HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Բուխարեստում

Երեկ Բուխարեստի Տնտեսագիտական ակադեմիայի Մեծ սրահում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով, որին հատուկ հրավիրվել էին ցեղասպանության խոշոր մասնագետներ` Մասաչուսեթսի Քլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը (Taner Akcam, Clark University), USA եւ Փարիզ-VIII Սեն-Դենիի համալսարանի պրոֆեսոր Ռեյմոն/Հարություն Գեւորգյանը (Raymond Kevorkian, Universitռ Paris-VIII-Saint-Denis): Գիտաժողովին ներկա էին Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն (Ion Iliescu), ինչպես նաեւ ռումինական քաղաքական-հասարակական եւ գիտական շրջանակների ներկայացուցիչներ, հեռուստատեսությունը, մամուլը:

«Հայաստան. Մի ժողովրդի ճակատագիր» խորագրով գիտաժողովը բացել է Ռումինական Ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս Դան Բերինդեյը (Dan Berindei), հյուրերին ողջունել եւ ներկայացրել է սենատոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը: Պատմաբան, վերջերս անգլերենով լույս տեսած «Հայոց ցեղասպանություն. Ամբողջական պատմություն» (The Armenian Genocide: A Complete History) ստվարածավալ աշխատության հեղինակ Ռեյմոն Գեւորգյանը «Հայոց ցեղասպանություն. Ոչնչացում երկու փուլով, 1915-1916» զեկույցում անդրադարձել է հայերի արտաքսման եւ վերացման երիտթուրքական կառավարության հետեւողական քաղաքականությանը: Թուրք պատմաբան Թաներ Աքչամն իր «Ժխտողականությունը որպես ազգային անվտանգության հղացք» զեկույցի մեջ մեկնաբանել է արդի թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությունը եւ դրա բացասական հետեւանքները ներքին եւ արտաքին առումով:

Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն ողջունել է հայ եւ թուրք պատմաբանների մասնակցությամբ գիտաժողովի նախաձեռնությունը` համարելով այն այդ բարդագույն հարցի մեջ փոխհասկացողության կարեւոր օղակ:

Նույն օրը կեսօրին Թաներ Աքչամը եւ Ռեյմոն Գեւորգյանը հրավիրվել էին ռումիանական TVR Info հեռուստակայան, ուր մոտ կեսժամանոց ուղիղ հաղորդման մեջ նրանք խոսել են ցեղասպանության իրականացման, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Հաղորդումից առաջ ցուցադրվել է հեռուստատեսության պատրաստած փաստագրական նյութ Հայոց ցեղասպանության մասին:

Այսօր Թաներ Աքչամը եւ Ռեյմոն Գեւորգյանը հանդիպում են ունեցել Բուխարեստի համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Կեսօրից հետո Բուխարեստի Ռումինական գյուղի թանգարանում (Museum of the Romanian Peasant) տեղի է ունեցել Թաներ Աքչամի «Ամոթալի ակտ. Հայոց ցեղասպանությունը եւ թուրքական պատասխանատվության հարցը» (A Shameful Act: The Armenian Genocide and the Question of the Turkish Responsibility) գրքի ռումիներեն թարգմանության ներկայացումը:

Հայոց ցեղասպանության եւ թուրքական ժխտողականության վերաբերյալ միջոցառումները կազմակերպվել էին Ռումինահայոց միության եւ Ռումինահայոց թեմի ջանքերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter