Կեչուտում դեռ թարմ են 2022-ի սեպտեմբերյան պատերազմի հետքերը
Վայոց ձորի մարզի Կեչուտ գյուղը չորս թաղամաս ունի։ Ջերմուկ քաղաքից հեռու է 3 կմ։ Բնակչության հիմնական մասը երկրորդ թաղամասում է ապրում։ Թաղամասի վերջին տան դուռը բաց է։ Տանտիկինը բալ է լցնում ապակե տարաների մեջ, որ կոմպոտ պատրաստի։
-Ձեր այգու բե՞րքն եք փակում,- առաջ գնալով՝ հարցնում եմ կնոջը։
Նա թողնում է բալն ու մի քանի վայրկյան լռում։
-Չէ, էս տարի առաջին անգամ բալը իմը չէ, գնել եմ։ Մեր բալենիները սեպտեմբերին վառվեցին, արկ ընկավ։
68-ամյա Անահիտ Ստեփանյանը ծնվել ու մեծացել է Կեչուտ գյուղում։ Գյուղի ակումբում 30 տարի գեղմասվար է աշխատել, 10 տարի էլ տեղի գրադարանում է աշխատել։ Անահիտն ու թոռնուհին՝ կրտսեր Անահիտ Ստեփանյանը, մեզ ուղեկցում են տնից քիչ հեռու գտնվող իրենց հողատարածք։ Ճանապարհին Անահիտը ձեռքով ցույց է տալիս այն հատվածները, որոնք 2022թ․-ի սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով վառվել են։
-Էս դիմացի մասում, որտեղ երևում ա՝ խոտը մուգ գույնի է աճել, էդ տեղերը վառվել էին։
Հիշում է՝ սեպտեմբերի 14-ին ցերեկը այս ճանապարհով գնում էր հողամաս, երբ ուժեղ պայթյունի ձայներ լսեց։
«Ինձ թվաց՝ գյուղի բոլոր տների տանիքները ջարդվեցին, այ էդպիսի ձայն եկավ, թվաց, թե իմ վրա է գալիս, ծնկներս թուլացան, ընկա»,-ասում է Անահիտ Ստեփանյանը։
Հասնում ենք հողամաս։ Անահիտի ամուսինը, ինչպես դեպքի օրը, այդ օրն էլ հողամասում էր։ Կարտոֆիլն էր ջրում։
Սեպտեմբերից երկու դրվագ է հիշում Յուրա Ստեփանյանը:
«Ես ու կինս գյուղից դուրս չենք եկել։ Էդ օրը արկն ընկնում էր կնոջս վրա է՜, այ բալա, փախել ա է՜, ծնկները մինչև հիմա չեն լավացել»։
Շատ չի խոսում, շտապում է փոխել ջրի առուն։
«Ինձ խոսեցրիր, ջուրս մնաց։ Լավ տեղ ա էստեղ, անցած տարի գայիք, ձեզ մեր այգու վիշնյան կտայի, մալինան։ էս տարի չունենք»,- ասում է Յուրա Ստեփանյանը։
Անահիտը ցույց է տալիս հարվածից փոս ընկած տեղը, որն արդեն կանաչել է։ Վերադառնում ենք տուն։ Շարունակում է կիսատ թողած կոմպոտի բանկաները փակել։
Անահիտի ընտանիքը վեց անդամից է բաղկացած՝ ինքը, ամուսինը, հարսը, տղան և երկու թոռները։
Անահիտն ասում է՝ պատերազմի ամենատեսանելի հետևանքներից մեկը հանգստացողների թվի կտրուկ նվազումն է։
«Մարդիկ արդեն խուսափում են գալ էստեղ, մտածում են՝ անվտանգ չէ։ Առաջ էս սեզոնին քաղաքը լիքն էր տուրիստներով, հիմա համարյա դատարկ է»։
Անահիտի համագյուղացի Սվետա Աբգարյանն էլ արդեն 73 տարի է Կեչուտում ապրում։ 5 թոռ ու 5 ծոռ ունի: Ընտանիքի հիմնական եկամուտը անասնապահությունն է, սակայն Սվետան հիմա դժվարանում է ասել՝ կկարողանա՞ն մինչև այս ձմեռ պահել անասունները, թե՞ ոչ։ Նրանց խոտհարքները մնացել են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
Սվետայի ընտանիքը սեպտեմբերին երկու անգամ դուրս է եկել գյուղից, առաջին անգամ մի քանի ժամով, հետո՝ 2 օրով։
«Ամսի 12-ի գիշերը՝ 00:05-ին մոտ, ռմբակոծել են։ Երեխեքը բոլորը քնած էին։ Ես էլ սովորություն ունեմ՝ հեռուստացույց երկար եմ նայում, անջատեցի, որ գնամ պառկեմ, որ գցեցին, ինձ թվաց՝ սալյուտ ա, մեր գյուղից մեկի ծնունդը կար, ասեցի, հետո նորից գցեցին, ասեցի՝ էս ուրիշ բան ա, էլի։ Թոռս արթնացավ, ինքը 44-օրյայի մասնակից է, նայեց պատուհանից, հասկացավ՝ ինչ ա կատարվում, ասեց՝ արագացրեք, դուրս եկեք, իջեք պադվալները»։
Քիչ անց որոշել են գյուղից դուրս գալ, 12 հոգով նստել են Սվետայենց «Վիլիսն» ու գնացել Վայք։
«Նստած սպասում էինք՝ երբ է լուսանալու։ Առավոտյան 6-ին հետ եկանք, մեզ գյուղից ասել էին, որ արդեն չեն խփում։ Եկանք, գյուղում համարյա մարդ չկար։ Գազ, լույս, ոչ մի բան չկար։ Օջախ վառեցինք, էստեղ մնացածների համար հաց սարքեցինք»։
Նույն օրը, մոտ ժամը 16։30-ին, երբ տիկին Սվետան գոմում էր, նորից ռմբակոծություն է սկսվում։
«Թոռս եկել ա, ասում ա՝ արագացրեք, ասում եմ՝ սենց ո՞նց կլինի, գոմի շորերով եմ, հենց էդպես էլ արագ գնացել ենք։ Արդեն Եղեգնաձոր ենք գնացել, 2 օր մնացել, տղամարդիկ էին գալիս, անասուններին կեր տալիս։ Մի կովս էլ, որ էդպես մի քանի օր չկթեցինք, ցամաքեց։ Բայց դրան ո՞վ էր նայում, թող խաղաղություն լինի, կովը՝ հեչ»,- ասում է Սվետա Աբգարյանը։
Տան դիմաց փոքրիկ հողատարածք ունեն, մի քանի բույսեր են մշակում, մեր այցելության օրը առաջին ելակներն էին կարմրել։
«Էս հողը առաջ չկար, փոքր տարածք էր քարքարոտ։ Քիչ-քիչ մշակեցինք, հիմա մի քանի բան ենք ցանում, զբաղվում ենք»,- ասում է տիկին Սվետան։
Հիշեցնենք՝ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին Հայաստանի մի շարք բնակավայրերի, այդ թվում ՝ Ջերմուկի ուղղությամբ։ Հարձակման հետևանքով հայկական կողմը, ըստ պաշտոնական տեղեկության, ունեցավ 224 զոհ, ինչպես նաև՝ տարածքային կորուստներ։
Նրա խոսքով՝ օրեցօր նվազում է անասուն պահողների թիվը, եթե առաջ գյուղից 5-6 նախիր էր դուրս գալիս, հիմա մի նախիր է մնացել։
«Հիմա հինգին արթնանում եմ, գնում գոմ, մարդ չի երևում, վախենում եմ էդ ժամերին մեկ-մեկ, ուշադիր նայում եմ, զինվորականներ են անցնում ճանապարհով միայն»։
Ջերմուկը տիկին Սվետայի համար միշտ ամենախաղաղ տեղն է եղել։
«Մի օր էլ Երևանում չեմ ապրի, իմ ու ընտանիքիս ստեղծածը ու՞ր պիտի թողնեմ գնամ։ Ամենալավն էստեղ ա։ Ճիշտ է՝ հիմա դժվար ա, որովհետև մեր եկամուտը անասուններն են, արոտավայրեր, խոտհարքներ չկան, բայց էստեղից դուրս չենք գա»,- ասում է տիկին Սվետան։
Կեչուտցիներն իրենց տան բակերից ցույց են տալիս մեր դիրքերը, ռազմական գործողությունների հետեւանքով վառված տարածքները։
«Սեպտեմբերից հետո ոչ մի կրակոց չի եղել»,- ասում են նրանք։
Սվետա և Մնացական Աբգարյանների լուսանկարները՝ Մարիամ Ստեփանյանի
Գլխավոր լուսանկարում՝ Յուրա Ստեփանյանը
Անահիտ Սվարյան
Հետք Մեդիա գործարանի ուսանող
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել