HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվել են «Մարիաննայի» գործարանում տեղի ունեցած պայթյունի պատճառները

Հունիսի 7-ին՝ ժամը 08.35-ին, «1-03» ծառայությունից տեղեկություն էր ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 1/9 հասցեում գտնվող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի գործարանում տեղի է ունեցել պայթյուն, և կա տուժած:

Դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ ՃԿԿ օպերատիվ խումբը և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը:

Տեղում պարզվել էր, որ պայթել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կաթսայատան «Ե1» տիպի շոգեկաթսան: Դժբախտ պատահարի հետևանքով արտադրամասի աշխատակից, 1957 թ. ծնված Էդուարդ Ղազարյանը ստացել էր մարմնական վնասվածքներ ու ծանր վիճակում տեղափոխվել «Մալաթիա» բժշկական կենտրոն:

ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներից և «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ներկայացուցչից կազմված հանձնախումբը, անցկացնելով տեխնիկական քննություն, եզրակացրել է, որ դժբախտ դեպքի պատճառ են եղել շոգեկաթսայի ավտոմատ համակարգի աշխատանքի խափանումը և հնոցապանի անփութությունը:

Հունիսի 7-ին՝ ժամը 08.00-ին, Երևանի Հաղթանակի 1/9 հասցեում գտնվող «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կաթսայատունը սովորականի պես սկսում էր աշխատանքը: Հնոցապան Էդուարդ Ղազարյանն անցնում է աշխատանքի և վառում շոգեկաթսան՝ բարձր ճնշման շոգի ստանալու համար: Կաթսան վառելուց մինչև բարձր ճնշման շոգի ստանալը պետք է 35-40 րոպե ժամանակ: Կաթսայի անվտանգ աշխատանքը կատարվում և ղեկավարվում է ավտոմատ համակարգով:

Ավտոմատ համակարգում գոյություն ունեցող գազի ճնշման կարգավորիչը գազի ճնշումը նորմայից իջնելու կամ բարձրանալու ժամանակ պետք է անմիջապես ավտոմատ կերպով անջատի գազի հոսքն այրիչից դեպի կաթսայի հնոց: Մինչև կաթսայի հնոցը չօդափոխվի և չգազազերծվի, համակարգը թույլ չի տա այրիչը վառել:

Հավանաբար կաթսայի հնոցում պայթյունն առաջացել է հետևյալ կերպ. գազի ճնշման տատանման (անկման կամ բարձրացման) պատճառով անջատվել է գազային այրիչը: Ավտոմատ համակարգի լոգիկ բլոկի խափանման պատճառով չեն միացել ծխաքաշի և օդափոխիչի էլեկտրական շարժիչները, որպեսզի հնոցը մաքրվի կուտակված զազից, որի հետևանքով էլ այրիչի կրկնակի միացման հետևանքով առաջացել է պայթյուն:

Ծխաքաշի աշխատանքը վիզուալ ստուգելու նպատակով հնոցապան Էդուարդ Ղազարյանը մոտեցել է դրան, որի ժամանակ և կաթսայի հնոցում տեղի է ունեցել պայթյուն: Դրա հետևանքով կաթսայի պաշտպանիչ շերտի ու ետնապատի քանդվելու պատճառով բեկորների և պայթման ալիքի հարվածներից վնասվածքներ էր ստացել հնոցապան Էդուարդ Ղազարյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter