Գլենդելում ԱՄՆ իրավապահները կրիպտոարժույթով ապօրինի գործարքներ անող հայաստանցիների խումբ են բացահայտել
2023, oգոստոսի 24, Գլենդելի Pelanconi այգի
Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) և Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) գործակալներն այգու տարածքում գաղտնի հսկողություն են սահմանել և սպասում են ՀՀ քաղաքացի Սամվել Գրիգորյանի և FBI-ի գաղտնի աղբյուրի (ինֆորմատոր) հանդիպմանը։
Ինֆորմատորի ձեռքում շագանակագույն տոպրակ է, որի մեջ 42 հազար ԱՄՆ դոլար կա, իսկ շապիկի տակ տեղադրված է ձայնագրող սարք և հաղորդիչ, որը թույլ է տալիս գործակալներին իրական ժամանակում լսել և ձայնագրել խոսակցությունը։ Ինֆորմատորը մեղավոր է ճանաչվել մեթամֆետամին տեսակի թմրանյութ վաճառելու մեջ և այժմ համագործակցում է իրավապահ մարմինների հետ։
Ժամը 13:20-ին ինֆորմատորին մոտենում է սեւ գույնի «Mercedes Benz»-ը, որի միջից դուրս են գալիս Սամվելն և FBI-ին անհայտ ևս մեկ հոգի։ Ծանոթանալուց հետո Սամվելը և ինֆորմատորը նստում են մեքենայի մեջ, իսկ երրորդ անձը, ծխելով, սպասում է դրսում։
Մեքենայի մեջ ինֆորմատորը Սամվելին փոխանցում է 42 հազար ԱՄՆ դոլար։ Րոպեներ անց FBI-ին պատկանող կրիպտո դրամապանակի վրա Սամվելը փոխանցում է 40 հազար դոլարին համարժեք 1.5329 բիթքոյն, իսկ 2 հազար դոլարը` գործարքի 5%-ը, Սամվելի վճարն է։
Հանդիպման ընթացքում Սամվելն ինֆորմատորի վստահությունը շահելու համար նրան ցույց է տալիս իր կրիպտո դրամապանակի վերջին գործարքները, ասում, որ վերջին երկու օրվա մեջ 40-300 հազար դոլարի գործարքներ է արել: Պարծենում է, որ չորս գործարք է արել, որի ընդհանուր արժեքը եղել է 1 մլն դոլար։ Սամվելն ինֆորմատորին ասում է, որ կրիպտո գործարքներ է անում նաև այլ երկրներում՝ Եվրոպայում, Ռուսաստանում։
-Ի՞նչ բիզնեսով ես զբաղվում,- Սամվելը հարցնում է ինֆորմատորին։
-Հաջորդ անգամ կասեմ,- պատասխանում է ինֆորմատորը, նշելով, որ Չինաստանից հումք են գնում, որն այնուհետև ուղարկում են ԱՄՆ։
-Կարաս ինձ վստահես, մի անհանգստացի, էս իմ բիզնեսն ա, էրեխեք ունեմ, հասկանում ես, եթե խաբեմ, չեմ կարա բիզնես անեմ,- վստահեցնում է Սամվելը։
Փոխանցումն անելուց հետո՝ ժամը 13:30-ին, Սամվելը կանխիկ գումարով տոպրակը մեքենայի պատուհանից փոխանցում է դրսում սպասող անձին, որը նստում է սպիտակ գույնի «Kia» մակնիշի մեքենան և հեռանում, իսկ Սամվելն ու ինֆորմատորը դուրս են գալիս այգի։
Կարճ ժամանակ անց նրանց մոտենում է սպիտակ «Mercedes Benz»-ը, որի ղեկին է Սամվելից գումարը վերցրած անհայտ անձն ու FBI-ի ուշադրության տակ գտնվող Սամվելի գործընկերը՝ ՀՀ քաղաքացի Հայկ Մարտիրոսյանը։ Սամվելը ծանոթացնում է ինֆորմատորին և Հայկին, վերջինիս ներկայացնում է որպես իր եղբայր և ասում, որ հաջորդ անգամ, եթե ինքը չկարողանա գործարքին մասնակցել, իրեն կփոխարինի Հայկը։
-Ես իմ երկրում էլ ունեմ գրասենյակներ, ցանկացած մարդ, որ կրիպտոյի փոխանակմամբ ա զբաղվում, գիտի ինձ,- ասում է Սամվելը։
Այսքանով առաջին գործարքը ավարտվում է։
2023, oգոստոսի 28, Գլենդելի Pelanconi այգի։
Չորս օր անց FBI-ը կազմակերպում է երկրորդ հանդիպումը, նույն վայրում։ Ինչպես և առաջին անգամ, ինֆորմատորը WhatsApp հավելվածով կապ է հաստատում Սամվելին և Հայկին պատկանող կրիպտո փոխանակման ծառայության հետ և պայմանավորվում է 60 հազար ԱՄՆ դոլարին համարժեք բիթքոյն ձեռք բերել։
Այս անգամ Սամվելը և Հայկը Pelanconi այգի գալիս են մի մեքենայով։ Ինֆորմատորն այգի է գալիս քաղցրավենիքի տուփով, որի մեջ քաղցրավենիքի փոխարեն կանխիկ 63 հազար դոլար կա, հանդիպում է Հայկին և Սամվելին։ Նրանք երեքով նստում են մեքենան։ Սամվելը վերցնում է գումարը և FBI-ի կրիպտո դրամապանակին փոխանցում է 60 հազար դոլարին համարժեք 2.307 բիթքոյն և պահում է մնացած 3 հազար դոլարը։
Ինչպես և ինֆորմատորը խոսք էր տվել, Սամվելին և Հայկին պատմում է իր բիզնեսի մասին, ասում է, որ թմրանյութերի գործ է անում։
-Քո մարդիկ դռագերը (անգլերեն՝ թմրանյութ) ստե՞ղ են բերում,- հարցնում է Սամվելը։
-Չէ, ստեղ չէ, Մեքսիկա,- պատասխանում է ինֆորմատորը։
Հանդիպման ընթացքում ինֆորմատորը պատմում է, որ թմրանյութեր պատրաստելու համար Չինաստանից քիմիական հումքը բիթքոյնով գնում են և ուղարկում են Մեքսիկա, որտեղ էլ պատրաստում են թմրանյութը, հետո այն տեղափոխում ԱՄՆ։ Իսկ թմրանյութի վաճառքից գոյացած կանխիկ գումարը կրիպտոյի միջոցով ուղարկվում է Չինաստան։
2023, սեպտեմբերի 6, Գլենդելի Pelanconi այգի։
Երրորդ գործարքը ինֆորմատորի և Սամվելի միջև տեղի Է ունենում նույն սխեմայով։
Կողմերը հանդիպում են նույն այգում, մեքենայի մեջ ինֆորմատորն այս անգամ փոխանցում է 43 հազար ԱՄՆ դոլար։ Գումարը Հայկը վերցնում է և հեռանում է այգուց, իսկ Սամվելը FBI-ի կրիպտո դրամապանակին փոխանցում է 39,850 USDT (բիթքոյնի այլ տեսակ)։
Հանդիպման ժամանակ Սամվելը ինֆորմատորին տեղեկացնում է, որ հաջորդ գործարքները կանի Հայկի հետ, քանի որ ինքը սեպտեմբերի 10-ին կամ 12-ին պետք է մեկնի Հայաստան։
Այս երեք գործարքների արդյունքում FBI-ը ձեռք է բերում հիմնավոր ապացույցներ, որ Սամվելը և Հայկը զբաղվում են բիթքոյնի ապօրինի փոխանակմամբ, ավելին՝ իմանալով, որ գումարները փոխանակող անձը ներգրավված է թմրանյութերի վաճառքի մեջ, չեն մերժում նրան և կատարում են գործարքը։
Հայաստանից Մեքսիկա, այնուհետև՝ ԱՄՆ
Այս դեպքերից երկու տարի առաջ՝ 2021-ի դեկտեմբերին, Սամվելը Հայաստանից մեկնել է Մեքսիկա և Տիխուանա քաղաքից փորձել է հատել ԱՄՆ-ի սահմանը՝ դեպի Սան Դիեգո՝ օգտագործելով ԱՄՆ կեղծ անձնագիր։
Սահմանակետում նրան ձերբակալել են, Սամվելն ԱՄՆ-ում ապաստան ստանալու հայց է ներկայացրել և պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Միացյալ Նահանգներում և բնակություն է հաստատել Գլենդելում։
Հայկը նույնպես Հայաստանից մեկնել է Մեքսիկա 2023-ի մարտին, այնուհետև փորձել է հատել ԱՄՆ սահմանը Տիխուանա քաղաքից։ Ձերբակալվելուց հետո նույնպես ապաստան է խնդրել և պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Միացյալ Նահանգներում։ Հայկն ԱՄՆ միգրացիոն մարմնում որպես իր հասցե նշել է Սամվելի բնակության վայրը Գլենդելում։
Կրիպտոարժույթի փոխանակման բիզնեսը Հայաստանում
Ըստ բաց աղբյուրներում առկա տվյալների՝ Սամվելի coinexchange.am-ը՝ կրիպտոյի փոխանակման կետը, օնլայն սկսել է գործել 2014-ին։ Ի տարբերություն այժմ շուկայում գործող տասնյակ փոխանակման կետերի՝ 2014-ին կրիպտոյի փոխանակման բիզնեսը Հայաստանում նոր-նոր էր զարգանում։
Ամենայն հավանականությամբ, այս գործունեությունը Սամվելը իրականացրել է 2013-ին իր անունով գրանցված ԱՁ-ով։ Ըստ ՊԵԿ-ի տնտեսական գործունեության դասիչի՝ ԱՁ-ն զբաղվել է «Ֆինանսական միջնորդությանն առնչվող օժանդակ գործունեությամբ, բացի ապահովագրությունից և կենսաթոշակային ապահովությունից»։ ԱՁ-ի գործունեությունը այժմ ժամանակավորապես դադարեցված է։
«Քոին-Էքսչենջ» անունով ՍՊԸ-ն հիմնադրվել է 2022-ի հոկտեմբերի 10-ին, 100% բաժնեմասը պատկանում է Սամվելի քրոջը՝ Նարինե Գրիգորյանին։
Հավանաբար, Սամվելը սկզբում կրիպտոյի առք ու վաճառքով զբաղվել է միայն օնլայն հարթակներում՝ «Viber», «WhatsApp» և այլ մեսենջերներով ու հեռախոսով, որոշ ժամանակ անց Երևանի Թումանյան փողոցում բացվել է նաև փոխանակման կետը։ Այն մինչ այժմ գործում է։
Ինստագրամում coinexchange.am-ը ունի ավելի քան 5 հազար հետևորդ։ Էջում տեղադրված հոլովակներից մեկում փոխանակման կետը գովազդող երիտասարդ կինը ասում է՝ «Բիթքոյն գնելուց և վաճառելուց փաստաթղթեր ընդհանրապես չեն պահանջվում։ Կազմակերպությունը ունի գրասենյակներ ոչ միայն Երևանում, այլև Ռուսաստանում, Լոս Անջելեսում, Վրաստանում, Դուբայում, Պարսկաստանում և այլ երկրներում»։
Ինստագրամում Սամվելն իր անձնական էջում տեղադրել է փոխանակման կետի կայքը, իսկ նրա կինը իր էջով մի քանի անգամ տարածել է փոխանակման կետի գովազդը։
Քրեական գործն ու ձերբակալությունը
Այս տարվա սեպտեմբերին հարուցվել է քրեական գործ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը մեղադրվում են գումարների փոխանցման չլիցենզավորված բիզնես աշխատեցնելու, այս հանցանքն իրականացնելու համար իրար օգնելու և դրդելու մեջ, որը համարվում է ծանր ֆինանսական հանցագործություն (felony)։ Բռնագանձման ենթակա են նաև հանցավոր գործողություններից ձեռք բերված բոլոր միջոցները։
Երրորդ գործարքից ընդամենը 5 օր անց՝ սեպտեմբերի 11-ին, ձերբակալել են Հայկին։ Քրգործի փաստաթղթերից պարզ չէ՝ արդյոք Սամվելը կարողացել է վերադառնալ Հայաստան, ամեն դեպքում Սամվելին ձերբակալելու միջնորդությունը ներկայացվել է սեպտեմբերի 22-ին, Հայկի ձերբակալությունից հետո։
Հայկի և Սամվելի գործով առաջին նիստը, որը քննելու է Երդվյալ ատենակալների դատարանը, նշանակված է այս տարվա նոյեմբերի 14-ին։ Նրա շահերը պաշտպանելու է Լոս Անջելեսում գործող Mgdesyan Law Firm ընկերությունը։
Հայկն իր մեղքը չի ընդունել։
Պետք է նշել, որ ի տարբերություն Հայաստանի՝ ԱՄՆ-ն օրենսդրական փոփոխություններ է մտցրել և այժմ փորձում է կրիպտոյի փոխանակման կետերն ամբողջությամբ բերել օրինական դաշտ և ստիպել, որ դրանք հարկեր վճարեն։
Ըստ ԱՄՆ-ում գործող օրենքի՝ ապօրինի գործունեությունից ծագած փողերի լվացումը կանխելու համար կրիպտոյի առք ու վաճառքով զբաղվող անհատներից և ընկերություններից պահանջվում է լիցենզիա, որը ենթադրում է մի շարք կարգավորումներ, ինչպիսին է օրինակ KYC (know your client)՝ հաճախորդի ինքնության հստակ ապացույցներ ձեռք բերելու քաղաքականության կիրառումը։
Մեկնաբանել