HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Մարտիրոսյան

«Ստվերը» Երեւանի փողոցներում

Երեւանում ապօրինի աշխատող ուղեւորափոխադրող մեքենաների միջին թիվը 2500 է: Եթե օրական մեկ երթուղայինը վաստակում է նվազագույնը 10 հազար դրամ, ապա ստացվում է , որ մայրաքաղքում ապօրինի աշխատող միկրոավտոբուսները ստվերային շրջանառության մեջ են դնում օրական 25 մլն դրամ: Մեր հաշվարկներից պարզվում է, որ Երեւանում ամսվա ընթացքում ստվերում շրջանառվում է մոտ 500 մլն դրամ:

Ինչպե՞ս են դառնում «գծի տերեր»

Իր պաշտոնավարության ընթացքում Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը խոստացել էր, որ իսպառ կվերացվի «գծի տեր» հասկացությունը: Հեռուստաելույթներից մեկում նա խոստացել էր նաեւ, որ կհրապարակի «գծի տերերի» անունները: Սակայն, խոստումը չկատարեց: Իսկ պաշտոնանկությունից հետո արդեն Ա. Բազեյանը հայտարարեց. «Ո՞վ չգիտի, որ մեր երկրում կոռումպացված են ե՜ւ ՆԳ, ե՜ւ ԱԱ նախարարությունները, ե՜ւ դատական ե՜ւ բոլոր մյուս մարմինները: Ինչպե՞ս կարելի է մաքրազարդել տրանսպորտի ոլորտն այս պայմաններում»: Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Արամազդ Զաքարյանը մեր զրույցի ընթացքում ասաց. «Տարբեր նախարարներ, պաշտոնյաներ բազմաթիվ միջնորդություններ են արել: Իրենց աշխատակիցներին ուղարկում էին եւ պահանջում' այսինչ երթուղին տվեք մեր ծառայության աշխատակիցներին»:

Ի տարբերություն «գծի տերերի» վերաբերյալ նախկին պաշտոնյաների հայտարարությունների, ներկայումս այս ոլորտում պաշտոններ զբաղեցնողները ճգնում են համոզել, որ «գծի տերեր» չկան: Երեւանի կենտրոնական դիսպետչերական ընկերության փոխտնօրեն Վաչագան Կարապետյանն ասաց. «Ժողովրդի մեջ մտած «գծի տեր» հասկացությունն իրականությանը չի համապատասխանում: Եկեք նրանց անունը դնենք «երթուղի սպասարկող ընկերություններ»: Գաղտնիք չէ, որ «գծի տերերը» իրենք չեն կարգավորում երթուղին սպասարկող ընկերության աշխատանքները: Նրանք մնում են ստվերում, իրենց կողմից նշանակված հատուկ անձանց «շնորհիվ» տնօրինում են պետբյուջեն շրջանցող հսկայական գումարները: «Մենք էլ ենք շշուկներ լսում այդ մասին: Բայց պետք է կարողանանք ապացուցել... Ասում են' երթուղի կա' պատգամավոր Ռուբեն Գեւորգյանինն (Ծաղիկ Ռուբո) է: Բայց նրանք սովորական բիզնեսով զբաղվող մարդիկ են... Թե դրանք քանի էշելոն են' չեմ կարող ասել»,- ասաց Վ. Կարապետյանը:

«Սովորական բիզնեսով» զբաղվող մարդիկ

«Գծի տերերի» մասին մամուլում եղել են հրապարակումներ, որոնցից որեւէ մեկը չի հերքվել: Ըստ այդ հրապարակումների, «գծի տերերի» ցուցակում իրենց պատվավոր տեղերն են զբաղեցնում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը (որն իր այս գործունեությունը ժառանգել է որդուն), ԱԺ պատգամավոր Գագիկ Կոստանդյանը, Ռուբեն Գեւորգյանը, Մելիք Գասպարյանը: Տեղեկություններ են հրապարակվել նաեւ այն մասին, որ այս ոլորտում որոշակի հետաքրքրություններ ունեն նաեւ ներկայիս Պետեկամուտների նախարար Երվանդ Զախարյանը, ՆԳ փոխնախարար Հովհաննես Վարյանը, ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը եւ այլն: Այս ոլորտում ապօրինի ուղեւորափոխադրումներով զբաղվող կազմակերպություններին կամ առանձին շարժակազմեր հայտնաբերելու նպատակով նախկինում կազմակերպվում էին ստուգայցեր, որոնց մասնակցում էին Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների, ՆԳ եւ ՊԵ նախարարությունների ներկայացուցիչները: Նշված գերատեսչության ներկայացուցիչները պարտավոր էին կազմել համապատասխան արձանագրություններ, որոնց հիման վրա ապօրինի աշխատող միկրոավտոբուսների վարորդների նկատմամբ կիրառվում էին տույժ ու տուգանքներ: Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության տրամադրած տվյալների համաձայն, վերջին ստուգայցերը կազմակերպվել են այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին, որոնց ընթացքում հայտնաբերվել է ապօրինի աշխատող 350 տրանսպորտային միջոց: Իսկ ապօրինի ուղեւորափոխադրումներն արգելելու նպատակով անցկացվող ստուգայցերի հաստատված ժամանակացույց չկա: Ստուգայցերին մասնակցում են պետավտոտեսչության աշխատակիցները: Երթուղայինների վարորդները նշում են, որ ստուգայցերի ժամանակ 15.000 դրամի սահմաններում վարչական տույժից խուսափելու համար «մուծվում են» 3.000-7.000 դրամ: Այսպիսով, կանխվում է տուգանային հրապարակում հայտնվելը: Իսկ նշված գումարի չափը կախված է ՆԳ տվյալ աշխատակցի «ախորժակից»: Ինչ վերաբերում է նախորդ տարիների ընթացքում կազմակերպվող ստուգայցերին, դրանց արդյունքում, ըստ տրանսպորտի վարչության նախկին պետ Ա. Զաքարյանի, պարզվել է, որ անօրինական հիմունքներով գործող մեքենաների թիվը տատանվում էր 2500-4000-ի միջեւ: Հաջողվել էր հարկման դաշտ բերել 800 մեքենա: Իսկ տույժ ու տուգանքները յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում կազմել են 3-6 մլն դրամ:

Ներկայում դադարեցված ստուգայցերի «շնորհիվ» վերը նշված 2500-4000 մեքենաներն անկաշկանդ աշխատելու հնարավորություն ունեն: Դրա համար անհրաժեշտ է «լեզու գտնել» ինչպես «գծի տերերի», այնպես էլ պետական դիսպետչերական ընկերության աշխատակիցների հետ: Մեր դիտարկումների արդյունքում պարզեցինք, որ առանց համապատասխան փաստաթղթային ձեւակերպումների, ուղեւորափոխադրումներով զբաղվող վարորդներն իրենց օրվա աշխատանքի արդյունքում վաստակած գումարի առյուծի բաժինը տալիս են դիսպետչերներին ու «գծի տերերին»: Դիսպետչերներն, այս տարբերակով, «չեն նկատում» երթուղում գործող ապօրինի ուղեւորափոխադրումներով զբաղվող մեքենաներին: Իսկ «գծի տերերը» կամ նրանց դրածոները «թույլ են տալիս» ուղեւորափոխադրումներ կատարել տվյալ երթուղում: Եթե ընդունենք, որ ապօրինի ուղեւորափոխադրումներով զբաղվող մեքենաներից յուրաքանչյուրն օրական կատարում է 5-7 երթ, յուրաքանչյուրի ընթացքում էլ տեղափոխում է ամենաքիչը 20 ուղեւոր, 100 դրամ ուղեվարձի դեպքում վաստակում է 10.000-14.000 դրամ: Վարորդներն այս գումարից, լավագույն դեպքում, իրենց գրպանն են դնում 3.000 դրամը: Մնացածը «մուծում» են «գծի տերերին» ու դիսպետչերներին: Տարբեր աղբյուրների հավաստմամբ, Երեւանում ապօրինի աշխատող մեքենաների միջին թիվը 2500 է: Եթե օրական մեկ երթուղայինը վաստակում է նվազագույնը 10000 դրամ, ապա ստացվում է, որ Երեւանում ապօրինի աշխատող միկրոավտոբուսները բոլորը միասին ստվերային շրջանառության մեջ են դնում օրական 25 մլն դրամ: Եթե հաշվենք, որ յուրաքանչյուր մեքենան ամսվա ընթացքում աշխատում է 20 օր, ապա ստացվում է, որ յուրաքանչյուր ամիս միայն Երեւան քաղաքում ապօրինի ուղեւորափոխադրումների արդյունքում ստվերում շրջանառվում է 500 մլն դրամ: Այն դեպքում, երբ այս տարվա 9 ամիսների ընթացքում այդ ոլորտից պետբյուջե է փոխանցվել ընդամենը 313.4 մլն դրամ, կա եւս 53 մլն դրամի հարկային պարտավորություն: Այսինքն, ամենահամեստ հաշվարկներով, ամբողջ տարվա ընթացքում պետբյուջեի օգտին հարկվող գումարը զգալիորեն զիջում է ստվերային ոլորտում մեկ ամսվա ընթացքում շրջանառվող գումարին: Սակայն, ի զարմանս մեզ, ՊԵՆ-ում տեղեկացանք, որ այս տարվա ընթացքում ուղեւորափոխադրումներով զբաղվող կազմակերպություններից հարկերի հավաքագրման ցուցանիշները բավականին «բարձր» են գնահատվում այս գերատեսչության պատասխանատուների կողմից: Ավելին, ՊԵՆ լրատվական ծառայության ղեկավար Էդմոն Զարգարյանը հայտնեց, որ այս տարի 85 մլն դրամով ավելացել են հարկային մուտքերը: Եթե 2000թ. ընթացքում հարկվել է 404 մլն դրամ, ապա, ըստ ՊԵՆ լրատվական ծառայության ղեկավարի, այս տարվա 9 ամիսների ընթացքում արդեն հավաքվել է 313.4 դրամ, կա 53 մլն դրամի հարկային պարտավորություններ: Ծառայության ղեկավարն առիթը բաց չթողեց գովաբանել «վարչարարության խստացման» արդյունքները:

Փորձենք պարզել, թե իրականում ինչ «արդյունքների» է հասել ՊԵՆ-ը' այս տարվա 9 ամիսների ընթացքում ուղեւորափոխադրումներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից հարկեր հավաքագրելիս: Նախորդ տարվա ընթացքում, ՊԵՆ-ը հավաքել է 404 մլն դրամ հարկ: Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության տրամադրած տվյալներով, Երեւանում օրինական աշխատել է 1056 մեքենա: Այսինքն, անցյալ տարվա 9 ամսվա ընթացքում յուրաքանչյուր մեքենայից հավաքվել է 286.932 դրամ: 2001 թվականի հունվարին, ըստ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության տրամադրած տվյալների, աշխատել է 1348, իսկ նոյեմբերին' 2292 միկրոավտոբուս: ՊԵՆ-ի տվյալներով, 2001 թվականի 9 ամիսների ընթացքում Երեւանում աշխատել է 1880 միկրոավտոբուս: 9 ամսվա ընթացքում հարկված եւ դեռեւս ակնկալվող գումարը միասին 366.4 մլն դրամ է: Այսինքն, ստացվում է, որ 9 ամսվա ընթացքում յուրաքանչյուր մեքենայից գանձվել է 194.893 դրամ: Ինչպես տեսնում ենք, այս տարվա 9 ամիսների ընթացքում յուրաքանչյուր մեքենայից հարկված գումարը զգալիորեն զիջում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածում հարկվածից: Յուրաքանչյուր մեքենայից այս տարվա ընթացքում պակաս է գանձվել 92.039 դրամ: Ավելացնենք նաեւ, որ յուրաքանչյուր մեքենայից գանձվող հաստատագրված վճարի չափն այս տարի եղել է այնքան, որքան անցյալ տարի: «ՌԱՖ» մակնիշի դեպքում օրական պահանջվում է վճարել 1430 դրամ, իսկ «Գազելի» դեպքում' 1950 դրամ: Նշված մեքենաների մակնիշով, ինչպես նաեւ տարբեր «գծի տերերի» ախորժակով պայմանավորված, վարորդներն օրական վճարում են «նալոգներ»' 3.000-6.000 դրամի չափով: Մեր զրույցների ընթացքում պարզվեց, որ վարորդների մեծ մասը տեղյակ չի հաստատագրված, դիսպետչերական ծառայության կատարած աշխատանքի դիմաց պահանջվող վճարների, ինչպես նաեւ «գծի տերերի» բյուջեին գանձվող գումարի չափից: Հիմնականում նշվում են մոտավոր թվեր: «Մեզանից պահանջում են օրական նալոգներ, մենք էլ տալիս ենք անկախ այն բանից, թե գիծ դուրս կգա՞նք, թե՞ կվճարենք ու կգնանք տուն»,- ասաց N միկրոավտոբուսի վարորդը:

Ի՞նչ գույնի է ուղեգիրը

Երեւանի կենտրոնական դիսպետչերական ընկերության փոխտնօրեն Վաչագան Կարապետյանը տեղեկացրեց, որ Երեւանում գործում է 43 դիսպետչերական կետ: «Սրանց միջոցով կարգավորվում է ամբողջ երթուղային ցանցի աշխատանքը: Մեքենայի վարորդն աշխատանքային օրվա սկզբում ներկայացնում է իր մոտ եղած ուղեգիրը, ըստ գրաֆիկի տեղեկանում է մեկնելու ժամի մասին եւ դուրս է գալիս երթուղի: Վերադարձից հետո ուղեգիրը ներկայացնում է դիսպետչերին, որը նորից ստանում է հաջորդ երթից առաջ»: Սա ընդունված կարգն է: Սակայն, վարորդներն այլ կերպ են ներկայացնում այս «կարգը»: Նրանցից մեկը, որն աշխատում է շուրջ երեք ամիս, ասաց, որ երբեւիցե չի տեսել, թե «ինչ գույնի է այդ ուղեգիրը»: Մեկ այլ վարորդ ավելացրեց . «Հենց այդ ուղեգրերը տալիս են' հասկանում ենք, որ ռեյդերն արդեն սկսվել են»: Ուղեգրերը վարորդներին չտրամադրելու դեպքում, դիսպետչերները նշումներ են կատարում իրենց ուզածի չափով: Դրա արդյունքում վարորդներից նախօրոք հավաքագրված գումարից փաստացի գանձվում է այնքան, որքան որ հարմար են գտնում դիսպետչերները: Այս տարբերակով աշխատելու արդյունքում անցյալ տարի աշխատանքից ազատվել է Երեւանի կենտրոնական դիսպետչերական ընկերության տնօրեն Յուրա Գալստյանը: Այս մասին մեզ տեղեկացրեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետը' Ա.Զաքարյանը: Նրա խոսքերով, Յու. Գալստյանի կարգադրությամբ, անցյալ տարվա հունվար-մարտ ամիսներին ուղեգրերում չեն նշվել միկրոավտոբուսների կատարած բոլոր երթերի քանակը: Արդյունքում, կենտրոնական դիսպետչերական ընկերության հաշվին 14 մլն դրամի փոխարեն գանձվել է ընդամենը 7 մլն դրամ, անհայտացել են հունվար-մարտ ամիսների ուղեգրերը: Քաղաքապետարանի համապատասխան վարչության կողմից իրականացված ստուգումների արդյունքում, երբ պարզվել է այս մասին, Յու. Գալստյանը ազատվել է աշխատանքից: «Քաղաքապետի փոփոխությունից հետո Յուրա Գալստյանը գումարներով ու չգիտես ինչերով վերականգնվել է աշխատանքի, որին այսօրվա քաղաքապետը գովաբանում է»,- ասաց վարչության նախկին պետը: Նրա խոսքերով, կան մարդիկ, որոնք կարող են հաստատել, որ Յու.Գալստյանի աշխատանքի վերականգնելու համար մոտ 80.000 դոլարի կաշառք է տրվել: Այս կապակցությամբ Յու.Գալստյանը զայրացած ասաց. «...ուրեմն թող ինձ դատի տան»: Նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին' փոխարենը «խորհուրդ տվեց» դիմել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ներկայիս պետին: «Հետաքննող լրագրողների ընկերակցության» գրությանն ի պատասխան, այս վարչության պետը հայտնել է, որ միկրոավտոբուսներին հատկացվող ուղեգրերը, Երեւանի քաղաքապետի 01.06.2000թ. հ. 78 կարգադրության համաձայն, պահպանվում են «Կենտրոնական դիսպետչերական» ՊՓԲ ընկերությունում: Երեւանի քաղաքապետարանի 10.01.2000թ. հ. 1 կարգադրության համաձայն, հունվար-մարտ ամիսներին ուղեգրերն ակտերով հանձնվել են երթուղիները սպասարկող տնտեսվարող սուբյեկտներին: Երբ այս կարգադրության մասին փորձեցինք պարզաբանումներ ստանալ վարչության նախկին պետից, վերջինս «մեկնաբանեց», որ «հնարավոր է, որ Բազեյանը տեղյակ չլինի այս կարգադրությունից»: Նրա խոսքերով, եղել են դեպքեր, երբ քաղաքապետի քարտուղարը օգտագործել է կնիքը: Իսկ տվյալ դեպքում, ըստ նախկին պաշտոնյայի, այս կարգադրության գործում շահագրգիռ անձինք տրանսպորտի վարչության' իրեն նախորդած պետն ու «Կենտրոնական դիսպետչերական» ընկերության նախկին ու ներկա տնօրեն Յուրա Գալստյանն է: Ի դեպ, արձանագրենք, որ Ա. Զաքարյանի ներկայացրած տվյալներով, հունվար-մարտ ամիսներից յուրաքանչյուրի ընթացքում 14 մլն դրամի փոխարեն հավաքվել է 7 մլն դրամ: Այսինքն' երեք ամսվա ընթացքում պետությանը հասցվել է 21 մլն դրամի վնաս, որի համար մինչեւ օրս որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել:

Պետական պաշտոնյաներն անտեղյակ են պետական գործընթացներից

Վերջերս մամուլի միջոցով Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանը հայտնել է, որ ապօրինի ուղեւորափոխադրումները շարունակվում են, սակայն դրանց թիվը էականորեն նվազել է եւ կազմում է ընդհանուր փոխադրումների մոտ 20 տոկոսը: «Հետաքննող լրագրողների ընկերակցության»' այս վարչությանն ուղղված գրությամբ ակնկալվում էր ստանալ այն հարցի պատասխանը, թե վերջին տարիների ընթացքում ապօրինի ուղեւորափոխադրումներով զբաղվող միկրոավտոբուսներն ընդհանուր թվի ո՞ր տոկոսն են կազմում: Այս հարցին Ա. Բարսեղյանը պատասխանել է. «Վարչությունն այդպիսի տվյալներ չունի»: Այդ դեպքում, ի՞նչ տվյալների հիման վրա է եզրակացվում, որ ներկայումս ապօրինի ուղեւորափոխադրումները կազմում են ընդհանուրի 20%-ը:

Նշված վարչությանն ուղղված մեր մյուս հարցը հետեւյալն էր. «Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում ապօրինի ուղեւորափոխադրումները հնարավորինս նվազեցնելու համար»: Ինչպս նշված է պատասխան գրության մեջ, անհրաժեշտ է ստեղծել տրանսպորտի պետական տեսչություն, որն օժտված կլինի օրենսդրորեն սահմանված համապատասխան լիազորություններով:

Տեղեկացնենք, որ այս տարվա մայիսի 30-ի կառավարության թիվ 403 որոշմամբ, ստեղծվել է ավտոտրանսպորտի պետական տեսչություն: Տեսչության պետ Աշոտ Արշակյանը տեղեկացրեց, որ գործունեության երեք ամիսն"րի ընթացքում ճանաչողական ստուգայցեր են կազմակերպվել մարզերում: «Իսկ Երեւան քաղաքում առայժմ չենք զբաղվել այդ հարցերով, քանի որ քաղաքապետարանին կից գոյություն ունի կենտրոնական դիսպետչերական ընկերություն: Դրա կազմում կան գծային ստուգողներ, որոնք պայքարում են ապօրինի ուղեւորափոխադրումներով զբաղվող մեքենաները հայտնաբերելու համար»:

Նորաստեղծ տեսչությունը պետբյուջեից ակնկալում է 15 մլն դրամ

Ապօրինի ուղեւորափոխադրումների վերաբերյալ մեր հարցին ի պատասխան, պարոն Արշակյանը նշեց. «Այն խոսակցություններն, ըստ որոնց ապօրինի ուղեւորափոխադրումներով զբաղվող մեքենաները կազմում են ընդհանուրի 50-70%-ը, իրականությանը չեն համապատասխանում»:

Տեսչության պետի խոսքերով, ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Երեւանում միկրոավտոբուսների կողմից կատարվող ապօրինի ուղեւորափոխադրումները կազմում են ընդամենը 10-30%: Այս ամենով հանդերձ, հավանաբար, նպատակ ունենալով արդարացնել կառավարության սպասելիքները, պարոն Արշակյանը կանխատեսեց. «Մասնավորապես գարնանը բավականին արդյունքներ կունենանք: Միկրոավտոբուսներից գանձվող գումարները կկրկնապատկվեն, կեռապատկվեն»: Նշենք, որ տվյալ դեպքում նկատի ունի պետբյուջեի օգտին գանձվող գումարը: Սակայն, դժվար է ասել, թե ստվերում գործող ու ընդհանուր թվի 10-30%-ը կազմող միկրոավտոբուսները հարկման դաշտ բերելու դեպքում ինչպե՞ս պետք է «կրկնապատկվեն ու եռապատկվեն» հարկային մուտքերը, եթե միկրոավտոբուսների քանակը ավելացնել չի նախատեսվում: Այսպիսի «բեկումնային» գործունեություն ծավալելու հեռանկարներ խոստացող տեսչությունը պետբյուջեից ակնկալում է տարեկան ստանալ 15 մլն դրամի ֆինանսավորում:

«Ստվերը» Երեւանի փողոցներում

Օրինական դաշտում ուղեւորափոխադրումներ կատարելու համար նախկինում վարորդները պետք է ստանային լիցենզիա: Լիցենզիան տրվում էր այն քաղաքացիներին, ովքեր նախօրոք դիմել էին քաղաքապետարանի դիսպետչերական ՊՓԲԸ-ին, ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը եւ մինչ այդ վճարել 50.000 դրամ պետական տուրք: Լիցենզիա ստացած սուբյեկտն իրավունք ուներ երեք տարի աշխատել որեւէ երթուղում, եթե մրցույթում հաղթեր: Իսկ դա կախված էր մեքենայի տեխնիկական վիճակից: Տնտեսվարող սուբյեկտներին ուղեւորափոխադրումներով զբաղվելու այս հնարավորությունն ընձեռելու կարգը փոխվել է կառավարության այս տարվա օգոստոսի 16-ի թիվ 762 որոշման համաձայն: Տրանսպորտի եւ կապի նախարարության փոխադրումների վարչության պետ Հարություն Երեմյանը հայտնեց, որ Կառավարության որոշմամբ նոր կարգ է հաստատվել նախ եւ առաջ կոռուպցիայի դեմ պայքարելու համատեքստում: Ըստ պարոն Հարությունյանի, այս բնագավառում լիցենզիա ստանալու ճանապարհին կոռուպցիան կանխելու նպատակով ավելի ճիշտ կլիներ պայքարել դրա դեմ, ոչ թե վերացնել լիցենզիան:

Կառավարության որոշմամբ, ուղեւորափոխադրումներով զբաղվելու հնարավորություն, նոր կարգով, կարող են ստանալ միայն կազմակերպությունները: Այս իրավունքը նրանց տրվում է առնվազն 3 տարի ժամկետով:

Ինչ վերաբերում է նոր կարգի առկայության դեպքում ստվերային գործունեության հնարավորություններին, պարոն Երեմյանը նշեց. «Ժամանակին, երբ կար լիցենզիա, խախտումներ կատարելու դեպքում տվյալ վարորդին զրկում էին դրանից: Իսկ հիմա որեւէ տեղ չի նշվում, թե այդ 3 տարվա ընթացքում խախտումներ կատարելու դեպքում, ինչ պատասխանատվություն պետք է կրի տվյալ կազմակերպությունը: Իսկ տվյալ կազմակերպությունը կարող է փաստաթղթերով ներկայացնել 20 մեքենա, բայց շահագործել 60-ը...»: Պարոն Երեմյանի խոսքերով, տրանսպորտի եւ կապի նախարարությունը եւս լծակներ չունի ստվերի դեմ պայքարելու համար:

Շարունակվում են բարձրաստիճան պաշտոնյաների ստվերային տնտեսության դեմ պայքարելու կոչերը: Իսկ «ստվերը» հանգիստ շրջում է Երեւանի փողեցներում:

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter