Կայացավ Digitain ընկերության աշխատակից Մեսրոպ Մարկոսյանի՝ «Ժամանակի վարպետը» գիտաֆանտաստիկ գրքի շնորհանդեսը
Վճարովի բովանդակություն:
Հուլիսի 26-ին Դիջիթեյն ընկերության աջակցությամբ գրասենյակին կից գտնվող FoodPark by DownTown-ում տեղի ունեցավ կազմակերպության աշխատակից Մեսրոպ Մարկոսյանի հեղինակած առաջին գրքի շնորհանդեսը։
Մասնագիտությամբ մաթեմատիկ, տվյալների վերլուծաբան Մեսրոպի մոտ գիտաֆանտաստիկ ժանրում և սուպերհերոսական թեմայով ստեղծագործելու գաղափարն առաջացել էր դեռ շատ վաղուց, երբ հաճույքով դիտում էր ամերիկյան սուպերհերոսների մասին ֆիլմերն ու հեռուստասերիալները։
«Նպատակս էր գրել մի գիրք, որը շատ ասելիքներ կունենա նախանձի և մրցակցության, սիրո և նվիրվածության մասին»,- շեշտում է հեղինակը և հավելում, որ գրքի գաղափարն իր մոտ կար դեռ վաղուց, և մտքում ստեղծել էր բազմաթիվ սուպերհերոսների կերպարներ, սակայն այն իրագործելը փոքր-ինչ ուշ ստացվեց, երբ շատ դժվար օրերի միջով անցնելուց հետո վերջնականապես որոշեց թղթին հանձնել մտքերն ու վեց ամիս անց «Ժամանակի վարպետը» գիրքն արդեն ավարտուն տեսք ուներ։
Ստեղծագործական ընթացքը հիշելիս Մեսրոպն ասաց, որ մեծամասամբ գրել է գիշերային ժամերին, երբ միտքը լի էր լինում տարբեր գաղափարներով, իսկ դեպքերի վայր ընտրել է իրեն հարազատ դարձած Մեծ Բրիտանիան, որտեղ գիտական սեմինարների է այցելել։
Գրքի նկարիչ Բորիս Չիլինգարյանը խոստովանեց, որ շատ հաճելի էր գրքի հեղինակի հետ աշխատելը. «Հաճախ էինք հանդիպում ու ժամեր շարունակ քննարկում նկարների դետալները, հերոսի ու հակահերոսի արտաքին տեսքը, հագուստներն ու այլ մանրամասներ»։
Իսկ գրքի առաջին ընթերցողներից Զառամայիլ Գյուլազյանը, ով նույնպես ներկա էր գրքի շնորհանդեսին ու քննարկմանը, նշեց, որ կարևոր է համարում գրքում շեշտադրվող սիրո գիծը և հատկապես սերը դեպի գիտությունը. «Գրքից քաղած կարևոր դասերից մեկն այն է, որ ինչ տեսակ սուպերկարողություն էլ մարդ ունենա, ամենակարևոր ուժը մեր ներսում է․ դա բարությունն է ու ազնիվ ձգտումը»,- ամփոփեց իր խոսքն ընթերցողը։
«Կարծում եմ` մասնագիտությունս նույնպես որոշ ընդհանրություններ ունի ստեղծագործելու հետ և ամենամեծ ընդհանրությունը ստեղծարարությունն է, ինչն ինձ ամենաշատն է դուր գալիս յուրաքանչյուր գործում։ Սիրում եմ ստեղծել իմը, իմ աշխարհը, իմ ստեղծագործությունները, իմ բանաձևերն ու ալգորիթմները»,- ասաց գրքի երիտասարդ հեղինակն ու ամփոփեց, որ սա իր առաջին գիրքն է և, վստահաբար, ոչ վերջինը․ դեռ պլանավորում է գրել շատ այլ գրքեր ու ստեղծագործություններ նաև հայ սուպերհերոսների մասին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել