HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հայը ինձ համար պատմական ժամանակ է

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց քիչ ներքեւ, երկհարկանի տան դարպասին փակցրած է մի գունավոր սավան: Սավանին ավանակի պատկեր կար, իսկ վերեւի մասում գրված էր «Խենթերը միայն եւ ոչ էշերը»: Այս գրությունը ներս մտնողների համար է: Մի խոսքով այստեղ կարող են մտնել միայն խենթերը : Սա արվեստանոցի մուտքն է եւ սավանի «հեղինակներն» այստեղ սովորող աշակերտներն են: Նրանք արվեստանոց են գալիս Ղարաբաղի տարբեր շրջաններից: Ուսուցիչը Քարտաշ Օնիկն է: Արվեստագետ Քարտաշ Օնիկը Ամերիկայում հայտնի է իր կրթական ծրագրերով, քանդակներով, խաղալիքներով, եւ սփյուռքահային ոչ բնորոշ հայացքներով: Նա ազատ է, ըմբոստ եւ հետաքրքիր զրուցակից է: Շուշի եկել է Ղարաբաղի մշակույթի նախարարի հրավերով:

Շուշին զարգացնելու ծրագիր

«Երբ եկա այստեղ, մտածեցի, ինչպես կրնամ ընել, որ երիտասարդ երեխաները բերել այստեղ եւ աշխատցնել, բայց բան մը պետք է գտնայի աշխատցնելու: Խաղալիքը բերի, խաղալիքը մի քանի բան ունի մեջը. թե պետք է սորվին տաշել, որ իրենց ազգի պատմությունն է, մյուս կողմեն քիչ մը թեթեւնան: Որովհետեւ այս երիտասարդությունը հոգին շատ ծանրացած է: Պատերազմի երեխաներ են ասոնք: Ինչպե՞ս կուզեի թեթեւցնել իրենց հոգին. բաներ ընել, որ քիչ մը խաղալիք ըլլա: Խաղալիքին միտքը գա, քիչ մը կատակ ըլլա մեջը եւ կարենան պարզ բաներ ընել, լուրջ չէ ամեն բան: Հիմա խաղալիքներեն մեկ հատ շինած են քահանա, քահանային ձեռքը կշարժի, սարկավագը խունկ կընե: Ինչ որ ունեի Ամերիկայի մեջ աշակերտներու բան` բերեցի, որովհետեւ հույսս ամեն երիտասարդներու վրա դրած եմ այլեւս, հաջորդ սերունդ մը պատրաստելու, ապագա սերունդ մը, ցուցնելու, որ տափակ չէ աշխարհը, կլոր է աշխարհը: Ինչ որ գործ ընենք այլեւս տափակ չէ: Խաչքարը տափակ է, հիմա պիտի կլորցնենք խաչքարը, պիտի սկսենք սիմվոլները ծավալ տալ, մասա տալ, օրա տալ, տեսնել: Մտածեցի խաղալիք շինելը ամենախելքուգլուխ բանն է, թե կսկսին զարգանալ իրենց նյութերու վրա, իրենց փայտերու տեսակները սորվիլ: Գիտնան որ փայտը ինչի՞ կգործածվի, ի՞նչ գործիքն է լավ այդ փայտին համար: Հետո սկսին ժողովրդական նյութերը տեսնիլ: Գույները ինչ են, զգացումը ինչ է, որ կարենան այդ ամեն զգայական վիճակը խաղալիքին մեջ դնել: Հետո կամաց կամաց աղմուկը, որ սկսավ շարժվիլ, սկսան ուրիշ գյուղերեն երիտասարդներ գալ: Երկու- երեք ժամ այստեղեն, կուգան այդ պարագայեն իրենք կմտածեն ինչ կուզեն ընել: Քիչ մը օգնություն կուտամ, գործիքներու, փայտի տեսակ, կերթան ամիս մը հետո կշինեն, կբերեն, հետո ատոր վրա կաշխատին, քիչ մը կնորոգեն, կամ քիչ մը ավելի դյուրացնել իրենց գործերը, կերթան կընեն: Շուշին զարգացնելու համար էկոնոմի պետք է: Էկոնոմին դուրս բերելու համար ապրանք պետք ունիս վաճառելու: Եւ խաղալիքը հետաքրքրական է տուրիստներուն համար: Երբ որ տեղ մը երթան եւ հացթուխը տեսնեն գյուղի մեջ, հետո տեսնեն դրա խաղալիք մը: Նույն նյութին վրա տեսնեն տարազներով, բանով, կըլլա տանին կտոր մը այդ կուլտուրայեն իրեց հետը: Խաղալիքին նյութը, միտքը այն էր, որ պատրաստեմ մեկ սերունդ մը, որ ապագայեն դեմ դիմաց խանութներ բանան տարբեր գյուղերուն մեջ եւ իրենց գյուղի բաները սկսին ընել, խաղալիքի տեսակները ընել, իրենց գյուղին հետ կապված»:

Մանկութենես միշտ մտածած եմ այբուբեն մը ստեղծել

«Կյանքիս հերոսը եղած է Մեսրոպ Մաշտոցը եւ Սահակ Պարթեւը: Մանկութենես միշտ մտածած եմ ես էլ այբուբեն մը ստեղծել, որ այս անգամ ըլլա համամարդկային: Եւ որովհետու տափակ լեզուները այլեւս շատ ժամանակավոր են, հեռուստացույցը շատ ժամանակավոր է, կոմպյուտորը շատ ժամանակավոր է, որովհետեւ ամեն ալ տափակ են: Երկու դիմասյոնի մեջ կաշխատեն. այո` ոչ, լավ` գեշ: Որ ամբողջ Եվրոպան նեխած է լավու եւ գեշի միտքեն: Հիմա այլեւս անցած ենք, երրորդ դիմասյոնի մեջ տեղ մը գածած ենք, որ այդ երկուքեն անդին է: Սկսա մտածել, որ ստեղծելիք այբուբենս այդ երեք դիմասյոնեն դուրս պետք է ըլլա, որովհետեւ հիմա մենք չորրորդ դիմասյոնի` Այնշտայնի թեորեին մասին գաղափար ունինք: Սկսած եմ մտածել ինչպես ընեմ, որ տափակ չըլլա այբուբենը: Ըլլա տրիդիմենշընալ, ըլլա ծավալով, այդ ծավալները, եթե քով քով գան, էներգիա ստեղծեն: Սկսա փնտրել աշխարհի ամեն միթոլոգիաներու մեջ, նայել աշխարհի միթոլոգիաներու մեջը ինչն է ամենանույնը: Եվ չորսին գաղափարը ամենուն մեջ կա: Հայու մեջ կըսենք հավերժական սվաստիկա: Այդ սվաստիկայի սիմվոլը աշխարհի ամեն կրոն ժամանակ առ ժամանակ ունեցած է չորսի միտքը, որովհետեւ մենք չորսի ստեղծագործություն ենք, չորս հատ եղանակ ունինք, չորս տեսակ, ամեն բան` հյուսիս հարավ... ամեն բան չորսեն շինված է: Սկսա փնտրել չորսի նյութը: Իմ այբուբենս չորս հատ բան պետք է ունենա, որպեսզի ամեն մարդու ընդունելի ըլլա: Եւ երեսուն տարի սկսա ատոր մշակելու բանը: Առաջին այդ մտացած ժամանակը օր մը անտառի մեջ կքայլեի ճյուղ մը առի ծռեցի, որ կոտրեմ, մեկ էլ անդրադարձա որ չի կոտրած, ես գիտցա ուր պիտի կտրվի, երբ պիտի կտրվի: Բան մը որ մենք մեզի համար այդ երկու դիմասյոն ապրողներուն համար, հայ, ազգն ալ մեջը: Մենք շատ տափակ ժողովուրդ եղած ենք, որովհետեւ աջ ձեռքը միայն կգործածենք, ձախը գործածելիք բան չէ: Գրականության մեջ ձախը չկա, մենք կես մարդ եղած ենք: Հոն, որ զգացի երկու ձեռքս, անդրադարձա, որ ես ներսս զգացում մը զգացի, դուրսեն եւ այդ փնտրտուքը արի գիտության մեջ, տարի գիտության մեջ նայելու, որ էներգիա մը, որ օդի մեջ կանցնի կոր, ժամանակ մը, աստղը, շարժումը, երբ որ իր ժամանակին մեջ կաշխատի կոր եւ դուրսեն ուժ մը վրան գա ինքը կծռի: Ու՞ր կծռի, եւ իր էներգիան ինչպես կանցնի` ատի եղավ մեկ խարակտերը այբուբենի: Ատոր մոտ սկսա աշխատիլ, նախ քար տաշելով նայիլ, որ ծավալի մը մեջ, եթե այդ ծավալով, այդ միտքով գործ մը ընեմ ինչի կնմանի եւ էներգիան մեջը կուգա թե` ոչ: Հետո սկսա շինարարություն ընել, նույն միտքով նայիլ, որ այս մեկ այբուբենը որ շինած եմ, մեկ խարակտերը, որ էներգիան կկենտրոնանա, եթե շենք մը շինեմ կենտրոնանա էներգիան ինչի կնմանի»:

Այս գաղափարը իրականացնելու համար Քարտաշ Օնիկը Նյու-Յորքի արվարձաններից մեկում կառուցեց մի շենք: Որպեսզի պարզի, որ եթե էներգիան կենտրոնանա, ինչի կբերի այն: Միացյալ նահանգներից շատ արվեստագետներ սկսեցին այցելել Օնիկին:

«Երեսուն տարվա մեջ շատ մը արվեստագետներ եկած են այնտեղը իրենց դիսկերը շինելու,որովհետեւ ակուստիկսը զարմանալիորեն ուր որ ձայնը երթա, վերջավորությանը մեջտեղը կուգա մեկ տեղ: Իրենք միկրոֆոնը կդնեն մեջտեղը, ուր որ ձայն ելլա մեջտեղը կուգա: Նույնն է մեր միտքին պարագան ուր որ ենք մենք, մեկ կենտրոն մը ունինք : Հասկացա այդ էներգիայի կենտրոնանալու մասին եւ սկսա այդ չորսին միտքը առնել եւ սկսիլ երթալ ազգեազգ, ազգ չսեմ, կուլտուրե կուլտուր եւ փորձել այս չորսը եւ իրենցինը համամատիլ, եւ այս չորսը ի՞նչ ֆորմերու մեջ դնեմ, որ նոր բառամթերքը շատնա, էներգիայից էլ: Գացած եմ իսլամներու քով, սուֆիներու քով, գործածած եմ իմ այբուբենս, նայիլ, որ Ալլահի 99 ոգիները ինչպես կրնամ ներկայացնել: Իսլամի կրոնքի մեջ Ալլահը 99 ոգի ունի, ինչպես կրնամ 99 ձեւ դնել այս կենտրոնները, որ իմանամ մարդու կենտրոնները ու՞ր են: Իրենց համար մարդը ունի 99 կենտրոն, ինչպես կրնամ ներկայացնել: Հետո գացած եմ ամերիկացի հնդիկներու մոտ նայիլ, որ այդ նույն չորսը, որ իրենց կենտրոնացնողն է, նայիմ, որ իմ չորսս իրենց քով ինչպես կրնամ գործածել: Որ իրենց հետ կրնամ հաղորդակցվիլ եւ իրենց էներգիաներուն տեղը գիտնալ: Իրենք չորս հարյուր հատ ունին կենտրոն, ինչպե՞ս ներկայացնել: Հետո գացած եմ ճապոնցիներու քով, տարբեր տարբեր տեղեր գացած եմ, փորձելու նաեւ, որ եթե ես կմտածեմ համամարդկային մեկ այբուբեն ունենալ, պետք աշխարհի ամեն ազգերուն քով գործածեմ եւ տեսնեմ եթե համամատեմ, կամ իրենց կարծած էներգիան նախ հասկանամ ինչ է, ուսումը առնեմ, հետո փորձեմ այս այբուբենը գործածել իրենց համար:

Ամեն մեկ շարական մեկ եկեղեցիի մեջ շինված ձայն է

«Ինձի համար լավ միտք էր, երթամ հայ ազգին քով եւ իրենց մշակույթի մեջը մտնամ եւ նայիմ ի՞նչ է իրենց չորսը, որ իրենք շատ ընդունած են սվաստիկան, իբրեւ սիմվոլ: Նայիմ իմ չորսս ինչպե՞ս կրնամ իրենց չորսը բերել, որ տափակ միտք է, ինչպե՞ս կրնամ 21-րդ դարուն բերել իմ չորսս գործածելով: Այն գործերը, որ ես հոս ըրած եմ ներքին էներգիային մասը նյութը հոստեղեն եկած է: Հիմա էլ գործածեմ կոր այբուբենը հոստեղը: Նայիմ ինչ ձեւ կառնի: Եւ հետաքրքրական բաներ կան, օրինակ իմ այբուբեններես մեկ հատին վրա, որ շինարարություն ըրած եմ, հիմա կանդրադառնամ, երբ որ Գեղարդ երթամ: Ամեն եկեղեցի չէ, Գեղարդ երթամ, Պտղնի, Դվին, այն եկեղեցիները, որոնց մեջ սյուները կխաչաձեւին անկյունները, եւ ուր իրենց խաչաձեւումին տեղը ճիշտ նույն տեղն է, որ ես գտած եմ իմ այբուբեններես մեկին վրա: Ըսել է որ այդ հանճարները գիտեին ատոր մասին. ուր դնել էներգիան, որ եկեղեցիին ներսի ակուստիկը կենտրոնանա: Ամեն եկեղեցի նույնը չէ: Երբ որ հայ եկեղեցիների մասին կխոսեն, ես գիտեմ ամեն եկեղեցի իր ակուստիքսը ունի: Ուրիշ խոսքով ամեն մեկ շարական, ըլլա «Սուրբ սուրբը», ըլլա «Տեր ողորմյան» մեկ եկեղեցիին մեջը շինված ձայն է: Ուրիշ խոսքով, այդ եկեղեցիի մեջը եթե մտնաս միայն մեկ ձայն հանես տոնով, ակուստիքսը կելլե ինքնին: Ասել է թե հանճարը չէ նստած գրած ակուստիքսը, հանճարը շինարարն է հայ ազգին, շինարար ձեւին մեջն է, որ ակուստիքս կա: Ատոր համար ամեն մեկ եկեղեցի իր ձայնն ունի, իր ակուստիքսն ունի ու ամեն մեկ շարական տեղ մը գրված է, իսկ այն եկեղեցիները, որ մտնես ուր այդ ակուստիքսը չունի, շինարարական պրոբլեմներ ունին, որովհետեւ այդ ակուստիքսը չունի, կրնա ուրիշ նյութ ըլլալ, բայց այդ մեկը չէ: Իմ գտածս այն է, որ հստականալու համար որ իմ զգացական վիճակս, իմ ինտուցիաս, իմ ինքստինքս, որ ինձի այդ չորս գիրերես մեկ հատը գտավ, անդրադառնալ, որ հայոց մեջ ճարտարապետներ ինձմե առաջ նույն բանը գտած են: Ըսել է, որ ես արդեն ընդունակ պիտք է ըլլամ: Հայ ազգը, որ իրենց հանճարը ես 21-րդ դար կբերեմ կոր, նոր այբուբենով, ինչպես Մեսրոպ Մաշտոցը փոխած է երեք հազար տարվա այբուբենը, որ հայերը ունեին, նոր միտքով, նոր պատրաստակամությամբ 36 տառերով: Ինձի համար շատ բան է մեկ կողմեն հպարտ, մեկ կողմեն կզգամ, իմ հերոսությունս, Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի զգացումը վերապրիլն է, նորեն կվերապրիմ կոր նորեն կվերստեղծեմ կոր ազգի մը պետքը, որ համաշխարհային նոր այբուբեն ըլլա այս անգամին: Հայ ազգը ինքն այս անգամին, վերջիվերջո, մեկ հատ նվեր կտա աշխարհին»:

Քարին մեջ մտնալ-տաշելով սկսա հազարամյակներ ետեւ երթալ

«Իմ պարագայիս եկա 301, ուզեցի 301-են 100 տարի ետեւ երթալ, ճամփա չկար, սկսա քար տաշել, միակ ճամփան էր: Որ սկսա քար տաշել սկսա քարե տաշված նյութեր, ֆորմաներ կարդալ: Սկսա ետեւ երթալ 1000 տարի, 2000, 3000 տարի Քրիստոսից առաջ միայն տաշելով տարբեր ֆորմաներ: Ինչպես մեկը այբուբենը կսորվի կրնա բանաստեղծություն կարդալ, ես ալ ֆորմաներ տաշելով, ոչ թե ֆորմը տեսնելով, քարին մեջ մտնալ տաշելով սկսա հազարամյակներ ետեւ երթալ եւ գեներիս մեջ սկսա զգալ: Տարբեր քարերու վիբրացիոներեն կզգամ ամբողջ լեզուն, ինքս կհասկանամ ես ով եմ: Գեներիցս, շարժումներես կհասկանամ: Հոնտեղեն իջա, հայը ի՞նչ ըսել է, տեղ մը հասա, որ հայը ուրիշ բան է: Պզտիկ պզտիկ խումբեր են: Իմ պարագայիս գենետիկ ֆորմաս կուգա Արարատ լեռան հյուսիսեն եւ Մեծն Տիգրանի ժամանակ: Մեզի ջնջած է Մեծն Տիգրանը եւ այդ ժամանակեն մինչեւ այսօր ես տակավին կփորձեմ ինքնությունս ներկայացնել, ով որ տեր ու տիրական ըլլա ատոր վրա:

Հայը միայն հողին վրա հայ կըլլա

«Իմ ցուցահանդեսներես մեկ հատը Լոս Անջելես 91-ին նյութն այն էր, որ հայը միայն հողին վրա հայ կըլլա, դուրսը հայ չես կրնար ըլլալ: Կրնաս հայու ծագում ունենալ: Եւ ամբողջ ցուցահանդեսն ատոր մասին էր: Ինստալացիա արի, տաճար շինվեցավ եւ այլն ըսելու համար. ես հայու ծագում ունիմ: Ես չեմ կրնար «հայ եմ» ըսիլ, որովհետեւ եթե Լոս Անջելես նստած կրնամ ըսել հայ եմ, այն ատեն մեղք կմտնամ այն հայուն այստեղ, որ հողին վրա կզոհվի կոր: Ինքը չգիտե թե ինքը ով է, բայց այն հայը այստեղ է, կեցել է հողին վրա, կըսե ես հայ եմ, որովհետեւ հողիս վրա եմ, հողիս համար արյուն կտամ, հողիս համար կմեռնիմ, հողս կպաշտեմ, հողս մաքուր կպահեմ, հողս չեմ թունավորել: Այն մարդն իրավունք ունի իր հողին վրա: Բայց եթե գնաս Գլենդել նստիլ եւ ասել ես ես հայ եմ այն ատեն հայը ի՞նչ ըսել է, այսօրվա հայը ի՞նչ ըսել է: Նյութ է, ինձի համար շատ հստակ է, իմ հոս գալս միայն զգալու հետ կապված է, այստեղի հողը զգալու, այստեղի վիճակը զգալու: Ատոր համար հիմիկվա տաշած քարերս, որ չորս ամիս է կտաշեմ, ամեն նահանգներե է Հայաստանեն, Անիեն, Երեւանեն, Աշտարակեն, Գանձասարեն, տարբեր տարբեր տեղերեն քարեր բերած եմ եւ ամեն մեկը կտաշեմ, որպեսզի զգամ ամեն մեկուն վիբրացիոնը ի՞նչ է: Եւ նույնը չէ, տարբեր տարբեր հայեր են ասոնք, տարբեր տարբեր զգացական մարդիկ են, տարբեր բաներ կզգան: Մեկ տուֆը եթե առնես, տարբեր շրջան տարբեր է: Ինքը ծավալ մը է, մեջը տարբեր տարբեր ուրիշ քարեր կան: Կան, որ այնքան պինդ են, որ ոչ մեկ գործիք չի կրնա կտրել, կայրի ինքը կամ կկոտրվի: Ըսել է, եթե առնեմ ատիկա այսօր դիենը առնեմ, մարդու դիենը դնենք պատին եւ տեսնենք կետերը եւ քովն էլ միկրոսկոպով մեծցրած տուֆ մը դնել եւ սկսիմ համեմատել, օրը պիտի գա, որ տեսնենք: Այդ դեպքում մեկ կաթիլ արյունով ես քեզի կսեմ շատ հստակ որ շրջանեն դու կուգաս, որովհետեւ այդ հողին դիենեյը, ֆորմը քարերուն եւ քու դիենեյը շատ մոտիկ են: Կրնանք հստակ գիտնալ մեկը Ղարաբաղի որ շրջանեն կուգա, մյուսը` Երեւանեն որ շրջանեն»:

Միացյալ նահագներում եւ աշխարհում Օնիկի տեսությունը հետաքրքրել է շատ արվեստագետների: Նրան տարբեր համալսարաններից, կենտրոններից հրավիրում են դասախոսությունների:

Մեր գանգն ալ սենյակ մըն է, որու մեջ աղմուկները կերթան-կուգան

«Հետաքրքրական նյութ մը ըսեմ. բաներ կա, որ ազգը ունեցած է, բայց մոռցած է: Հետո կերթաս ուրիշ ազգի մեջը կգտնաս եւ կըսես, երթամ նայեմ մեր ազգը աս ունեցել է, մորցել է կամ քրիստոնեությունը բնաջնջել է, նոր կրոնքը, նոր միտքը մը հանել է, կսկսիս վերադառնալ: Այդ պարագայեն նորեն պիտի ըսես որ եթե ճապոնցիեն սորվեցար քո ազգի այդ դուռը բանալը, ճապոնցիին մեջը մտավ արդեն, գտնալեն էլ չես կրնալ ուրանալ, որ ատի, ատոր կեսը ճապոնական է: Գուրջիեւը մեզի եթե հանճար մը տվավ ատիկա տվավ, երթալ տարբեր ազգերու մեջ բաներ գտնալ բերել մեզի, որ մենք տեսնանք: Իմ պարագաս էլ նույյն է: Երբ ես իմ չորս խարակտերներու մասին շինարարություն էի սկսած, Գուրջիեւը ակուստիքսի մասին երկար բարակ խոսած է: Ինչ որ տեղեր գացած է, սենյակներ, որ եթե այսպես խոսեինք կսկսեինք լալ, կամ խնդալ: Մեջս ակուստիքսի նկատմամբ հետաքրքրություն է արթնացած եւ սկսած եմ փնտրել` ինչ ըսել է ակուստիք: Որովհետեւ մեր գանգն ալ սենյակ մըն է, որու մեջ աղմուկները կերթան կուգան կոր, էներգիաները կերթան կուգան կոր կենտրոնանալու համար նույն ձեւով: Եւ ասոր եթե կուզեք փաստել, որ ասիկա կենտրոն մը ունի, երթանք երեք ազգեր, որ պիրամիդ շինած են (եգիպտացիները, մայաները եւ անգորուա), երեքն ալ մեկ վատ բան ըրած են հիմիկվա գիտության նման. երեխաները դրած են փայտի վրա գլուխը կապած են, որպեսզի գանգին ձեւը փոխեն, որպեսզի իրենց կենտրոնը, սանսույել զգայարական կենտրոնը տանին: Ան ինչ որ իրենք կկարծեն միստիկական կենտրոնն է: Ատոր համար իրենց վարդապետները եղած են միստիկներ: Մենք հիմա կհպարտանանք պիրամիդներով, բայց ատիկա վատ բան է, որ մարդուն էությունը փոխես, որպեսզի ուրիշ տեղ տանիս ինչպես այսօր Ամերիկան կլոնինգ կընե` մարդուն էությունը փոխելու: Երկու բան ըրած է Գուրջիեւը իմ պարագայիս, նախ ամեն կրոնքերու մեջ, որ երթաս միստիկական տեղը, այսօրվա մարդը այլեւս միակողմանի չի կրնար ըլլալ: Պետք է ամեն տեսակի միստիցիզմերը հասկանանս, որպեսզի կոմբինացիա ըլլա այդ ամենուն: Գուրջիեւը առաջին մարդն էր, որ Եվրոպա բերավ եւ ցուցուց իսլամին միստիկը, բուդիզմին միստիկը, տիբեթին միստիկը: Քրիստոնեության մեջ, կրնամ ըսել շատ բան չգտավ, մասնավորապես Հայաստան բան մը չէր գտած, որովհետեւ Հայաստան ըստ իրեն, նաեւ` ըստ ինձի, 1000 տարի է, ոչ միստիցիզմ ունի, ոչ կրոնք ունի, ոչ բան ունի, չեմ գիտեր ինչ ունի, բայց կքայլե կոր այդպես: Ատ միստիկական մասը, իր փնտրտուքը, ես իրմե սրվեցա այդ մասը փնտրտել: Ի՞նչ է միստիկը եւ երթալ ամենուն փնտրել եւ ատոր քով քովու բերել, ոչ թե միայ առնել, աս ալ սորվեցա, ան ալ սորվեցա, այլ քով քով բերել` մեկ կրոնք շինել, համամարդկային մեկ միտք շինել, ինքը կրցավ շինել: Անոնք որ կրցան արեւելք երթալ, ըսենք Շոպենհաուեր, Նիցշե, գերմանացիք, ֆրանսիացիք ան որ արեւելք գնացին, արեւելյան մտածողության մեջ մտան տեսան որ այդ դուալետիեն դուրս պիտի ելնես: Անոնք որ դուրս ելան վերականգնվեցան իբրեւ ազգ, գերմանացիները վերականգնվեցան իբրեւ ազգ եւ վերադարձան իրենց արմատներուն»:

Հողի արժեք չկա հայուն մեջ

«Հայ ըսվածը շատ էլաստիկ բան մըն է: Միայն պահված բանը ինձի համար, որ նույնն է ամենուն մեջ չորսն է` հող, ջուր, օդ եւ կրակ: Միշտ չորսը մնացած է դարերու շրջանին: Քրիստոնեությունը կարտոնե հայուն աշխարհի որեւէ մեկ տեղ երթալ եւ հայ ըլլալ եւ քրիստոնեա, որովհետեւ քրիստոնեությունը իբրեւ կրոնք, մտքի կրոնք է, կրնա որեւէ մեկ տեղ ըլլալ: Հողին նյութ չունի, կին չունի կրոնքը, քրիստոնեությունը կին չունի: Մեյմը, որ կինը բերես կրոնքի մեջ, ինչ որ ֆրանսիացիները բերին Ժան Ժակ Ռուսո, գերմանացիներին` Նիցշե, մեյմը որ հայ ազգն ալ կինը բերե իր կրոնքին մեջ, այն ատեն հողը կպաշտե, կինը կպաշտե, հողը կպաշտե եւ կվերադառնա հողին, հողին վերադարձը միայն այդպես կըլլա: Եթե ամենը սփյուռքեն օր մը պիտի ուզենք այս հողամասերուն մեջ գալ ապրինք, հողին պաշտամունքը պետք է սկսինք: Եւ Գլենդելի մեջ կինդ պիտի սկսես պաշտել, առաջին հերթին, կինդ հավասար պետք է բերես դնես, թե կրոնքիդ մեջ, թե աշխատանքիդ մեջ, թե վարվելակերպիդ մեջ, պիտի կինին հետ հավասար ըլլաս: Եթե այդ հավասարությունը կա ամեն մարդ հոս պիտի գա: Այն ատեն հողին պաշտամունքը կսկսի հասկանալ, կհասկանա հողին արժեքը ի՞նչ է, հողի արժեք չկա հայուն մեջ: Կրոնքը բնաջնջած է ատիկա: Անահիտ, Աստղիկ Աստվածուհիները արձաններ չէին, որ կդնես, կերթաս Հիսուսին պես կպաշտես: Միտք էր, միտք էր, հողապաշտության միտք էր Անահիտը: Այդ միտք չկա: Որովհետեւ այդ միտքը չկա, կրնամ որեւէ մեկ տեղ ապրիլ, որեւէ մեկ տեղ ըլլալ եւ կարծել, որ տակավին հայ եմ: Այն ատեն հայը իմաստ չունի այլեւս»:

Մի քանի ժամ տեւած մեր զրույցից հետո Քարտաշ Օնիկին հարցրի` ի՞նչ է հայը քեզ համար: Օնիկը միանգամից պատասխանեց` Հայը ինձի համար պատմական ժամանակ է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter