«FlyOne Armenia»-ից բողոքների աճն ստիպել է Քաղավիացիայի կոմիտեին մտածել օրենսդրական լուծումներ գտնելու մասին
Հայ-մոլդովական «FlyOne Armenia» ավիաընկերությունը թռիչքներ է կատարում 2021 թ. դեկտեմբերից: Մինչ օրս, սակայն, դատելով ընկերության ծառայությունների որակից դժգոհ ուղեւորների բողոքների քանակից ու պարբերականությունից, կարելի է ասել, որ ավիաընկերությունը իր գործունեության այս ողջ ընթացքում գտնվում է կայուն քննադատության տակ: Ընդ որում՝ բողոքում են թե՛ հայաստանցի, թե՛ արտասահմանցի ուղեւորները:
Դժգոհությունների ու քննադատության թիվ մեկ պատճառը «FlyOne Armenia»-ի չվացուցակի իրականացումն է՝ թռիչքների ուշացումներ, հետաձգումներ, չեղարկումներ, ինչի հետեւանքով ուղեւորները կորցնում են թանկ ժամանակ, մեծ գումարներ, վատնում նյարդեր: Ընկերության կողմից առաջարկվող փոխհատուցման ձեւերից մեկը գնված ավիատոմսի գումարի վերադարձն է, բայց հենց այստեղ է ծագում գլխավոր խնդիրը: Շատերը բողոքում են, որ ավիաընկերությունը չի պատասխանում իրենց զանգերին, մարդիկ կան, որ ասում են, թե ամիսներով սպասում են փոխհատուցման:
«FlyOne Armenia»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջի մեկնաբանությունների դաշտը, կարծես, բողոքի գիրք լինի: Կան նաեւ, իհարկե, ոչ քննադատական մեկնաբանություններ, բայց դրանք մնացածի համեմատ քիչ են: Մեկնաբանությունների մի մասն էլ, ըստ էության, ջնջվում է, ինչի մասին գրում են նաեւ դժգոհ ուղեւորները:
«Հետքն» այս օպերատորից առկա դժգոհություններին անդրադարձել էր դեռ մեկ տարի առաջ: Տպավորություն է, որ մինչ օրս ոչինչ չի փոխվել:
Ուղեւորների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող passenger.am հարթակի հիմնադիր Վաներ Հարությունյանը նախորդ տարի մեզ հայտնել էր, որ պատահում են դեպքեր, երբ ավիաընկերությունները խուսափում են տոմսերի գումարի վերադարձից, բայց «FlyOne Armenia»-ն դա անում է շատ ուղիղ ու կոպիտ ձեւով։
«Ինչ «FlyOne Armenia»-ն շուկա է մտել, տարբեր ձեւերով իրենց ասվել է, որ եթե նման անպատասխանատու ձեւով շարունակեք, լուրջ խնդիրներ կունենաք։ Փաստն այն է, որ դեռ ոչինչ չի փոխվել։ Այս պահին մենք հնարավորինս շատ ուղեւորների ենք փորձում հավաքել ու կոլեկտիվ հայցով դիմել դատարան։ Նաեւ զգուշացնելու ենք ավիաընկերությանը, որ հաշտություն կնքելու տարբերակ չի լինելու։ Մենք սպասելու ենք դատարանի կայացրած վճռին, քանի որ կարեւոր է նաեւ ստեղծել նախադեպ մյուսների համար»,- 2022-ի հուլիսին ասել էր Վ․ Հարությունյանը։
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ «FlyOne Armenia»-ի դեմ մինչ օրս 5 հայցադիմում է ներկայացվել գումարի բռնագանձման պահանջով, որոնցից մեկով վճիռ է կայացվել հօգուտ հայցվոր ուղեւորի: Չվերթի չիրականացման հետեւանքով տուժած ուղեւորի հայցին ավիաընկերությունը ո՛չ պատասխան է ներկայացրել, ո՛չ էլ բողոքարկել է վճիռը: Վերջինս օրինական ուժ է ստացել, իսկ ավելի ուշ դատարանը վճռի կատարողական թերթ է տվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը:
Ներկայում 2 հայցով դատաքննությունն ընթացքի մեջ է, եւս 2 հայցադիմում դատարանը վերադարձրել է դիմումատուներին՝ պատշաճ ձեւակերպված չլինելու հիմքով:
Ի՞նչ քայլեր ձեռնարկեցին մոլդովական իշխանությունները տեղական «Fly One»-ի հանդեպ
«FlyOne Armenia»-ի 46 %-ը պատկանում է մոլդովական «Fly One» ավիաընկերությանը: Մեր մոլդովացի գործընկերներն անցյալ տարի հայտնել էին, որ սրա դեմ եւս դատական հայցեր են ներկայացվել, այդ թվում՝ չեղարկված թռիչքների տոմսերի գումարի փոխհատուցման պահանջով, եւ դատարանի վճիռները եղել են հօգուտ հայցվորների։
Մոլդովայի փոխվարչապետ, ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացման նախարար Անդրեյ Սպինուն 2022 թ. հուլիսին հայտարարեց, որ իրենք մոլդովական «Fly One»-ի թռիչքների չեղարկումների վերաբերյալ դժգոհություններ են ստացել քաղաքացիներից։ Միայն նախարարի հայտարարության օրը չեղարկվել էր 5 թռիչք: Դրանից առաջ եւս չեղարկումներ էին եղել։ «Այս կապակցությամբ ես հանձնարարել եմ քաղավիացիայի վարչությանը մանրակրկիտ ուսումնասիրել այս ընկերության գործունեությունն ու հետ կանչել/փոխել/կասեցնել տրամադրված թույլտվությունները, եթե ընկերությունը չի կարող կատարել իր պարտավորությունները այն մարդկանց առաջ, որոնց տոմս է վաճառում»,- հայտարարել էր Սպինուն։
Ավելի ուշ Մոլդովայի քաղավիացիայի վարչությունը հայտարարեց, որ «Fly One»-ի թռիչքների հետաձգումից հետո ինքը նախաձեռնել է ընկերության տրանսպորտային հնարավորությունների եւ թռիչքային ցանցի գնահատում։ Վերլուծության եւ փոխադրողի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել թռիչքային թույլտվություններում կատարել մի շարք փոփոխություններ։ Ch-aviation.com կայքը գրել էր, որ վարչությունը հետ է կանչել «Fly One»-ին տրամադրված 38 թռիչքային թույլտվություններից 23-ը՝ հաշվի առնելով օդանավերի պակասի պատճառով չվերթերի չեղարկումները։
Մոլդովայի քաղավիացիոն իշխանությունները սրանով չէին սահմանափակվել: Վարչությունը, հաշվի առնելով Մոլդովայում ավիափոխադրողների կողմից հաճախակի դարձած թռիչքների հետաձգումները, որոշել էր սպառողների շահերն ավելի արդյունավետ պաշտպանելու համար օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել, որոնցով նախատեսվում էր ֆինանսական պատասխանատվության խստացում քաղավիացիայի ոլորտում ծառայություններ մատուցողների համար։ Մեկ այլ օրենսդրական նախագծով ծրագրվում էր կասեցնել կամ հետ կանչել կանոնավոր եւ ոչ կանոնավոր չվերթերի թույլտվությունները, եթե ավիափոխադրողները թույլ տան ուղեւորների իրավունքներին վերաբերող խախտումներ։ Թերությունները շտկելու դեպքում ավիափոխադրողը իրավունք կունենար հայտ ներկայացնել՝ չվերթերի կասեցումը հանելու կամ դրանց կրճատված քանակը վերականգնելու համար։
Ի՞նչ է ասում ՀՀ քաղավիացիայի կոմիտեն
Կոմերցիոն նպատակով ավիափոխադրումներ կատարելու առանցքային փաստաթուղթը օդանավ շահագործողի վկայականն է (ՕՇՎ): Կառավարության 2015 թ. որոշումը սահմանում է ՕՇՎ տալու կարգը: Ըստ այդմ՝ Քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) ՕՇՎ ունեցող կազմակերպություններում ունի վերահսկողություն իրականացնելու լիազորություն:
Պահանջվող շահագործման չափանիշների պահպանումն ապահովելու, հանրության համար անվտանգ եւ հարմարավետ փոխադրման ծառայություններ մատուցելու նպատակով վկայական կրող կազմակերպությունների գործունեության, աշխատանքների եւ ծառայությունների շարունակական համապատասխանության ապահովման նպատակով կոմիտեն իրականացնում է շարունակական վերահսկողություն: Վերահսկողության նպատակն է ապահովել վկայականով նախատեսված գործունեության թռիչքային եւ ավիացիոն անվտանգությունը եւ քաղավիացիայում իրականացվող աշխատանքների եւ մատուցվող ծառայությունների համապատասխանությունը սահմանված չափանիշներին: Վերահսկողությունն իրականացվում է պլանային եւ ոչ պլանային (անակնկալ) ստուգումների միջոցով: Կառավարության 963-Ն որոշում, 2015 թ. |
ՔԱԿ-ին հարցրել էինք, թե արդյոք «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի կողմից ՕՇՎ ստանալուց հետո (26.10.2021 թ.) այս ընկերությունում երբեւէ իրականացվել են ստուգումներ: Եթե այո, ապա քանի անգամ, եւ ինչ խախտումներ են հայտնաբերվել, իսկ եթե ստուգումներ չեն կատարվել, ապա ինչու: Այս հարցին ՔԱԿ-ը հստակ պատասխան չի տվել՝ ընդհանուր նշելով, որ իր իրավասությունների շրջանակներում իրականացնում է շարունակական վերահսկողություն ՀՀ-ում գրանցված բոլոր օդանավ շահագործող կազմակերպությունների նկատմամբ (դրանք ներկայում 9-ն են):
Անդրադառնալով «FlyOne Armenia»-ի կողմից ՀՀ օրենսդրության, մասնավորապես՝ Քաղաքացիական օրենսգրքի դրույթների խախտումներին, որոնք հաստատվել են նաեւ ավիաընկերության դեմ դատարանի կայացրած վերոնշյալ վճռով, եւ դիտարկմանը, թե արդյոք այդ խախտումները հիմք չեն ավիաընկերության ՕՇՎ-ի գործողությունը կասեցնելու համար, ՔԱԿ-ը նշել է, որ, ըստ Կառավարության 963-Ն որոշման, ՕՇՎ-ն տրվում է «օդային փոխադրման թռիչքային անվտանգության նպատակով», եւ ըստ այդմ՝ վերահսկողության իրականացման հիմքը բացառապես ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ թռիչքային ստանդարտների, թռիչքային անվտանգության եւ ավիացիոն անվտանգության շահագործողական նորմերի ապահովման պահանջերի անհամապատասխանությունն է: Այսինքն՝ եթե այս չափանիշներով ընկերությունը խնդիրներ չունի, ապա նրա ՕՇՎ-ն կշարունակի գործել:
Բարենպաստ միջավայր՝ նույնիսկ ամենաանբարեխիղճների համար
Եթե ՕՇՎ-ի ձեռքբերումը կոմերցիոն ավիափոխադրումների իրավունք ստանալու ճանապարհին առաջին եւ առանցքային քայլն է, ապա երկինք բարձրանալ ցանկացող ավիաընկերությունները դրանից հետո պետք է ստանան նաեւ հավաստագիր (կանոնավոր չվերթերի համար) եւ թույլտվություններ (ոչ կանոնավոր, չարտերային չվերթերի համար): Բնականաբար, կան նորմեր, որոնք խախտելու դեպքում ավիաընկերության հավաստագրի կամ թույլտվության գործողությունը կկասեցվի կամ կդադարեցվի: Սակայն այս առումով Հայաստանում չկա որեւէ հստակ նորմ, որին պետք է համապատասխանեն ավիաընկերությունների կողմից ուղեւորներին մատուցվող ծառայությունները: Եթե չկա, սահմանված չէ նման կոնկրետ նորմ, չափանիշ, ապա ամեն ինչ մնում է տվյալ ավիաընկերության հայեցողության կամ ունակությունների տիրույթում: Այս դեպքում նույնիսկ ամենաանպարտաճանաչ ավիաընկերությունը վստահ կարող է լինել, որ ո՛չ հավաստագրից է զրկվելու, ո՛չ թույլտվություններից, ո՛չ էլ ՕՇՎ-ից: Փաստացի, Հայաստանում բարենպաստ միջավայր է ստեղծված նմանների համար:
Նման ավիաընկերությունների միակ սարսափը կարող են լինել պինդ, երբեմն նույնիսկ երկաթյա նյարդեր ունեցող ուղեւորները, որոնք գուցե երկար ժամանակ կծախսեն, սակայն չեն վարանի դատական պատասխանատվության կանչել անբարեխիղճ փոխադրողներին ու կհասնեն փոխհատուցման ստացման, այդ թվում՝ ոչ միայն մայր գումարի, այլեւ վճարման ուշացման հետեւանքով կուտակված տոկոսների:
Ինչպես տեսնում ենք, Մոլդովայում նախորդ տարի գործադիր իշխանության մակարդակով ոչ միայն կրճատել են «Fly One»-ին տրված թույլտվությունների քանակը, այլեւ սկսել են մտածել օրենսդրական փոփոխությունների մասին՝ ի շահ սպառողների:
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն «Հետքին» հայտնել է, որ սպառողների շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունների եւ դրանց շուրջ ծագած խնդիրների կարգավորումը դուրս է իր իրավասության շրջանակներից, սակայն հաշվի առնելով բողոքների քանակի աճը՝ ներկայում տարվում են աշխատանքներ տվյալ հարցի կարգավորման հնարավոր օրենսդրական լուծումներ գտնելու ուղղությամբ: Թե կոնկրետ ինչ լուծումների մասին է խոսքը, ՔԱԿ-ը չի մանրամասնել:
Ի՞նչ էր պնդում «FlyOne Armenia»-ի ղեկավարը
«FlyOne Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը նախորդ տարի «Հետքին» հավաստիացնում էր, որ բոլոր այն տոմսերի համար, որոնք անմիջապես իրենցից են գնվում, գումարի վերադարձը կազմակերպվում է շատ արագ։
«Հիմնականում խնդիր առաջանում է այն դեպքերում, երբ տոմսերը գնվում են տուրիստական գործակալության, տարբեր հարթակների կամ կայքէջերի միջոցով։ Հաճախ գումարը, որ մենք փոխանցում ենք միջնորդին, այդպես էլ ուղեւորին չի հասնում,- ասում էր Անանյանը,- խնդրում ենք մարդկանց, որ դիմում գրեն իրենց միջնորդ կազմակերպությանը, որպեսզի ստանան վերադարձը։ Սա է պատճառներից մեկը, որ պրոցեսը երկարում է։ Ամեն դեպք ունի իր առանձնահատկությունը, ու ասել, որ դրանք զանգվածային են, ճիշտ չէ։ Պետք է հասկանալ՝ խնդիրը որ կետում է առաջացել, ու լուծել այն։ Եթե 100 հազ․ ուղեւորի հարաբերակցությունը համեմատենք դիմումների եւ բողոքների քանակի հետ, ապա կտեսնենք, որ մեկ տոկոսի էլ չի հասնում»:
Արամ Անանյանն ասում էր, որ իրենք ինչ-որ մեկի տոմսը չփոխհատուցելու, չմատուցված ծառայության համար վճարված գումարը պահելու խնդիր չունեն։ «Ծավալը, որի հետ մեր մասնագետներն աշխատում են, եւ լուծումները, որ տալիս են, հասնում են բացարձակ մեծամասնության, բայց նույնիսկ չպետք է մնան այդ հատուկենտ միջադեպերը»,- պնդում էր ավիաընկերության ղեկավարը։
Բայց, ինչպես տեսնում ենք, մեծաքանակ դժգոհություններն ու քննադատությունները «FlyOne Armenia»-ի հասցեին շարունակվում են նաեւ այսօր՝ Ա. Անանյանի հետ «Հետքի» զրույցից մեկ տարի անց:
«FlyOne Armenia»-ի շահագործած օդանավերից երկուսն են գրանցված Հայաստանում
«FlyOne Armenia»-ի չվերթերի ուշացումների, հետաձգումների ու չեղարկումների հիմնական պատճառներից մեկը տեխնիկական է՝ ընկերության ավիապարկն, ըստ էության, չի հասցնում սպասարկել «իր վրա դրված» համեմատաբար խիտ չվացուցակը, եւ պարբերաբար ժամանակացույցից մեծ ու փոքր շեղումներ ու չեղարկումներ են լինում: Եթե նույնիսկ մեկ օդանավ ինչ-ինչ պատճառներով շարքից դուրս է գալիս, դա հանգեցնում է գրաֆիկի շղթայական խափանման:
2021-ի դեկտեմբերից մինչեւ 2023-ի մարտ հայկական օպերատորը շահագործում էր բացառապես մոլդովական «Fly One»-ի օդանավերը, որոնք գրանցված են Մոլդովայի օդանավերի ռեգիստրում:
Մարտի 27-ին դրանցից մեկը՝ մոլդովական ER-00002 գրանցման համարով «Airbus A319»-ը, տեղափոխվեց ՀՀ ռեգիստր՝ ստանալով հայկական EK-FOA գրանցման համարը: Դա դարձավ «FlyOne Armenia»-ի կողմից շահագործվող ՀՀ գրանցումով առաջին ինքնաթիռը:
Մայիսի 4-ին հայկական EK-FOB գրանցման համար է ստացել «Airbus A320» օդանավը, որը մինչ այդ Մոլդովայում գրանցված էր որպես ER-00005 եւ իրականացնում էր թե՛ մոլդովական, թե՛ հայկական ավիաընկերությունների թռիչքները: Ներկայում EK-FOA-ն ու EK-FOB-ը ներգրավված են միայն «FlyOne Armenia»-ի չվերթերում:
Վարձակալական հիմունքներով «FlyOne Armenia»-ի տրամադրության տակ են նաեւ մինչ օրս «Fly One»-ի շարժակազմում գտնվող 2 «Airbus A320»-ները՝ ER-00006 եւ ER-00007 գրանցման համարներով:
«FlyOne Armenia»-ն մոնղոլական «Mongolian Airways»-ից վարձակալել է 1 հատ «Airbus A320» (մոնղոլական գրանցումը՝ JU-1410): Ինքնաթիռի պոչին «SIL Capital» ընկերության անունն է: Սրան կանդրադառնանք ստորեւ:
Հայկական օպերատորը 1 հատ «Airbus A320» էլ վարձակալել է լիտվական «Global Airways»-ից (լիտվական գրանցումը՝ LY-LGB):
«FlyOne Armenia»-ի չվերթերի ցանցը ներկայում ներառում է 20 ուղղություն եւ 19 քաղաք՝ Մոսկվա («Վնուկովո» եւ «Դոմոդեդովո»), Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Սամարա, Եկատերինբուրգ, Նովոսիբիրսկ, Թբիլիսի, Թեհրան, Շարմ էլ Շեյխ, Հուրգադա, Լառնակա, Ստամբուլ, Քիշնեւ, Տիվատ, Միլան, Դյուսելդորֆ, Փարիզ, Լիոն:
Ովքե՞ր են ավիաընկերության տերերը
«Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021 թ. մարտին Երեւանում: Նախկինում անդրադարձել ենք ընկերության հիմնադիրներին: 46 %-ի սեփականատերը եղել ու մինչ օրս մնում է մոլդովական «Fly One»-ը: Գրել էինք, որ այս ավիաընկերությունը 50-50 հարաբերակցությամբ կիսում են Մոլդովայի արդարադատության նախկին նախարար Վլադիմիր Չեբոտարի եւ այդ երկրի քաղավիացիայի գերատեսչության նախկին ղեկավար Միրչա Մալեկայի ընտանիքները: Ընդ որում՝ Մալեկան 2021-2022 թթ. նաեւ «Ֆլայուան Արմենիայի» գլխավոր տնօրենն էր:
Ըստ պետռեգիստրում տեղադրված իրական շահառուների հայտարարագրի՝ «Fly One»-ի անունով գրանցված 46 % մասնաբաժնի միակ իրական շահառուն ներկայում Միրչա Մալեկան է, ինչը նշանակում է, որ նա է մոլդովական ընկերության միակ սեփականատերը:
Հայկական փոխադրողի մնացած 54 %-ը պատկանում է ՀՀ քաղաքացիների: Հիշեցնենք, որ «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն՝ ՕՇՎ ունեցող ընկերության առնվազն 51 %-ը պետք է պատկանի ՀՀ քաղաքացիների կամ Հայաստանում գրանցված իրավաբանական անձանց:
«Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ում հիմնադրման ժամանակ 24,5-ական % ունեին երեւանցի Արմեն Սիրունյանն ու Հակոբ Ալեքսանյանը: Սիրունյանը ԱԺ իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի մերձավորներից է, ինչպես նաեւ ՆԳ նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, վաղամեռիկ Սուրեն Սիրունյանի եղբայրը (Վ. Սիրադեղյանը Սուքիասյան եղբայրներից Սարիբեկի քենակալն էր):
Ընդ որում՝ ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն Երեւանի կենտրոնում՝ Զավարյան փողոցում գտնվող Ա. Սիրունյանի բնակարանն է: Սրա հարեւան հասցեում են գրանցված Սուքիասյանները: Ընկերությունում եւս 5 % գրանցված է երեւանցի Լարիսա Սահակովայի անունով:
2022 թ. հոկտեմբերին Արմեն Սիրունյանը դուրս է եկել ՍՊԸ-ից: Փոփոխվել է նաեւ Հ. Ալեքսանյանի մասնաբաժինը:
Այսպիսով՝ 2022-ի հոկտեմբերից «FlyOne Armenia»-ի 46 %-ը պատկանում է մոլդովական «Fly One»-ին, իսկ վերջնարդյունքում՝ մոլդովացի Միրչա Մալեկային: Հակոբ Ալեքսանյանը 20 % ունի, նույնքան մասնաբաժին՝ Խաչատուր եւ Սարիբեկ Սուքիասյանների եղբայրը՝ Էդուարդ Սուքիասյանը: Այսինքն՝ Սուքիասյաններն արդեն անվանապես ներկա են «FlyOne Armenia»-ում, չնայած ի սկզբանե հայտնի էր, որ մոլդովացիների հայաստանցի գործընկերը նրանց ընտանիքն է:
Եվս 9 %-ի փայատեր է դարձել Սուքիասյանների երեւանյան «ՍԻԼ Կապիտալ» ՍՊԸ-ն, որի խորհրդի նախագահը, ըստ իր ֆեյսբուքյան էջի, հենց Էդուարդ Սուքիասյանն է, իսկ սեփականատերը մինչեւ այս տարվա հունվար ամիսը նրա որդին էր՝ կրտսեր Խաչատուր Սուքիասյանը: Վերջինս իր բաժնեմասը փոխանցել է երեւանցի Վահագն Եղիազարյանին, որը Սուքիասյանների շրջապատից է:
Մնացած 5 %-ը շարունակում է մնալ Լարիսա Սահակովայի սեփականությունը: Բայց այս փայի իրական տերը, թերեւս, ՀՀ քաղաքացի Սահակովայի որդին է՝ այս տարվա ապրիլից «FlyOne Armenia»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնող ՌԴ քաղաքացի Արթուր Պողոսբեկյանը (եթե վերջինս գրանցվի որպես սեփականատեր, ապա ՍՊԸ-ում ՀՀ քաղաքացիների մասնաբաժինը կլինի 49 %, ինչը կհամարվի «Ավիացիայի մասին» օրենքի խախտում):
Պողոսբեկյանը մերձմոսկովյան Դոմոդեդովո քաղաքում հիմնադրված «M-X-M» գործակալության ղեկավարն է, որն զբաղվում է օդային տրասպորտին առնչվող գործունեությամբ:
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանին հարցրել էինք, թե արդյոք «FlyOne Armenia»-ի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս ՔԱԿ-ն ունի կաշկանդվածություն՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ավիաընկերության սեփականատերերի թվում է ԱԺ իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը: Կոմիտեից նշել են, որ ՔԱԿ-ը որեւէ կերպ կաշկանդված չէ իր լիազորություններն իրականացնելիս:
ՀԳ. Հոդվածը պատրաստման փուլում էր, երբ հայտնի դարձավ «FlyOne Armenia»-ի հերթական չվերթի հետաձգման մասին:
Լուսանկարները՝ facebook.com-ից, jetphotos.com-ից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել