Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվության միջոցով փորձում է հիմնավորել ադրբեջանական զորքերի կողմից հրադադարի խախտումը․ ՊԲ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 12-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, կրակ են բացել Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
«Ադրբեջանի ՊՆ-ն, օրվա ընթացքում երկու ապատեղեկատվություն տարածելով, փորձում է հիմնավորել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի օգոստոսի 12-ին արձանագրված խախտումները, ինչպես նաև շեղել միջազգային ուշադրությունը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար աղետից:
Ադրբեջանական ստորաբաժանումները օգոստոսի 12-ի վաղ առավոտյան կրակ են բացել Արցախի Հանրապետության կապի ենթակառուցվածքի սարքավորումների, իսկ ժամը 14։15-ի սահմաններում Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Արցախի պաշտպանության նախարարությունը առավոտյան հերքել էր Ադրբեջանի ՊՆ տարածած ևս մեկ հաղորդագրություն, թե ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել