HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Համմերի» վարորդը մեղսունակ է ճանաչվել․ գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է «Համմեր» մակնիշի ավտոմեքենայի 26-ամյա վարորդի կողմից խուլիգանություն կատարելու, գույք վնասելու,  տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունենալու պարագայում, ոչ սթափ վիճակում, տրանսպորտային միջոց վարելու, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և թմրամիջոցների՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն

Քննությամբ հիմնավորվել է, որ 26-ամյա երիտասարդը 2023 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, «մետամֆետամին» տեսակի թմրամիջոց գործածելու արդյունքում գտնվելով ոչ սթափ վիճակում, հասարակության, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերելով բացահայտ արհամարհական վերաբերմունք, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, հոր անվամբ հաշվառված «Hummer» մակնիշի ավտոմեքենայով Երևանի փողոցներում կատարել է խուլիգանություն, որի ընթացքում վնասել է ինչպես ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության, այնպես էլ՝ քաղաքացիական անձանց պատկանող ավտոմեքենաներ՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաև պաշտոնատար անձանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով վերջիններիս նկատմամբ գործադրել է բռնություն: 

Բացի այդ, երիտասարդը, քննությամբ դեռևս չպարզված անձից և հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի՝ իր անձնական օգտագործման համար, ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել խոշոր չափերի՝ 0,62 գրամ հաստատուն քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, ինչն էլ հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում կատարված  անձնական խուզարկությամբ:

Ըստ հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական գործողություններ, խուզարկություններ, հարցաքննություններ, որոնց ընթացքում մեղադրյալը մատնացույց է արել այն վայրը, որտեղից վերցրել է «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութը։ Կատարված խուզարկությամբ երիտասարդի բնակության վայրից հայտնաբերվել և վերցվել է 2 օգտագործված ներարկիչ և 2 հատ  օգտագործված ապակյա սրվակ։ «Համմեր» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ սրահից հայտնաբերվել և վերցվել է 1 օգտագործված ներարկիչ և 1 հատ ապակյա սրվակ, ինչպես նաև՝ 2 հատ օգտագործված ապակյա սրվակ։

Համաձայն ՀՀ ԱՆ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ երիտասարդի մոտ ինչպես իրավախախտումները կատարելիս, այնպես էլ՝ ներկայումս հայտնաբերվել և հայտնաբերվում է հոգեկան /ոչ փսիխոտիկ և վարքային խանգարումներ թմրանյութերի և այլ հոգեակտիվ նյութերի համակցված գործածման հետևանքով, որը արտահայտված չէ այն աստիճանի և չի ուղեկցվում ակտիվ հոգեախտաբանական ախտանիշներով, մտավոր, հիշողության կոպիտ խանգարումներով, որ ինչպես իրավախախտումները կատարելիս, այնպես էլ՝ ներկայումս, զրկեր և զրկի նրան գիտակցել իր գործողությունների բնույթը, վտանգավորությունը, հաշիվ տալ իրեն կատարած արարքների համար և ղեկավարել դրանք: 

Բացի այդ, ըստ փորձագիտական եզրակացության, իրավախախտումը կատարելիս երիտասարդը չի գտնվել նաև հոգեկան գործունեության որևէ ժամանակավոր հիվանդագին խանգարված վիճակում, որը կարող էր զրկել նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք, այլ գտնվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի ներգործության տակ: Փորձաքննության եզրակացությամբ երիտասարդը ճանաչվել է մեղսունակ: 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, 264-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 344-րդ հոդվածի 2-րդ մասով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 396-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ 

Նախաքննությունն ավարտվել է, հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և քրեական վարույթի նյութերն ուղւարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter