HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը և միգրացիոն օրենսդրության վերջին փոփոխությունները՝ խստացումները

Հոկտեմբերի 23-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն «Աշխատանքային միգրացիայի հարցերով մասնագիտացած հասարակական կազմակերպությունների անդրազգային ցանցի միավորում» ծրագրի շրջանակում կազմակերպել էր լրագրողների հետ հանդիպում։ «Հայկական Կարիտասի» միգրացիոն հարցերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը մեդիա դաշտի ներկայացուցիչներին ներկայացրեց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին նոր օրենքը և միգրացիոն օրենսդրության վերջին փոփոխությունները (խստացումները)։

Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրության վերջին փոփոխությունները (խստացումները)։

2023թ․ հոկտեմբերի 24-ից ուժի մեջ են մտնում ՌԴ միգրացիոն օրենսդրության նոր փոփոխությունները, որոնց համաձայն միգրանտը կարող է ինքնուրույն, «Госуслуги» կայքի միջոցով միգրացիոն հաշվառման կանգնել։ Առաջին հայացքից շատ դրական քայլ է, քանի որ միգրանտների կողմից մուտքի արգելք ստանալու պատճառներից առաջինը միգրացիոն հաշվառման բացակայությունն է կամ չբնակվելը հաշվառման հասցեում։

Այժմ միգրանտը և վարձակալած բնակարանի տանտերը պետք է գրանցված լինեն «Госуслуги» կայքում, այնուհետև բնակարանը վարձելուց հետո, միգրանտը կայքի իր էջ պետք է ներբեռնի վարձակալության պայմանագիրը, որը 3-օրյա ժամկետում պետք է հաստատի տանտերը, այնուհետև միգրանտը կհամարվի հաշվառված վարձակալած բնակարանի հասցեում, եթե տանտերը չհաստատի, հաշվառում չի իրականացվի։ 

Պատասխանատվություն կկրի միայն միգրանտը՝ մուտքի արգելքի տեսքով։ Նախկինում 7-օրյա ժամկետում միգրանտին չհաշվառելու համար, տանտերը ենթարկվում էր վարչական պատասխանատվության, այժմ միայն միգրանտն է ենթարկվելու պատասխանատվության։

«Госуслуги» կայքում գրանցվելու համար միգրանտը պետք է ունենա հարկ վճարողի նույնականացման համար (идентификационный номер налогоплательщика-ИНН): ՀՀՆՀ ստանալու համար միգրանտը պետք է ունենա միգրացիոն հաշվառում։ Առաջին անգամ ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտը, որը չունի ՀՀՆՀ շատ դժվար վիճակում է հայտնվում, որպեսզի միգրացիոն հաշվառման կանգնի պետք է ունենա ՀՀՆՀ, իսկ որպեսզի ունենա ՀՀՆՀ պետք է միգրացիոն հաշվառման կանգնած լինի։ Այսպիսի դեպքի համար առաջարկում են, որ տանտերն իր էջով ուղարկի պայմանագիրը, ապա 3-օրյա ժամկետում այն հաստատի, որպեսզի միգրանտը կարողանա կանգնել միգրացիոն հաշվառման և ձեռք բերի ՀՀՆՀ, իսկ արդեն հաշվառման երկարացման համար իր էջը բացի «Госуслуги» կայքում։ Սակայն, եթե տանտերը հրաժարվի վերը նշված գործողություններն իրականացնելուց, ապա նա որևէ պատասխանատվություն չի կրի, իսկ միգրանտը անօրինական կհամարվի և կստանա մուտքի արգելք։

Հաջորդ խնդիրը այն է, որ չնայած օրեքն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 24-ից, բայց «Госуслуги» կայքում միգրացիոն հաշվառման կանգնելու ձևաթուղթը առկա չէ։ Պետական մարմինները նշում են, որ այն մշակման մեջ է ու հավանաբար պատրաստ կլինի դեկտեմբերի 1-ին, իսկ սա նշանակում է, որ մինչև դեկտեմբերի 1-ը հնարավոր չի լինի ո՛չ միգրացիոն հաշվառման կանգնել, ո՛չ երկարացնել այդ հաշվառումը իր բոլոր հետևանքներով։

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին նոր օրենքը

2023թ․ հոկտեմբերի 26-ին ուժի մեջ կմտնի քաղաքացիության մասին նոր օրենքը, որով քաղաքացիության ձեռք բերման, քաղաքացիության դադարեցման հիմքերի փոփոխություններ են տեղի ունեցել։

  • Նախկինում ՌԴ քաղաքացու հետ 3 տարվա գրանցված ամուսնությունը հիմք էր պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիության ձեռք բերման համար, նոր օրենքով՝ գրանցված ամուսնությունից բացի պետք է ունենալ ընդհանուր երեխա(ներ) ՌԴ քաղաքացու հետ։
  • ՌԴ քաղաքացի երեխաներ ունեցողները (հանվել է տարիքային ցենզը, նախկինում միայն չափահաս երեխա ունեցողները կարող էին) կարող են դիմել ՌԴ քաղաքացիություն ձեռք բերման համար, բայց այս հիմքով այլևս ուղիղ քաղաքացիություն չի տրվի, այլ կտրվի սկզբում կացություն (ВНЖ), հետո նոր քաղաքացիություն։
  • Ռուսաց լեզվի կրողները, քննություն հանձնելուց և սերտիֆիկատ ստանալուց հետո կարող են ստանալ միայն կացություն (ВНЖ), քաղաքացիության ձեռք բերելու համար բացի ռուսաց լեզվից, պետք է քննություններ հանձնել նաև Ռուսաստանի պատմությունից և օրենսդրությունից։
  • Հանվել է ներդրումների և ձեռնարկատիրության համար պարզեցված ձևով քաղաքացիություն ստանալու հնարավորությունը։

Ավելացվել են քաղաքացիությունից զրկելու հիմքերը՝

Արդեն եղած հիմքերը կպահպանվեն, ինչպես օրինակ կեղծ տեղեկության (օրինակ՝ քաղաքացիության դիմումի մեջ չի նշել իր եղբոր անունը) կամ կեղծ փաստաթղթերի միջոցով քաղաքացիության ձեռք բերմանը, պետության անվտանգությանը սպառնալիք հանդիսանալը և այլն։  Այժմ քաղաքացիությունից կզրկվեն նաև նրանք, ովքեր կմեղադրվեն հետևյալ հանցագործությունների մեջ՝

  • Բանդիտիզմ
  • Զինված ուժերի վարկաբեկում
  • Մասսայական անկարգությունների կազմակերպում
  • Դավաճանություն
  • Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն

Եթե կեղծ փաստաթղթերով քաղաքացիություն ձեռք բերելու համար կա վաղեմության ժամկետ՝ 10 տարի, ապա նոր ավելացած հիմքերի պարագայում նշանակություն չունի, թե երբ են կատարվել այդ հանցագործությունները, այսօր, երեկ, թե 25 տարի առաջ։

Համաձայն նոր օրենքի՝ նախագահը պահպանում է միայն բացառիկ հիմունքներով քաղաքացիություն շնորհելու իրավասությունը այն անձանց, որոնք Ռուսաստանին մատուցել են բացառիկ ծառայություններ կամ հետաքրքրություն են ներկայացնում իրենց մասնագիտության, որակավորման կամ այլ պատճառներով։ (Նախկին օրենքի համաձայն՝ նախագահին էր վերապահված քաղաքացիության շնորհման բոլոր ձևերը, այդ թվում՝ քաղաքացիության շնորհում ընդհանուր ձևով)։

Մնացած դեպքերում քաղաքացիության հարցերը կորոշեն ներքին գործերի և արտաքին գործերի նախարարությունները։ Հայտերի քննարկման ժամկետը կրճատվել է մեկ տարուց մինչև երեք ամիս։

Միաժամանակ պետության ղեկավարը նոր լիազորություն է ձեռք բերել․ նախագահը կսահմանի այն անձանց կատեգորիաները, որոնք իրավունք կունենան պարզեցված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու։ Դրա համար բավարար կլինի նախագահի հրամանագիրը, օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն այլևս չի լինի։ Այսինքն, անհրաժեշտության դեպքում արագ կհամալրվի նման անձանց ցանկը, իսկ չափանիշները կարող են լինել ցանկացած տեսակի՝ սկսած տվյալ տարածքում անձի բնակությունից մինչև կոնկրետ մասնագիտություն ունենալը։

Վերը նշված փոփոխությունները կարող են հանգեցնել

  • միգրանտների անօրինական դառնալու դեպքերի աճին,
  • ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող ՌԴ քաղաքացիների քաղաքացիությունից զրկելու դեպքում, անհասկանալի վիճակում հայտնվելուն։ 

Արդեն իսկ կան ահազանգեր, այդ թվում ՌԴ-ում ՀՀ հյուպատոսարաններ, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող ՌԴ քաղաքացիությունը դադարեցվում է ինչ-ինչ պատճառներով, նրանց քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ և փաստաթուղթ չի տրվում ու այդ մարդիկ չեն կարողանում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, քանի որ չունեն վավեր անձը հաստատող փաստաթուղթ։

Գլխավոր լուսանկարը՝ ԵԱՀԿ պաշտոնական էջից

Մեկնաբանություններ (1)

ԱՇՈՏ
Կցանկանամ կարճ ժամանակամիջոցում ստանալ ՌԴ քաղաքացիություն , ունեմ մշտական բնակության վայր ,Եվ իմ հարսնացուն ազգությամբ ռուս է , ես ծառայել եմ ՌԴ ֊ ում Կալինինգրադի։։։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter