հայտնվում է այն մշակութային մրցակցության կամ պայքարի արենայում, որի մասին գրել եմ «Հեղափոխություն» հոդվածում։ Այս միջամտությունն ինձ հետաքրքրական է թվում, քանի որ իր մասշտաբով եւ բնույթով «Ոսկե ծիրան»-ը համեմատելի չէ հրապարակում տեղի ունեցող ոչ մի մշակութային իրադարձության հետ։

Մյուս փոփոխությունը երկրի իշխանությունների ուշադրության մեծացումն է փառատոնի նկատմամբ։ Սա կարող է ունենալ թե՛ դրական, թե՛ բացասական հետեւանքներ։ Բնական է, որ հեղինակավոր միջազգային կինոփառատոնը կարող է նպաստ բերել նաեւ երկրի հեղինակությանը, բայց Հայաստանի նման երկրում դա կարող է վտանգել փառատոնի մշակութային բովանդակությունը, քանի որ երկրի հեղինակությունը այստեղ հաճախ նույնացվում է իշխանության այսրոպեական շահի հետ։ Առայժմ նման վտանգ չի նկատվում. փառատոնի կազմակերպիչներն ակնհայտորեն չեն առաջնորդվում երկրի նախագահի այն հանձնարարականով, թե մեզ այսօր ֆելինիներ պետք չեն։ Իրանում արգելված ֆիլմի ցուցադրությունը նույնպես խոսում է այս հանգամանքի օգտին։

Մրցութային ֆիլմերի ընդարձակ աշխարհագրությունը, փառատոնային ծրագրի հորիզոնի ընդարձակությունը փառատոնի մյուս բնութագրական առանձնահատկությունն է։

Ծրագրում ընդգրկվում են ոչ միայն եվրոպական, այլեւ ասիական ֆիլմեր։

Անցյալ տարվա խաղարկային հաղթող ֆիլմը պատկանում էր թայվանցի ռեժիսոր Սյաո-սիեն Հուին («Երեք ժամանակ»), իսկ այս տարվա պատվավոր հյուրերի թվում էր հարավկորեացի գրող, ռեժիսոր Չան-դոն Լին , որի ֆիլմերը մեծ հետաքրքրություն առաջացրին։

Առանձին պետք է խոսել իրանական կինոարվեստի մասին, քանի որ այստեղ նկատելի է կազմակերպիչների հետեւողական քաղաքականությունը։ 2005 թվականին հայ հանդիսատեսին ներկայացվեց Աբաս Քիառոստամին, անցյալ տարի ` Մոհսեն Մախմալբաֆը, իսիկ այս տարի æաֆար Փանահիի «Խաղից դուրս» ֆիլմն ընդգրկված էր փառատոնի «Երեւանյան պրեմիերա» ծրագրում։ Ազգային պատկերասրահի կինոսրահում ցուցադրվեց նաեւ նրա «Շրջանը» ֆիլմը։

Երկուսն էլ վերաբերում են Իրանում կանանց իրավունքների թեմային։ Հայտնի է, որ իր հայրենիքում նրա կինոնկարները հաճախ արգելում են ոչ միայն ցուցադրել, այլեւ նկարահանել։ Երեւանում նույնպես անախորժություններ եղան։ Ըստ մամուլի տեղեկատվության ` «Խաղից դուրս»-ի ցուցադրության առաջին փորձը («Նաիրի» կինոթատրոնում) խափանվեց հենց Իրանի դեսպանատան միջամտությամբ։

Հատկապես գրավում է այս հեղինակների ` սոցիալական տարատեսակ խնդիրների մասին (գործազրկություն եւ աղքատություն, գաղթ եւ խտրականություն) ֆինանսական սակավ միջոցներով եւ ոչ պրոֆեսիոնալ դերասաններով, բայց գեղարվեստական բարձր մակարդակով խոսելու ունակությունը գրաքննության, հետապնդման եւ այլ ճնշումների պայմաններում։

«Հայկական համայնապատկեր»-ի համար բնորոշ է երկու հիմնական թեմա ` ղարաբաղյան պատերազմը (եւ ավելի ընդհանուր ` հայ-ադրբեջանական հակամարտությունը), հայոց եղեռնը։ Այս տարվա առավել հետաքրքրական եւ մրցանակների արժանացած աշխատանքները վերաբերում էին հենց այս թեմաներին ` «Մարդկային պատմություն պատերազմի եւ խաղաղության օրերից» (Վարդան Հովհաննիսյան, Հայաստան), «Ճչացողները» (Քարլա Կարապետյան, Անգլիա)։

Հասկանալի է, որ Հայաստանում կինո մտնող երիտասարդները պարզապես դատապարտված են երկար ժամանակ բավարարվել վավերագրական կամ մեծ ծախսեր չպահանջող հեղինակային կինոարտադրությամբ։ Հավանաբար, այստեղ դրական կողմ էլ կա։ Այս տարվա հայկական վավերագրական կինոնկարների մեջ մեծ թիվ էին կազմում սոցիալական տարբեր խնդիրների անդրադարձող ժապավենները։ Սակայն, իմ տպավորությունն այն է, որ առայժմ հեղինակները հիմնականում բավարարվում են իրադրության պարզ նկարագրությամբ։ Մշակութային ֆիլմերը հաճախ ստեղծվում են ծանոթ տեսողական հնարքների եւ հռետորական դարձվածքների վերաշարադրմամբ («Մոմիկ»)։

Լավ էր կազմակերպված փառատոնի պատվավոր հյուրերի եւ նրանց ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը ` Լի Չան-դո (Հարավային Կորեա), Լեոս Կարաքս (Ֆրանսիա), Ազգային պատկերասրահի կինոդահլիճում եւ «Ակումբ»-ում տեղի ունեցած հանդիպումները Կարաքսի, Փանահիի, Զվյագինցեւի եւ այլոց հետ։

«Երեւանյան պրեմիերաներ» ծրագրում, բացի æաֆար Փանահիից, ընդգրկված էր նաեւ Անդրեյ Զվյագինցեւը (Ռուսաստան)։ Ներկայացված ֆիլմերն արդեն աչքի ընկած աշխատանքներ էին. Փանահիի ֆիլմը 2006-ին արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակին, իսկ Զվյագինցեւի ֆիլմն այս տարվա Կաննի փառատոնի մրցանակակիր է (տղամարդու լավագույն դերակատարում)։ Վերջինիս «Արտաքսում» կինոնկարը եզրափակում էր փառատոնի պաշտոնական ցուցադրությունը։ Ռուսական կինոաշխարհի ներկայացուցիչների թվում էր նաեւ Ալեքսանդր Սոկուրովը (նա մասնակցում էր միանգամից երկու ` խաղարկային եւ վավերագրական ֆիլմերի մրցույթներին)։

Պատերազմին նվիրված կինոնկարներ ստեղծում են ոչ միայն հայ հեղինակները։ Ինչպես Դյումոնի, այնպես էլ Ա. Սոկուրովի «Ալեքսանդրա» գեղարվեստական ֆիլմերը վերաբերում էին պատերազմի թեմային։ Ռուսական կինոնկարը բավական պարզունակ պատմություն էր մի ռուս կնոջ մասին (դերակատարը երգչուհի Գալինա Վիշնեւսկայան է, որը նաեւ փառատոնին ներկայացված Սոկուրովի վավերագրական ֆիլմի հերոսուհին էր), որն ամուսնու մահից հետո որոշում է այցելել Չեչնիայում ծառայող իր թոռանը։ Եթե հերոսուհու եւ նրա կապիտան թոռնիկի անձնական խնդիրների մասին ինչ-որ բան իմանում ենք, ապա պատերազմի թեման, չեչենական հարցը մնում են ընդհանուր պնդումների, մակերեսային դիտողությունների մակարդակի վրա։

Տարբեր է պատերազմի մեկնաբանությունը Դյումոնի ֆիլմում։ Պատմությունը Ֆրանսիայի հյուսիսի ` Ֆլանդրիայի մասին է, որը ռեժիսորի հայրենիքն է։ «Ես պատմում եմ այն մասին, թե ինչպես է Ֆլանդրիան փտում ժամանակի եւ տարածության մեջ»,- «Ակումբ»-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց Դյումոնը։ Ֆիլմը զուրկ չէ մանրամասներից, թեեւ ամեն բան մի տեսակ վերացարկված է, մի քիչ ժամանակից եւ որոշակիություններից դուրս հանված։ Հասկանալի է, որ իրադարձությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո (այդ են մատնում կահույքը, ավտոմեքենաները, հագուստը եւ այլն), բայց երկիրը, որտեղ կատարվում են պատերազմական գործողությունները, անանուն է։ Ռեժիսորի համար կարեւոր չէ, թե որ երկրում են կռվում, ում կանանց են բռնաբարում, ում են սպանում եւ ում ձեռքից են սպանվում ֆլանդրիացի երիտասարդները։ Ինչպես բացատրեց ռեժիսորը, հերոսը ` Դեմեստերը, պիտի անցներ պատերազմի միջով, որպեսզի կարողանար իր մանկության ընկերուհուն ասել ` «Ես սիրում եմ քեզ»։

Ոչ մրցութային ֆիլմերից ինձ հատկապես դուր եկավ Սթիվեն Ֆրիրզի «Թագուհին» (Անգլիա/Ֆրանսիա/Իտալիա) ժապավենը։ Հիշեցնեմ, որ ֆիլմն արժանացել էր «Օսկար» մրցանակի (կանացի լավագույն դերակատարում), իսկ Ս. Ֆրիրզն այս տարվա Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի նախագահն էր։ Ֆիլմը բրիտանական իրականության տասը տարվա վաղեմության մի պատմություն էր, որտեղ միահյուսվում են արքայադուստր Դիանայի մահվան եւ Թոնի Բլերի վարչապետ դառնալու պատմությունները։

Ամփոփելով` կարելի է նշել, որ այս տարի փառատոնի նկատմամբ ավելի մեծ էր նաեւ տեղեկատվամիջոցների ուշադրությունը, բայց, ինչը որ իսկապես պակասում էր, կինոյի եւ ռեժիսորների մասին պատմող-մեկնաբանող բանիմաց քննադատական խոսքն էր։ Սակայն, այս պակասությունը վերաբերում է ոչ միայն կինոյի ասպարեզին, եւ այն հաղթահարելու ճամփաներն առայժմ չեն երեւում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter