HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ամեն ինչ տեղն էր, մորեխն էր պակաս

Գյուղնախարար Սերգո Կարապետյանի` գյուղացուն իր հոգսերի հետ մենակ չթողնելու խոստումները վերջին շրջանում հաճախակի տեղացող անձրևն ու կարկուտը հողագործի բերքի հետ քշեցին-տարան: Կարկուտը բերքի հետ ոչնչացրեց նաև մինչ աշուն բանկերի հետ ունեցած հաշիվները փակելու գյուղացու հույսը:

«Ընտանիքով լավ աշխատում ենք, ինչ-որ պետք է, արել ենք՝ վարուցանքը, ոռոգումը տեղը տեղին արել ենք, համա կարկուտն ամեն ինչ քշեց-տարավ, կարտոֆիլն ու միրգը կոտորեց, քաշվեց ղրաղ: 10-15 րոպե շարունակ տեղացող կարկուտից հետո բե՞րք կմնա: Ոնց ենք ապրելու` չգիտեմ: Մնում ա գյուղից թողնենք-գնանք»,- դժգոհում է Վայոց ձորի Գետափ համայնքի բնակիչ Համազասպ Վարդանյանը: Ու քանի որ, ինչպես ասում են, անհաջողությունը մենակ չի գալիս, կարկուտին հաջորդեց մեկ այլ պատուհաս՝ մարզի Գետափ, Գլաձոր և Եղեգնաձոր համայնքների ցանքատարածքներն ու այգիները հայտնվեցին մորեխների և ծղրիդների «ծուղակում»:

Վնասատուներն իրական չարիք են դարձել բերքի համար: Թեև իրավիճակին արձագանքած գյուղնախարարությունը համայնքներին տրամադրել է բույսերի պաշտպանության «Կռալ» տեսակի շուրջ 30 լիտր միջոց, սակայն մորեխների ու ծղրիդների դեմ պայքարելու համար եղածը բավարար չէ: «Ամեն ինչ տեղն էր, մորեխն ու ծղրիդն էին պակաս, ծառն ու թուփը կերան, ցորենն էլ հետը: Էս ի՞նչ անհաջող տարի ա: Չգիտենք էլ, թե վնասի չափն ինչքան ա. կարկուտը թողո՞ւմ ա, որ դաշտ ու այգի մտնենք»,- նեղսրտեց գետափցի հողագործը:

Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը «Հայացք»-ի հետ զրույցում հաստատեց մարզի երեք համայնքներում մորեխների ու ծղրիդների առկայության փաստը, որոնք սովորաբար վնասում են ցորենը, բանջարեղենը, ծառերն ու թփերը: Բ. Մկրտչյանի հավաստմամբ` թեև պարզ չէ, թե քանի հեկտար ցանքատարածություն է վնասվել, սակայն կարծում է, որ վնասը մեծ չէ, քանի որ հաջողվեց ժամանակին կանխել մորեխների ու ծղրիդների տարածումը, և դրանց դեմ պայքարը ներկայումս էլ շարունակվում է:

- 1981-ից առայսօր աշխատում եմ գյուղոլորտում, սակայն երբևէ չի պատահել, որ մորեխները վնասեն կամ վարակեն ցանքատարածությունները, ավելին՝ սպառնան հարակից համայնքներին: Կարծում եմ` գյուղնախարարության տրամադրած թունաքիմիկատը կօգնի խուսափել վնասից: Այդ միջատները հավանաբար տարածվել են հարևան երկրներից, չի բացառվում՝ Նախիջևանի տարածքից:

«Գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է լինի շահավետ, իսկ գյուղում ապրելը՝ հարմարավետ»,- այս մասին հունիսի 20-ին ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Օպտիմիստ վարչապետի մտքով անշուշտ չէր անցել, որ ելույթից կարճ ժամանակ անց արտագաղթող որակյալ ներուժ և 30% չմշակված վարելահողեր ունեցող գյուղական բնակավայրերում կարկուտը, մորեխների արշավանքը, երաշտը, բանկերի տոկոսներն ու գյուղնախարարության առատ խոստումներին հաջորդած ժլատ օգնությունը միայն կրկնապատկելու են գյուղացու հուսահատությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter