HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի կապակցությամբ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Արցախի հարցով նիստի կապակցությամբ։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Ողջունում ենք 2023 թվականի օգոստոսի 16-ին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ծագած հումանիտար աղետի քննարկմանը։

Մեր երախտագիտությունն ենք հայտնում այն ​​երկրներին, որոնք հավատարիմ մնացին միջազգային իրավունքի և հումանիզմի սկզբունքներին և իրենց ելույթներում ընդգծեցին Լաչինի միջանցքի հրատապ ապաշրջափակման և Արցախի կարիքավոր բնակչությանը կենսական նշանակության ապրանքների մատակարարման անհրաժեշտությունը։

Միևնույն ժամանակ, հիասթափություն է առաջացնում այն, որ առանձին պատվիրակություններ փորձել են երևակայական և չափազանց վտանգավոր հավասարակշռություն գտնել Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու ցանկության և նրան բռնի ուժով հպատակեցնելու և ոչնչացնելու Ադրբեջանի նկրտումների միջև:

Չի կարող լինել փոխզիջում, մի կողմից՝ ազատության, մարդկային արժանապատվության, խաղաղության և արդարության համընդհանուր արժեքների և մյուս կողմից՝ մարդկանց ֆիզիկական ոչնչացման նպատակով իրականացվող մարդու իրավունքների համակարգված և լայնածավալ խախտումների ծայրահեղ դրսևորումների միջև:

Ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները կցուցաբերեն հետևողականություն և սկզբունքային դիրքորոշում Արցախի ժողովրդի նկատմամբ հետագա հանցավոր գործողությունները կանխելու գործում և իրենց դիրքորոշումը կամրապնդեն բանաձևի ընդունմամբ, որը կպարտավորեցնի Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումն առանց որևէ նախապայմանի և այլընտրանքային երթուղիների հետ փոխկապակցության՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությանը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին խիստ համապատասխան։

Հաշվի առնելով Ադրբեջանի հստակ ցեղասպանական մտադրությունը, ցանկացած փորձ՝ խոչընդոտելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ջանքերը՝ վերջ դնելու Արցախի անմարդկային պաշարմանը և հումանիտար աղետին, հավասարազոր կլինի լռելյայն հավանության, եթե ոչ մեղսակցության Բաքվի կողմից կատարվող հանցագործություններին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter