
Պրանդելին ցանկանում է հաղթել «Եվրո»-ն եւ շուտ գնալ տուն ու քնել
Իտալիայի հավաքականը գեղեցիկ խաղի շնորհիվ չկարողացավ հասնել հաղթանակի մառախլապատ Ալբիոնի թիմի նկատմամբ, սակայն 11-մետրանոցների ժամանակ բախտն ու փորձը հենց ապենինցիների կողմն էին: Ռոյ Հոջսոնի Անգլիան ուղեւորվեց տուն, իսկ Չեզարե Պրանդելիի թիմը կիսաեզրափակչում կհանդիպի Գերմանիային. պատմական հակամարտության շարունակություն՝ «Եվրո-2012»-ի շրջանակներում: Այսպիսով՝ 1/2-ում կխաղան Պորտուգալիա-Իսպանիա, Գերմանիա-Իտալիա զույգերը:
Անգլիա-Իտալիա գոլազուրկ խաղում, այդուհանդերձ, ավելի լավ տեսք ունեին իտալացիները, որոնք ավելի սուր ու վտանգավոր էին գործում: Նրանք արդարացիորեն վաստակել էին 4-2 հաշվով հաղթանակը հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ: «11-մետրանոցները միշտ էլ վիճակախաղ են, սակայն գտնում եմ, որ արժանի էինք հաղթանակին,- ավելորդ համեստություն չի արել Պրանդելին,- նման պարագայում բախտը կազմում է մոտ 80 տոկոս: Որոշ խաղացողներ սովորել են այդպիսի հանգամանքների, ոմանք էլ ընդհանրապես միշտ հանգիստ են: Բայց միեւնույնն է՝ հիմնականը բախտի գործոնն է»:
Մարզիչը պատմել է, որ խաղից հետո զանգել է Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն եւ շնորհավորել թիմին: Ըստ Պրանդելիի՝ որոշիչ դեր ունի այն, որ գերմանացիները երկու օր շատ են հանգստանալու, սակայն միաժամանակ ասել է, որ եթե իրենք խաղան նույն ձգտումով, եզրափակիչ մտնելու հնարավորություններ կան:
«Իսպանիան ու Գերմանիան մրցաշարի գլխավոր ֆավորիտներն են, սակայն մենք կռիվ ենք տալու»,- շեշտել է իտալացին՝ հավելելով, որ ուզում են շուտ տուն վերադառնալ եւ քնել:
Անգլիացիների մարզիչ Ռոյ Հոջսոնն էլ նշել է, որ չէին ձգտում խաղը 11-մետրանոցների հասցնել: Բրիտանացիները հիմնականում անհաջողակ են եղել նման պարագաներում, եւ այս դեպքում էլ ավանդույթը շարունակվեց: Հիասթափված Հոջսոնը կարիք է հայտնել, որ հնարավոր չէ խաղացողին 11-մետրանոց իրացնել սովորեցնել, որ հետո այն գործի վերածի խաղի ժամանակ. «Դուք տեսե՞լ եք, թե ինչպիսի սառնասրտությամբ է Պիռլոն իրացնում այդ հարվածը: Նման բան հնարավոր չէ սովորեցնել»:
Մասնագետը հավելել է, որ իտալացիները լավ ֆուտբոլ էին ցուցադրում, բայց իրենք էլ լավ պաշտպանվում էին: «Մենք լքում ենք «Եվրո»-ն՝ հիմնական ժամանակում այդպես էլ չպարտվելով: Գնում ենք տուն, քանի որ չենք կարողանում հաղթել 11-մետրանոցներով»,- եզրափակել է Հոջսոնը:
Լուս.՝ Ալեսանդրո Դիամանտին` հաղթական հարվածից հետո (uefa.com)
Մեկնաբանել