HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

Անվերահսկելի ակտիվներ․ կրիպտոարժույթների և էլեկտրոնային հաշիվների շուկան Հայաստանում

Հայաստանում կրիպտոարժույթները չեն վերահսկվում Կենտրոնական բանկի կողմից: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացնում են՝ հայտարարատու անձանց կրիպտոհաշիվների ու դրանցով կատարվող գործարքների վերահսկողության համար գործիքներն ու մեխանիզմները խիստ սահմանափակ են, իսկ էլեկտրոնային հաշիվների վերահսկողությունը թերի է։

Ի՞նչ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում կրիպտոարժույթը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից (ԿԿՀ) փորձեցինք պարզել, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում պաշտոնյաների կողմից կրիպտոարժույթով կատարվող գործարքները։ 

«Պաշտոնատար անձանց կողմից կրիպտոարժույթներով կատարվող գործարքներում հնարավոր ռիսկեր են հանդիսանում, մասնավորապես, թվային եղանակով կաշառքի ստացումը և հնարավոր յուրացումը՝ հիմք ընդունելով դրամական միջոցների հնարավոր անվերահսկելի շարժը»,- ի պատասխան՝ ասացին ԿԿՀ-ից։

ԿԿՀ-ից տեղեկացրին, որ հանձնաժողովի՝ պաշտոնյաների կրիպտոարժույթները և գործարքները վերահսկելու գործիքներն ու մեխանիզմները սահմանափակ են, սակայն չհայտարարագրելու դեպքում պաշտոնյան ստիպված է լինելու զարտուղի ճանապարհներ գտնել կրիպտոարժույթը այլ արժույթի վերածելու կամ դրանով գործարքներ կատարելու համար, որն էլ կարող է հասանելի դառնալ և՛ հանձնաժողովին, և՛ իրավապահ մարմիններին։

Կենտրոնական բանկը (ԿԲ) ևս չի վերահսկում կրիպտոարժույթով կատարվող գործարքները, ուստի հանձնաժողովը չունի այդ գործարքների վերաբերյալ տեղեկատվություն։ Ստացվում է, որ եթե պաշտոնյաները չհայտարարագրեն իրենց կրիպտոարժույթները, ԿԿՀ-ն չի կարող ստուգել պաշտոնյաների կրիպտոունեցվածքը։

ԿԿՀ-ին խնդրեցինք տրամադրել հայտարարատու այն անձանց ցանկը, որոնք 2022 թվականին կրիպտոարժույթ են հայտարարագրել։ Հանձնաժողովն այդ ցանկը տրամադրելու համար ժամանակ խնդրեց, քանի որ կայքը (cpcarmenia.am) սպասարկման փուլում է։ Թե երբ կավարտվի կայքի սպասարկումը, դժվարացան պատասխանել։

Բոլոր հայտարարատու անձանց հայտարարագրերը ուսումնասիրելու ժամանակատարությունը հաշվի առնելով՝ մեր ընտրանքում որոշեցինք ներառել նախարարներին և նրանց տեղակալներին, պատգամավորներին, դատախազներին, դատախազության մյուս պաշտոնյաներին և քաղաքապետարանի աշխատակիցներին։

Կրիպտոարժույթ հայտարարագրած պաշտոնյաները

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կրիպտոունեցվածքով առաջատարն է։ Տարեսկզբին նա հայտարարագրել է 1 Bitcoin, 5 Ethereum և 1,483 ADA Cardano։ Տարեվերջին միայն Bitcoin-ն է ավելացել և դարձել 1․81, իսկ մյուս կրիպտոարժույթների քանակը նույնն է։ Երևանի քաղաքապետի ընտություններին ընդառաջ Տիգրան Ավինյանը հայտարարագրել է 2․40 Bitcoin, որը համարժեք է 68 հազար ԱՄՆ դոլարի, 5 Ethereum՝ 7 700 ԱՄՆ դոլար և 1,483 ADA Cardano՝ 358 ԱՄՆ դոլար։ Հայտարարագրերում կրիպտոարժույթի ծագման աղբյուրը պաշտպանված է, այդ իսկ պատճառով հնարավոր չէ տեսնել, թե ինչ ճանապարհով է այն ձեռք բերվել։

Լուսանկարը՝ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջից

«Ես մինչև իմ պաշտոն ստանձնելն էլ հետաքրքրված եմ եղել կրիպտոարժույթներով և իմ առաջին հայտարարագրում էլ ներկայացրել եմ դրանք։ Վերջերս ձեռք եմ բերել ANT մայներներ, որոնք արտադրում են բիթքոյն, որի համար որոշակի վճարումներ եմ ստանում։ Իմ մայները քառակուսի սարք է, որը միացնում ես ինտերնետին, էլեկտրաէներգիային և pool-ին, որոնց միջոցով էլ կազմակերպվում է այդ արտադրությունը։ Մեկ դրամապանակից մեկ այլ դրամապանակ փոխանցումը ապահովելու համար ANT մայներները որոշ չափով էներգիա են կլանում և այդ էներգիան վերածում են կոդերի, որի արդյունքում ստեղծվում է բլոկ, որն էլ միացվում է ընդհանուր շղթային։ Երբ արտադրությունը դու ես կազմակերպում, հետաքրքիր կլինի կոմբինացված էլեկտրաէներգիայի արտադրություն և մայնինգի փոքր ցանց ունենալը։ Ինքս մայնինգի համար արտադրողից եմ գնում էլեկտրաէներգիան: Կրիպտոարժույթներով գործարքներ չեմ անում, պահում եմ որպես ակտիվներ. այս ոլորտում վերահսկողությունը շատ կարևոր է, որովհետև կրիպտոարժույթները կարող են հնարավորություններ ստեղծել կոռուպցիոն գործարքների, սև փողի շրջանառության համար, հետևաբար՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, Կենտրոնական բանկը և Կառավարությունը որոշակի գործիքակազմ պետք է ստեղծեն», - Տիգրան Ավինյանը ասել է 2022-ի մայիսին՝ Հետք Մեդիա Գործարանի հարցին ի պատասխան։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը 2022-ի տարեսկզբին հայտարարագրել է 31,432 ԱՄՆ դոլարին համարժեք Bitcoin, որը կազմում է 1․11 Bitcoin, իսկ տարեվերջին՝ 11,245 ԱՄՆ դոլարին համարժեք 0.40 Bitcoin: Նա նաև ունի Ripple տեսակի կրիպտոարժույթ։ Ըստ հայտարարագրի՝ 2022-ի տարեսկզբին Հակոբ Վարդանյանն ունեցել է 1,818 ԱՄՆ դոլարի չափով, իսկ տարեվերջին՝ 670 ԱՄՆ դոլարին համարժեք 1 396 Ripple։

Լուսանկարը՝ aysor.am-ի

«Հայտնում եմ, որ կրիպտոհաշիվներ տնօրինում եմ 2017թ․-ից։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ կրիպտոարժույթներ ձեռք եմ բերել ուղղակի գնմամբ, ինչպես նաև արդյունահանել եմ ինքս՝ համակարգչային սարքավորումների միջոցով։

Գտնում եմ նաև, որ ցանկացած գործունեության համար անհրաժեշտ են կարգավորող օրենսդրական ակտեր, սակայն տվյալ հարցին մասնագիտական գնահատական կարող է տալ ոլորտը կարգավորող լիազոր մարմինը»,- ասաց Հակոբ Վարդանյանը։

Հարցին՝ կրիպտոարժույթը կոռուպցիոն ռիսկեր պարունակո՞ւմ է, Հակոբ Վարդանյանը պատասխանեց՝ հասկանալի չէ, թե ինչ ռիսկերի մասին է խոսքը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հայտարարագրել է 17,533 xFTN, որը համարժեք է 19 110 ԱՄՆ դոլարի։ xFTN-ը փոխվել է FTN-ի երեք ամիս առաջ՝ BetConstruct բլոկչեյնում։

Լուսանկարը՝ Zara Manucharyan / Wikimedia Commons

«Կրիպտոհաշիվներ տնօրինում եմ 2022 թվականից։ Իսկ կրիպտոարժույթները ձեռք են բերվել կրիպտոարժութային բորսայի էլեկտրոնային հարթակներից։ Քանի որ կրիպտոարժույթը նոր տեխնոլոգիական լուծում է, շատ երկրներում դեռևս բավարար կանոնակարգված չէ։ Որոշակի կանոնակարգվածություն կա ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում։ Իհարկե, որքան դաշտը կանոնակարգված է, այնքան ռիսկերը ավելի նվազ են, ու սպառողների կամ դրանից օգտվողների շահերը՝ ավելի պաշտպանված»,- պատասխանեց Դավիթ Խաչատրյանը։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տարեսկզբին հայտարարագրել է 2 Ethereum, իսկ տարեվերջին՝ 4 Ethereum, որը համարժեք է 6210 ԱՄՆ դոլարի։

Լուսանկարը՝ Erik Babajanian/Wikimedia Commons

Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը «Հետքին» ասաց, որ Վահե Հովհաննիսյանի տնօրինած կրիպտոարժույթների ծագման աղբյուրի վերաբերյալ տեղեկությունն անձնական տվյալ է և, հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին, հրաժարվեց տեղեկատվություն տրամադրել։ Իսկ կրիպտոարժույթների հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին առաջարկեց հարցնել ԿԲ-ին և Էկոնոմիկայի նախարարությանը։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Նարեկ Զեյնալյանը 2022-ի տարեսկզբին 600 ԱՄՆ դոլարին համարժեք SHIBA տեսակի կրիպտոարժույթ է հայտարարագրել, իսկ տարեվերջին՝ 200 ԱՄՆ դոլարին համարժեք։

Լուսանկարը՝ Նարեկ Զեյնալյանի ֆեյսբուքյան էջից

Նարեկ Զեյնալյանին հարցում էինք ուղարկել օգոստոսի 24-ին, որին նա մինչ օրս չի պատասխանել։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Ցիրունյանը և՛ տարեսկզբին, և՛ տարեվերջին հայտարարագրել է 0․5 Bitcoin, որը համարժեք է 14 170 ԱՄՆ դոլարի։

Լուսանկարը՝ Հայկ Ցիրունյանի ֆեյսբուքյան էջից

«Տեղեկացնում եմ, որ կրիպտոարժույթը ինքս չեմ ձեռք բերել, այլ 2015 թվականին ստացել եմ 300 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց։ Երբևէ կրիպտոարժույթով որևէ ծառայության դիմաց չեմ վճարել։ Կրիպտոարժույթով որևէ գործարք չեմ անում։ Կրիպտոարժույթների ոլորտում, ինչպես մնացած բոլոր ոլորտներում, օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն տեսնում եմ, բայց դա պետք է իրականացնել մասնագետների լայն շերտերի ներգրավմամբ։ Հաշվի առնելով այն փաստը, որ կրիպտոարժույթները մուտք են գործել մեր կյանք բոլորովին վերջերս, և միջազգային փորձն այնքան էլ հարուստ չէ, կարծում եմ, որ բավականին մեծ աշխատանք կա անելու»,- «Հետքին» պատասխանեց Հայկ Ցիրունյանը։

Նշենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 1 Bitcoin-ի արժեքը կազմել է 28 704 ԱՄՆ դոլար, տարվա կտրվածքով այն աճել է 42․4%-ով։

Այս պաշտոնյանները, ըստ Գույքի և եկամուտների հայտարարագրման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի, հայտարարատու անձինք են համարվում պաշտոնը դադարեցնելուց հետո ևս 5 տարի, որից հետո նրանք այլևս հայտարարագրեր չեն ներկայացնելու ԿԿՀ։

Ի՞նչ է կրիպտոարժույթը

Կրիպտոարժույթն ամբողջությամբ առցանց (վիրտուալ) արժույթ է, որը կարելի է օգտագործել այնպես, ինչպես տարբեր երկրներում գրանցված արժույթները (դրամ, դոլար, եվրո և այլն)։ Կրիպտոարժույթը չի թողարկվում որևէ մեկի կողմից՝ կառավարության, բանկերի կամ այլ մարմնի։ Այն ստեղծվում և վերահսկվում է համակարգչային ծրագրերի կողմից։ Bitcoin կարելի է ձեռք բերել կա՛մ «մայնինգի» միջոցով, կա՛մ մեկ այլ անձից գնելով։ Կրիպտոարժույթները պահվում են առցանց դրամապանակներում։ Bitcoin-ը կրիպտորաժույթի տեսակ է, բայց ոչ միակը։ Կան նաև այլ տիպի կրիպտոարժույթներ, օրինակ՝ Etherium, Tron, Monero, Shiba և այլն։ Այս կրիպտոարժույթների հիմքում ընկած տեխնոլոգիաները նման են, բայց որոշների դեպքում դրանք ավելի մեծ գաղտնիության հնարավորություն են տալիս։

Կրիպտոարժույթով գործարքներ կարող են լինել երկու հաշիվների միջև կամ երրորդ կողմի միջոցով, օրինակ՝ բրոքերների, որոնք միջնորդ օղակ են գործարքների համար: Բրոքերների միջամտությունը հիմնականում օգտագործվում է, որպեսզի գործարքներն ավելի բարդ մեխանիզմով կատարվեն և դժվարացնեն դրանց հնարավոր գաղտնազերծումը։

Օրինակ՝ Bitcoin-ով գործարքները կատարվում են blockchain-ի միջոցով, որը թույլ չի տալիս նույն մարդու կողմից երկրորդ անգամ օգտագործել Bitcoin-ի մեկ միավորը։ Blockchain-ում գրանցվում են բոլոր գործարքները, բայց դրանք անանուն են, հնարավոր չէ նույնականացնել այդ գործարքների հետևում կանգնած մարդկանց։

Ինչպե՞ս են վերահսկվում էլեկտրոնային հաշիվները

Բացի կրիպտոարժույթից, պաշտոնյանները հայտարարագրում են նաև էլեկտրոնային հաշիվներ։ Հայաստանի ԿԲ-ի կողմից վերահսկվող էլեկտրոնային հաշիվներից են, օրինակ, IDram-ը, easywallet-ը, Telcell Wallet-ը և այլն, իսկ միջազգային կառույցների կողմից վերահսկվող էլեկտրոնային հաշիվներից են՝ PayPal-ը, Apple Wallet-ը, Google Pay-ը և այլն։

Ի տարբերություն կրիպտոարժույթի՝ այս պարագայում ԿԿՀ-ն վերահսկման որոշ՝ սահմանափակ մեխանիզմներ ունի։ Պաշտոնյաների էլեկտրոնային հաշիվները և դրանցով կատարվող գործարքները վերահսկել հնարավոր է, եթե այդ հաշիվները լիցենզավորված են ԿԲ-ի կողմից, իսկ միջազգային կառույցների կողմից լիցենզավորված էլեկտրոնային հաշիվները չեն վերահսկվում ԿԿՀ-ի կողմից։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ԿԿՀ-ից հայտնեցին․

«Հանձնաժողովը հայտարարագրերի վերլուծության ընթացքում իրավասու է Կենտրոնական բանկ ուղղված հարցման միջոցով պահանջել և ստանալ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված էլեկտրոնային հաշիվների վերաբերյալ տեղեկությունները։ Մյուս բոլոր դեպքերում Հանձնաժողովը չունի կրիպտոարժույթով կամ էլեկտրոնային հաշիվներով կատարվող գործարքների, ինչպես նաև՝ ծագման աղբյուրի հավաստիության վերաբերյալ տվյալների ստուգման մեխանիզմներ»։

Մեր ընտրած պաշտոնյաներից մի քանիսը հայտարարագրել էին էլեկտրոնային հաշիվներ։ Դրանք տեղական ընկերությունների են պատկանում, որոնք վերահսկվում են ԿԲ-ի կողմից։

Հոդվածում առկա կրիպտոարժույթ-դոլար հաշվարկը կատարվել է 19.10.2023-ին և հրապարակումից հետո հնարավոր է անհամապատասխանություն՝ փոխարժեքի տատանումներով պայմանավորված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter