HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Առանց տան, բայց գոնե մոտ»․ Արցախից բռնի տեղահանվածները

Սեպտեմբերի 24-ից սկսվել է արցախցիների բռնի տեղահանումը։ Նրանք տեղափոխվում են Հայաստան: Այդ հարյուրավոր արցախցի ընտանիքներից մեկն էլ Անգին Սարգսյանի 9-հոգանոց ընտանիքն է, որին հանդիպեցինք սեպտեմբերի 26-ին Գորիսի մարդասիրական կայանից ոչ հեռու գտնվող փողոցներից մեկի հենց մայթին՝ իրար կողք նստած։

Սարգսյանների ընտանիքը մինչև 2016թ․-ն ապրել է Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, քառօրյա պատերազմից հետո նրանք տեղափոխվել են Շուշիի շրջան՝ Հին Շեն գյուղ։ Այսօր Սարգսյանների ընտանիքը՝ Անգինը՝ իր աղջկա, որդու, հարսի և հինգ անչափահաս թոռան հետ, երկրորդ անգամ է բռնի տեղահանվում․ արդեն՝ Արցախից Հայաստան։

Մեր հանդիպման պահին Անգինը փնտրում էր որդուն, որի հետ Արցախից բռնի տեղահանվածների համար առաջին կայանից՝ Կոռնիձորից դեպի երկրորդ կայան՝ Գորիս, տեղափոխվելու ընթացքում կորցրել էին կապը։ Անորոշության մեջ Անգինը մտածում էր նաև իրենց բնակության վայրի մասին: Որպես կացության վայր Սարգսյանների ընտանիքին առաջարկել էին Գեղարքունիքի մարզի քաղաք Մարտունին։ Անգինը չէր համաձայնել․ «Չենք ուզում ապրել մեր տնից հեռու, Արցախից հեռու, գոնե մնանք այստեղ՝ Գորիսում»,- ասում է Անգինը։

Օրվա երկրորդ կեսին Կարմիր խաչի աշխատակիցները, բարձրախոսով կանչելով, կայանի մոտակա տարածքներում գտան Անգինի որդուն՝ Հայկ Սարգսյանին։ Ընտանիքին, որպես կեցության վայր, մարդասիրական կայանի համակարգողներն առաջարկեցին նաև Կապան քաղաքը, որին Սարգսյանները ստիպված համաձայնեցին։ «Հետքը» վերցրեց ընտանիքի կոնտակտային տվյալները և հետամուտ կլինի բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքի հետագա ճակատագրով։

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, Կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:

Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: 3 253 մարդ ապահովվել է կացարանով, որից Սյունիք՝ 1 305, Վայոց Ձոր` 700, Գեղարքունիք` 833, Տավուշ` 268, Արմավիր` 147 անձ:

Լուսանկարները՝ «Հետքի», Հայկ Մակիյան, գլխավոր լուսանկարում՝ Անգին Սարգսյանի թոռնուհին 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter