HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ադրբեջանին փաստացի հրետանի առաքած Սլովակիան անմեղ է ձեւանում

2017-2018 թթ. փաստաթղթերով դեպի Իսրայել, իսկ իրականում դեպի Ադրբեջան հրետանային սպառազինություն արտահանած Սլովակիան ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե ինքն Ադրբեջանին նման զենք չի հատկացրել: Փաստացի գործել է զենքի տեղափոխման Սլովակիա-Իսրայել-Ադրբեջան երթուղին, ու հիմա, ինչպես նախկինում, պաշտոնական Բրատիսլավան հայտարարում է, թե զենքը նախատեսված է եղել բացառապես Իսրայելի համար, չնայած որ այն վաղուց Ադրբեջանում է, ավելին՝ Ադրբեջանն այդ հրետանային միջոցները կիրառել է, մասնավորապես, իր իսկ սանձազերծած 44-օրյա պատերազմում:

Ինչպես լրագրողները փաստի առաջ կանգնեցրին Սլովակիայի իշխանություններին

Սլովակիայից Իսրայելի միջոցով զենք արտահանելու կեղտոտ գործարքի վրա լույս սփռեցին չեխ հեռուստալրագրողները, որոնք 2017-2018 թթ. հեռարձակված մի քանի հաղորդումներով ցույց տվեցին, թե ինչպես է Սլովակիայի «MSM» ընկերությունը, որը պատկանում է չեխ ազդեցիկ զինագործ Յարոսլավ Ստրնադի «Czechoslovak Group»-ին, Ադրբեջան արտահանել 122 մմ տրամաչափի «RM-70» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ, խորհրդային/ռուսական «Գրադի» նմանակն է) եւ 152 մմ տրամաչափի «Dana» ինքնագնաց հաուբիցներ, որոնք օգտագործված են եղել: Այս գործարքին անդրադարձել էր նաեւ Սլովակիայի «Dennik N» պարբերականը: Չեխ եւ սլովակ լրագրողները ներկայացրել էին նաեւ Սլովիակիայում ՀՀ այն ժամանակվա (2012-2018 թթ.) դեսպան Տիգրան Սեյրանյանի քննադատությունը պաշտոնական Բրատիսլավայի հասցեին:

«RM-70» ՀԿՌՀ-ների ու «Dana» հաուբիցների արտադրությունն սկսվել է դեռ 1970-80-ական թթ., երբ գոյություն ուներ միասնական Չեխոսլովակիան: Երկու զինատեսակներն էլ թողարկվում էին Սլովակիայի Դուբնիցա նադ Վահոմ քաղաքում: «Dennik N»-ը նշում է, որ Յարոսլավ Ստրնադի ընկերություններն այս զինատեսակները ձեռք էին բերել նախկին Վարշավյան պայմանագրի պետությունների բանակների ավելցուկներից: Դրանք հետագայում վերանորոգվել են, արդիականացվել, փորձարկվել ու գտել նոր հաճախորդներ, որոնք պատրաստ էին վճարել:

Զենքի առեւտրի ուսումնասիրության մեջ մասնագիտացած Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտն (SIPRI) իր վիճակագրության մեջ նշել է, որ 30 հատ «RM-70»-ների պատվերն Ադրբեջանը հավանաբար տվել է 2016-ին, իսկ առաքումը կատարվել է 2017-2018 թթ.: Սակայն որպես առաքող երկիր «SIPRI»-ն նշում է Չեխիան՝ հավելելով, որ տեխնիկան եղել է օգտագործված, բայց առաքումից առաջ վերանորոգվել է, իսկ արտահանումը կատարվել է Սլովակիայի ու Իսրայելի միջոցով: Իսկ ահա 36 հատ «Dana» հաուբիցների պատվերը, ըստ շվեդական ինստիտուտի, ադրբեջանցիները տվել են հավանաբար 2012-ին, մատակարարումները կատարվել են 2017-2018 թթ.: Առաքող երկիրը եղել է Սլովակիան, տեխնիկան եղել է օգտագործված, սակայն վերանորոգվել է մինչեւ առաքումը: 

Այդուհանդերձ, չեխ եւ սլովակ լրագրողները նշել էին, որ «RM-70»-ների եւ «Dana»-ների արտահանողը եղել է Ստրնադի «MSM»-ը, որին դեպի Իսրայել զենք արտահանելու թույլտվությունը տվել էր Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը: «MSM»-ն իր հերթին հայտարարել էր, թե զինտեխնիկան նախատեսված է եղել իսրայելական «Elbit Systems» ընկերության համար, որը, հիշեցնենք, Ադրբեջանի խոշոր ռազմական մատակարարներից է: 

«Մենք բազմիցս կրկնել ենք, որ մեր ընկերությունը պտուտակ անգամ չի ուղարկել Ադրբեջան եւ խստորեն հարգում է բոլոր միջազգային կանոնակարգերն ու օրենսդրությունը: Մեր հաճախորդը «Elbit Systems»-ն է եւ վերջնական օգտագործողը՝ Իսրայելի Պետությունը»,- հայտարարել էր «MSM»-ի մամուլի քարտուղարը: Դեսպան Սեյրանյանն իր հերթին նշել էր, որ եթե «ամեն ինչ մաքուր է թղթի վրա», դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կարգին է: «Միայն միամիտ մարդը կարող է կարծել, թե «Czechoslovak Group»-ը չգիտեր, որ ՀԿՌՀ-ներն ու հաուբիցներն արտահանվում են Ադրբեջան»,- ասել էր նա:

«RM-70» ռեակտիվ համակարգերը՝ Ադրբեջանի լայնամասշտաբ զորավարժություններում. 2017 թ. սեպտեմբեր

Չեխ լրագրողները զրուցել էին «MSM»-ի աշխատակիցներից մեկի հետ, որը պատմել էր, որ Սլովակիայում վերապատրաստվել են ադրբեջանական բանակի տեխնիկները, որպեսզի կարողանան զենքը սպասարկել: «Երբ ինչ-որ բան փչանում էր, մեր մեխանիկներն անմիջապես մեկնում էին Ադրբեջան: Ավելի ուշ ադրբեջանցիներն սկսեցին իրենց մեխանիկներին ուղարկել մեզ մոտ: Օրինակ՝ հոկտեմբերին 5 մեխանիկներ վերապատրաստվել են Սլովակիայում 3 օրվա ընթացքում, որպեսզի մեքենաներն իրենք կարողանան վերանորոգել»,- պատմել էր աղբյուրը՝ նկատի ունենալով 2017 թ. իրադարձությունները: Տիգրան Սեյրանյանը նաեւ ուշադրություն էր հրավիրել ադրբեջանական «Silk Way Airlines» ավիաընկերության կողմից պարբերաբար դեպի Բրատիսլավա կատարվող բեռնատար թռիչքներին. «Կան հստակ ապացույցներ, որ ադրբեջանական ավիաընկերության բոլոր թռիչքները Բրատիսլավայից մեկնում են իսրայելական Օվդա կամ Թել Ավիվ քաղաքներ, իսկ այնուհետեւ՝ Ադրբեջանի մայրաքաղաք»:

Չեխ ու սլովակ լրագրողներն էլ Բրատիսլավայի օդանավակայանում ֆիքսել էին Ստրնադի ձեռնարկության վերանորոգած, արդիականացրած զինտեխնիկան:

«Tatra» տիպի այս մեքենաները Բրատիսլավայի օդանավակայանից տեղափոխվելու են Սլովակիայի մեկ այլ քաղաք՝ Տրենչին, որի «MSM» գործարանում դրանց վրա մոնտաժվելու են «Dana» հաուբիցները

Չեխ լրագրողները 2018-ի հունիսին, հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին, հայտնել էին, որ Ադրբեջանի բանակը մարտական իրավիճակին մոտեցված պայմաններում արդեն փորձարկել է Սլովակիայից ստացված «Dana» հաուբիցները: Իսկ ահա օրեր անց՝ հունիսի 26-ին, դրանք ցուցադրվեցին Բաքվում անցկացված ռազմական շքերթում (տես գլխավոր լուսանկարում):

Չնայած չեխ լրագրողները դեռ 2017 թ. սեպտեմբերին էին հայտարարել դեպի Ադրբեջան զենքի արտահանման մասին, Սլովակիայի էկոնոմիկայի այն ժամանակվա (2016-2020 թթ.) նախարար Պետեր Ժիգան (Peter Žiga) լրագրողական բացահայտումների ճնշման տակ միայն 2018 թ. ապրիլին էր դիմել իր երկրի անվտանգության մարմիններին, որպեսզի կասկածները ստուգվեն: Միեւնույն ժամանակ, նա հայտարարել էր, թե կասկած չունի, որ զենքերը գտնվում են Իսրայելում: Իսրայելի պաշտպանության նախարարությունն, ըստ Ժիգայի, գրավոր կերպով հաստատել էր, որ զենքն Իսրայելից չի արտահանվի: «Հակառակ դեպքում, մենք պետք է Իսրայելին կասկածի տակ դնենք որպես վստահելի երկիր եւ ստիպված կլինենք պատժամիջոցներ սահմանել»,- ասել էր Պ. Ժիգան:

«Dana» ինքնագնաց հաուբիցները՝ Ադրբեջանի լայնամասշտաբ զորավարժություններում. 2017 թ. սեպտեմբեր

«Մենք՝ որպես վարչական մարմին, չենք կարող գործել միայն կասկածների հիման վրա: Մենք պետք է ստուգենք բոլոր փաստերը եւ հավաքենք դատական առումով ընդունելի բավականաչափ ապացույցներ, որպեսզի կարողանանք որոշակի որոշում կայացնել»,- նշել էր Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը: Իր հերթին «Dennik N»-ը նկատել էր, որ այդ հետաքննությունն այլեւս չի կարող վտանգ ներկայացնել Յարոսլավ Ստրնադի՝ «դեպի Իսրայել» արտահանումների համար, քանի որ չեխ գործարարի ընկերությունները մինչեւ 2018 թ. հունիսի 28-ն արտահանման արտոնագիր ունեին ու, ամենայն հավանականությամբ, կարողացել են մինչ այդ օրն արտահանել պայմանագրային ապրանքն ամբողջ ծավալով: Ընդ որում՝ այդ օրվանից հետո նրանք դեպի Իսրայել արտահանումների նոր արտոնագիր չէին ուզել էկոնոմիկայի նախարարությունից:

«Եթե «MSM» ընկերությունը նման լիցենզիա խնդրի, ապա մենք ԱԳՆ-ի հետ խորհրդակցելուց հետո դա չենք տրամադրի մինչեւ Ադրբեջանին զենքի հնարավոր վերաարտահանման մասին տեղեկատվության ստուգման ավարտը»,- հայտնել էին Ժիգայի ղեկավարած էկոնոմիկայի նախարարությունից:

2018-ի հուլիսին, երբ հայտարարված հետաքննությունն իբր ընթացքի մեջ էր, «Dennik N»-ը գրել էր. «Եթե պետությունը խոստովանի, որ զենքերն Ադրբեջանում են, դա անուղղակի կերպով կհաստատի, որ մեր անվտանգության ծառայությունները ձախողել են: Էկոնոմիկայի նախարարությունը կարող է արտահանման լիցենզիա տրամադրել միայն այն դեպքում, երբ ստանա մի շարք հաստատությունների, այդ թվում՝ Սլովակիայի տեղեկատվական ծառայության կամ ազգային անվտանգության գրասենյակի համաձայնությունը»:

Ըստ էության, Սլովակիայի ԱԳՆ-ն կանխատեսել էր կամ գուցե հստակ գիտեր, թե ինչպիսի ավարտ պիտի ունենա այդ պատմությունը, դրա համար էլ նախօրոք անցել էր ինքնապաշտպանության. «Եթե հետաքննության ավարտից հետո պարզվի, որ սպառազինությունն արտահանվել է հայտարարված երկրի (Իսրայելի - «Հետք») սահմաններից դուրս, ապա դա տեղի է ունեցել առանց Սլովակիայի Հանրապետության իմացության: Այդ դեպքում մենք միջոցներ կձեռնարկենք՝ ապագայում նման իրավիճակները բացառելու ուղղությամբ»:

Ի՞նչ տեղի ունեցավ հետո

Վերը հիշատակվածը (զենքի առաքումներ, բացահայտումներ, պարզաբանումներ) տեղի էր ունեցել 2017-2018 թթ. ընթացքում: Այդ ընթացքում՝ սկսած 2018-ի փետրվարից, Սլովակիան քաղաքական վայրիվերումների մեջ էր:

Ամեն ինչ սկսվել էր 2018-ի փետրվարի 21-ին, երբ իրենց տանը սպանվեցին սլովակ հետաքննող լրագրող Յան Կուցիակը եւ նրա նշանածը: Կուցիակը հայտնի էր իր երկրում կազմակերպված հանցավորության մասին հրապարակումներով, որոնցում անդրադառնում էր նաեւ այն ժամանակվա (2012-2018 թթ.) գործող վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած կուսակցությանը՝ «Smer»-ին առնչվող դեպքերին: Կուցիակի սպանությունը քաղաքական ու հասարակարական մեծ ռեզոնանս առաջացրեց երկրում, ցույցերի դուրս եկած հազարավոր սլովակներ սկսեցին պահանջել Ֆիցոյի կառավարության հրաժարականը: Ժողովրդական ճնշման տակ վարչապետը հրաժարական տվեց, սակայն նրան այդ պաշտոնում փոխարինեց տեղակալն ու կուսակիցը՝ Պետեր Պելեգրինին (Սլովակիան, ինչպես Հայաստանը, խորհրդարանական երկիր է, երկրի փաստացի ղեկավարը վարչապետն է): Նկատենք, որ «Smer»-ի անդամ էր նաեւ էկոնոմիկայի նախարար Պետեր Ժիգան:

Պետեր Ժիգա

2020 թ. կայացած խորհրդարանական ընտրություններում «Smer»-ը պարտվեց ու 2006-ից ի վեր առաջին անգամ դարձավ ընդդիմություն: Դրանից հետո Պելեգրինին իր համախոհների հետ, որոնց թվում էր նաեւ Պ. Ժիգան, դուրս եկավ «Smer»-ից՝ հիմնելով նոր կուսակցություն՝ «Hlas»-ը: 2023 թ. կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, սակայն, «Smer»-ը, «Hlas»-ն ու աջ ծայրահեղական, ազգայնական «SNS»-ը կոալիցիա ձեւավորեցին: Այսպիսով՝ Ֆիցոն եւ նախկին գործընկերները Սլովակիայում նորից իրենց ձեռքը վերցրին իշխանական լծակները:

Ինչ վերաբերում է Պետեր Ժիգային, որը 2012-2016 թթ. Սլովակիայի շրջակա միջավայրի նախարարն էր, իսկ 2016-2020 թթ.՝ էկոնոմիկայի նախարարը, ապա 2020-ի քաղաքական փոփոխություններից հետո նախկին իշխանության բազմաթիվ պաշտոնյաների շարքում նրա հանդեպ եւս քրեական հետապնդում սկսվեց կոռուպցիոն մեղադրանքներով, չնայած հարկ է նկատել, որ դեռ շրջակա միջավայրի նախարար աշխատելիս էր Ժիգան իր փայտամշակող խոշոր ընկերության հետ հայտնվել լրագրողների եւ իրավապահների ուշադրության կենտրոնում:

Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը շարունակում է արդարանալու փորձերը

Վերադառնանք ժամանակին Պետեր Ժիգայի ղեկավարած ԷՆ-ի կողմից «MSM»-ին դեպի Իսրայել (իրականում՝ Ադրբեջան) զենք արտահանելու թույլտվությանը:

Յան Կուցիակի անվան հետաքննական կենտրոնի (Investigative center of Jan Kuciak) իր գործընկեր լրագրողների միջոցով «Հետքը» որոշ մանրամասներ է պարզել 2017-2018 թթ. դեպի Ադրբեջան հրետանու առաքումների մասին: Մեր գործընկերներին խնդրել էինք հետարքրքվել, թե ինչ ընթացքում է ԷՆ-ի կողմից ժամանակին հայտարարված հետաքննությունը, ինչ է պարզվել դրա արդյունքում: Կուցիակի անվան կենտրոնը հարցեր է ուղարկել ԷՆ, որի պատասխանները, ինչպես եւ սպասվում էր, խուսափողական են:

-Տեղեկություններ ունե՞ք «Dana»-ի, «RM-70»-ի կամ ցանկացած այլ զենքի՝ Սլովակիայից Ադրբեջան արտահանման մասին:

-Սլովիակիայի էկոնոմիկայի նախարարությունը վերջին 10 տարում չի տրամարդել արտահանման լիցենզիա՝ «Dana» հաուբիցներ եւ «RM-70» համակարգեր դեպի Ադրբեջան արտահանելու համար:

-Տեղեկություններ ունե՞ք, թե արդյոք նախարար Ժիգան խնդրել է հատուկ ծառայություններին ստուգել այդ ինֆորմացիան, եւ ո՞ր ծառայությունների մասին է խոսքը:  

-Սլովակիայի տեղեկատվական ծառայությանը (սա հետախուզական եւ հակահետախուզական գործունեություն ծավալող պետական մարմին է - «Հետք») եւ ՊՆ-ին խնդրել են ստուգել պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանումը դեպի Իսրայել, ինչի մասին հայտնել են լրատվամիջոցները: Երկուսն էլ հաստատել են, որ Իսրայել են արտահանվել միայն «Dana» հաուբիցներ եւ «RM-70» համակարգեր՝ ԷՆ-ի կողմից տրված արտահանման լիցենզիային համապատասխան:

-Տեղեկություններ ունե՞ք, թե ինչպես է ընթացել այդ ստուգումը, այն ինչ-որ եզրակացության կամ գործողությունների հանգեցրե՞լ է:

-Միջնորդավորված տեղեկատվությունը, որը վերաբերել է «Dana» հաուբիցների եւ «RM-70» ռեակտիվ համակարգերի արտահանմանը, որը կատարվել է գործող լիցենզիային համապատասխան, հետաքրքրել է ոչ միայն Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությանը, այլեւ տեղեկատվական ծառայությանը, ՊՆ-ին եւ արտաքին եւ եվրոպական գործերի նախարարությանը:

Արտահանման վերոնշյալ լիցենզիան սլովակական տնտեսվարող սուբյեկտին տրամադրվել է այն բանից հետո, երբ Իսրայելի ՊՆ-ն գրավոր պարտավորվել է, որ ինքը հետագայում չի արտահանելու (վերաարտահանելու) պաշտպանական արդյունաբերության այդ արտադրանքը Իսրայելից: Դրա վերաբերյալ Սլովակիայի ԷՆ-ն ունի Իսրայելի ՊՆ-ի գրավոր պարտավորությունը, որում նշված են բոլոր մանրամասները, ինչպես պահանջում է գործող օրենսդրությունը: Միեւնույն ժամանակ մինչեւ արտահանման լիցենզիայի տրամադրումը, ինչպես նաեւ դրա գործողության ընթացքում Սլովակիայի ՆԳՆ-ն, ՊՆ-ն, արտաքին եւ եվրոպական գործերի նախարարությունը, ազգային անվտանգության գրասենյակը, տեղեկատվական ծառայությունը, ինչպես նաեւ ֆինանսների նախարարության ֆինանսական տնօրինության քրեական գրասենյակը ոչ մեկ անգամ արտահայտել են իրենց կարծիքն այս տնտեսական գործարքի վերաբերյալ: Նշված հաստատություններից ոչ մեկը չի առարկել արտահանման լիցենզիա տրամադրելու կամ դրա գործողության ժամկետը երկարացնելու դեմ, ինչը նշանակում է, որ հիշատակվածներից ոչ մի ատյան տվյալ բիզնես գործարքը չի գնահատել որպես ռիսկային: Բացի դրանից՝ ԷՆ-ն արտահանողին պարտավորեցրել է ներկայացնել, այսպես կոչված, առաքման հաստատման սերտիֆիկատը՝ հասցեատեր երկրի պետական մարմնի կողմից տրված գրավոր փաստաթուղթ այն մասին, որ ապրանքները պատշաճ կերպով առաքվել են Իսրայելի Պետություն: Պահանջված փաստաթուղթը ԷՆ-ին ներկայացվել է 2018 թ. հոկտեմբերի 24-ին: Փաստաթղթի իսկությունը ստուգվել է դիվանագիտական խողովակներով՝ արտաքին եւ եվրոպական գործերի նախարարության միջոցով, եւ հաստատվել է գրավոր կերպով:

ԷՆ-ն խստորեն հետեւում է միջազգային իրավունքից բխող պարտավորություններին եւ չի թույլատրել զենքի արտահանում էմբարգոյի տակ գտնվող երկրներ (նույնիսկ Ադրբեջան): Նույնկերպ նախարարությունը կատարել է բոլոր իրավական պարտավորությունները եւ դեպի Իսրայել պաշտպանական արդյունաբերության արտադրանքի արտահանման լիցենզիա է տվել՝ այդ ապրանքները չվերաարտահանվելու պայմանով։ Ինչպես արդեն նշվեց, ԷՆ-ն այս առումով ունի Իսրայելի ՊՆ-ի գրավոր պարտավորությունը, որում նշված են գործող օրենսդրությամբ պահանջվող բոլոր մանրամասները, եւ դրա իսկությունը ստուգվել է մինչեւ արտահանման լիցենզիայի տրամադրումը:

-Տեղեկություններ ունե՞ք, թե, բացի 2018 թ. միջնորդավորված մատակարարումներից, Սլովակիայից դեպի Ադրբեջան ինչ այլ զենք կամ սպառազինություն է արտահանվել:

-Ինչպես արդեն նշվեց վերեւում, Սլովակիայի ԷՆ-ն վերջին 10 տարում դեպի Ադրբեջան զենքի կամ սպառազինության արտահանման որեւէ լիցենզիա չի տրամադրել: Պաշտպանական արդյունաբերության արտադրանքի՝ վիճակագրորեն արտահայտված ամբողջ արտահանումը դեպի Ադրբեջան բացառապես «Božena» ականազերծման համակարգի ու դրա պահեստամասերի արտահանումն է մարդասիրական նպատակներով։  

-Տեղեկություններ ունե՞ք այն մասին, թե արդյոք Սլովակիայից զենքն օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում վերջին տարիների ռազմական գործողությունների ժամանակ, վերջին անգամ՝ այս տարի: Օրինակ՝ «Dana» հաուբիցները կամ «RM-70» ռեակտիվ համակարգերը:

-Սլովակիայի ԷՆ-ն չունի իրավական հնարավորություններ եւ իրավասություններ՝ իրատեսորեն ստուգելու այն փաստը, թե արդյոք վերջին տարիներին Սլովակիայից զենքը միջամտել է Լեռնային Ղարաբաղի համար մղվող մարտերին։ Սակայն, ինչպես երեւում է վերը նշված ինֆորմացիայից, Սլովակիայի ԷՆ-ն վերջին 10 տարում չի տրամադրել դեպի Ադրբեջան զենքի արտահանման որեւէ լիցենզիա, ինչը նշանակում է, որ Սլովակիան ակնհայտորեն չի եղել այդ ժամանակահատվածում դեպի Ադրբեջան որեւէ սպառազինություն արտահանող երկիր։

Սլովակիայի ԷՆ-ն հետեւողականորեն պահպանում է Սլովակիայի բոլոր միջազգային պարտավորությունները զենքի առեւտրի ոլորտում, ինչի մասին է վկայում այն ​​փաստը, որ Զենքի առեւտրի մասին պայմանագրի մասնակիցների համաժողովում 2017 թվականից ի վեր Սլովակիան բազմիցս ընդգրկվել է ամենաթափանցիկ երկրների շարքում, մինչդեռ պետք է նշել, որ այս պայմանագիրը ստորագրվել է 130 երկրների կողմից եւ վավերացվել 87-ի կողմից։

***         

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Սլովակիան, ներքաշված լինելով Իսրայելի միջոցով դեպի Ադրբեջան հրետանային միջոցներ արտահանելու կեղտոտ գործարքում, 2018 թվականից մինչ օրս շարունակում է անմեղ ձեւանալ՝ շարունակաբար հղում անելով Իսրայելի կողմից ստորագրված ինչ-որ պարտավորության (միջազգայնորեն դա հայտնի է որպես վերջնական օգտագործողի սերտիֆիկատ - end-user certificate, EUC), որն Իսրայելի պարագայում չունի անգամ այն թղթի արժեքը, որի վրա կազմվել է:

Դե իսկ այն փաստը, որ սպառազինության իրական գնորդը Բաքվի ռեժիմն էր, ու վերջինս 2018-ից ի վեր չի էլ թաքցրել այդ հանգամանքը, փոխարենը հրապարակավ հպարտացել է նոր ձեռքբերմամբ ու այն հետո կիրառել հայերի դեմ սանձազերծած իր ագրեսիվ ռազմական գործողություններում, ինչպես ցույց է տալիս Սլովակիայի ԷՆ-ի արձագանքը, մազաչափ անգամ չի մտահոգում այդ երկրի կառավարությանը. կարեւորը «թղթի վրա» մաքուր ձեւանալն ու սեփական խոշոր ռազմարդյունաբերողի բիզնեսի հաջող ընթացքն է. ի՞նչ փույթ, թե այդ զենքը ձեռք բերած բռնապետն ինչ նպատակներով է այն օգտագործում: 

Առանձին թեմա է Հայաստանի գործող կառավարության հետեւողականությունն այս հարցում, սակայն 2021 թ. սեպտեմբերին երկու երկների արտգործնախարարների՝ Երեւանում կայացած հանդիպումից հետո ՀՀ ԱԳՆ-ն այդպես էլ չէր պատասխանել «Հետքի» հարցին, թե արդյոք պաշտոնյաների հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Նախարարությունը հայտնել էր, թե չի կարող հրապարակել կողմերի առանձնազրույցի բովանդակությունը:   

Առաջին լուսանկարում՝ «Dana» ինքնագնաց հաուբիցները՝ Բաքվում ընթացող ռազմական շքերթում, 26.06.2018, prezident.az

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter