HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բեկված ճակատագրեր. արցախցի 11-հոգանոց ընտանիքը տեղավորվել է վթարային մանկապարտեզի սենյակում

Մասիս քաղաքի թիվ 4 մանկապարտեզի վթարային շենքը վերածվել է Արցախից տեղահանվածների կացարանի։ Ամեն սենյակում մի ընտանիքի պատմություն է։  

Սենյակներից մեկի պատուհանագոգին դրված է զինվորականի նկար, կողքը՝ անկողնու վրա, լուռ նստած է կինը՝ չորս երեխաների հետ։

Նազիկ Նալբանդյանի ընտանիքը Արցախի Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղից է։ Այժմ նա իր չորս անչափահաս երեխաների, մոր, եղբոր, նրա կնոջ և 3 անչափահաս երեխաների հետ ապրում է  Մասիս քաղաքի 4-րդ մանկապարտեզի վթարային շենքի սենյակներից մեկում։ Նրա ամուսինը՝ Արամ Թամրազյանը, զինվորական էր, զոհվել է օրեր առաջ՝ սեպտեմբերի 20-ին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակման ժամանակ։ 

Սենյակի գունազարդ պատի մեծ ճեղքը կարծես արտահայտի արցախցի հարյուրավոր ընտանիքների բեկված ճակատագիրը։

«Ես եմ, չորս էրեխես, ամուսինս էլ զոհվել է»,- կիսաձայն պատմում է Նազիկ Նալբանդյանը: 

Հուզմունքից կիսատ թողած նրա խոսքը շարունակում է մայրը՝ Լուսյա Նալբանդյանը։ 

«Որ հարձակումը սկսվեց, դպրոցում են եղել էրեխեքը, լացելով, վազելով եկել են տուն, տղամարդիկ պոստերում են եղել։ Մեքենաներ եկան, մեզ տարան Ստեփանակերտ, մի հինգ-վեց օր մնացինք, մեկ էլ ասեցին՝ պետք է գնաք Հայաստան։ Ոչինչ չունենք էստեղ, ինչ արել դրել էինք, սաղ թողել ենք։ Ինչ կտան, չեն տա՝ չգիտեմ, բայց ինչ էլ լինի, իրար հետ պետք է լինենք, ես չեմ կարա աղջկաս էրեխեքի հետ մենակ թողնել»,- ասում է Նազիկի մայրը՝ Լուսյա Նալբանդյանը։

Նազիկի եղբայրը, որն իր երեք անչափահաս երեխաների եւ կնոջ հետ ապրում է նույն սենյակում, ադրբեջանական հարձակման ժամանակ եղել է Ակնաբերդի նույն դիրքերում, որտեղ զոհվել է քրոջ ամուսինը։

«Էստեղ մեր պահանջն էն ա, որ մի տուն տան, երկու ընտանիքով մեջին ապրենք։ Տան միակ տղամարդը ես եմ, մի տեղ աշխատեմ, էրեխեքին տիրություն անեմ»,- ասում է Նազիկի եղբայրը՝ Մհեր Նալբանդյանը։

Մանկապարտեզի վթարային շենքում Արցախից տեղահանված 90 մարդ է ապրում։ Նրանց օրվա կարիքները հոգում են անհատները, մասնավոր կազմակերպությունները, թե ինչպես պետք է լուծվի նրանց հիմնական բնակության հարցը, դեռ հայտնի չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter