Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հայտնում են Վարչապետի աշխատակազմից։
«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակմանը, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճին:
Վարչապետ Փաշինյանը ընդգծել է հավատարմությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին, ինչպես նաև բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական եղանակներով ու կառուցողական մթնոլորտում լուծելու մոտեցումներին:
Վրաստանի վարչապետը հայտնել է, որ պատրաստ է ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատման: Երկուստեք կարևորվել է խաղաղ բանակցային ճանապարհով առկա հիմնախնդիրների կարգավորումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այսօր Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի , Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Նկարը՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել