Լյովը կարողացավ զարմացնել Սանտուշին
Գերմանական անպարտելի մեքենայի հաղթարշավը շարունակվում է: Յոահիմ Լյովի սաները «Եվրո-2012»-ում տարան հերթական հաղթանակը՝ 1/4-ում 4-2 հաշվով հաղթելով հույներին: Սա մրցաշարի ամենագոլառատ հանդիպումն էր: Լամի, Խեդիրայի, Քլոզեի ու Ռոյսի դիպուկ հարվածներին պատասխան եղավ Սամարասի ու Սալպինգիդիսի կողմից:
Լյովն անչափ գոհ է իր թիմի խաղից: Նա նշել է, որ իր թիմն ամենաերիտասարդն է մրցաշարում եւ 15 խաղ շարունակ հաղթում է: «Ես հպարտանում եմ իմ խաղացողներով: Մենք հաղթեցինք միանգամայն արժանիորեն»,- ասել է գերմանացին ու հավելել, որ հույները երկու գոլ են խփել՝ ստեղծելով մեկ պահ: Լյովը խոստովանել է, որ առաջին երեք հաղթանակից հետո մտածել է փոփոխություններ կատարել թիմում, որպեսզի զարմացնի մրցակցին, քանի որ գիտեր՝ հույները լավ են պատրաստվելու: «Կարծում եմ՝ իմ ծրագիրն աշխատեց,- ասել է մարզիչը,- եթե առաջ նայենք, կիսաեզրափակչի 4 մասնակիցներն էլ արժանի հավակնորդներ են լինելու տիտղոսի համար: Մնացած խաղերում որոշիչը մանրագույն դետալներն են լինելու, այդ պատճառով էլ մեզ ոչ մի սխալ թույլ տալու իրավունք չունենք»:
Հույների պորտուգալացի գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանտուշն իր հերթին շնորհավորել է մրցակցին ու շնորհակալություն հայտնել իր սաներին: Նա նշել է, որ Գերմանիան շատ էր տիրում գնդակին եւ ազատ տարածություններ չէր թողնում: Ընմիջմանը Սանտուշը խաղացողներին ասել է, որ եթե գոլ խփել, խաղը կփոխվի: Գոլ հույները խփել են, բայց միայն այդքանը: Ըստ մարզչի՝ զգացվում էր թիմի որակազրկված ավագ Կարագունիսի բացակայությունը, որն ունակ է գնդակ պահել եւ թիմակիցներին շունչ քաշելու հնարավորություն տալ:
Պորտուգալացին խոստովանել է, որ գերմանացիների կազմում այդքան փոփոխություններ տեսնելն իր համար անակնկալ էր: Լյովը մեկնարկում դաշտ էր դուրս բերել խաղացողների, որոնք խմբային փուլում պահեստայինների թվում էին: Միաժամանակ Սանտուշը Լյովի քայլը գրագետ է համարել:
Լուս.՝ Սամի Խեդիրան՝ գոլից հետո (Getty Images)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել