Կապանում բացվել է ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոն
Սյունիքի մարզպետԿապանում բացվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնի գրասենյակը։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը։
Արարողությանը մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Բեշինգերը, ՀՀ-ում Ֆրանսիայի, Լեհաստանի, Չեխիայի ու Նիդերլանդների դեսպանները, Կապան համայնքի ղեկավարը։
Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշեց, որ ՀՀ-ում նախատեսված 103 դիտորդից 90-ն արդեն ներգրավված են աշխատանքներում։
«Հաշվի առնելով ռազմավարական աշխարհագրական դիրքը՝ Կապանում գտնվող այս կենտրոնը կարևոր է ԵՄ առաքելության մանդատի տեսանկյունից: Եվ այս կենտրոնը թույլ կտա, որ Սյունիքում, մասնավորապես Կապանում, անվտանգության իրավիճակի մասին զեկուցենք ավելի կանոնավոր: Այստեղ մեր գտնվելը թույլ կտա կրճատել դիտորդների երթևեկության ճանապարհը, որովհետև մինչև հիմա մենք կենտրոնացած էինք Գորիսում», - ասաց նա։
Ռիտերի կարծիքով առաքելության՝ Կապանում գտնվելը կնպաստի խաղաղության գործընթացին, կկարողանա բնակչության մեջ խորացնել անվտանգության ու ապահովության զգացումը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Բեշինգերը նշեց, որ տեղում իրավիճակը դյուրին չէ, սակայն հույս հայտնեց, որ Կապանում գրասենյակի բացումը կուժեղացնի սահմանային գոտիները դիտարկելու՝ ԵՄ առաքելության կարողությունները և տարածաշրջանին ապահովություն և կայունություն կբերի։
Նշենք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը նախատեսել է 6 գրասենյակ ունենալ Հայաստանում, Կապանինը 4-րդ գրասենյակն է, ևս 2-ը կբացվեն առաջիկայում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել