HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանների գործողությունների հետևանքով հետախուզվող ավտոմեքենան ապօրինի դուրս է բերվել հատուկ պահպանվող տարածքից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ավագ պարեկ Օ. Ս.-ն նույն գումարտակի հերթապահ ծառայության ոստիկան Ա. Հ.-ին դրդել է իր ծառայողական լիազորություններն օգտագործել ի վնաս պետական և ծառայողական շահերի, որի հետևանքով 1 մլն 300 հազար ՀՀ դրամից ավելի վնաս է պատճառվել պետության և կազմակերպության օրինական շահերին: Այս մասին հաղորդում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ 

Մասնավորապես՝ 2023 թվականի մարտի 16-ին ոստիկանության կողմից հայտնաբերվել և նույն օրը պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի «Հատուկ տարածք» է տեղափոխվել ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող  ծառայության կողմից հետախուզվող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան: Դրանից հետո Գյումրի քաղաքի բնակիչ Գ. Հ.-ն առանց օրինական հիմքերի հիշյալ ավտոմեքենան սեփականատիրոջը վերադարձնելու խնդրանքով դիմել է իր մտերիմ՝ վերը նշված գումարտակի ավագ պարեկ Օ. Ս.-ին: Վերջինս, չմերժելով Գ. Հ.-ի խնդրանքը, 2023 թվականի մարտի 20-ին դիմել է իր գործընկերոջը՝ նույն գումարտակի հերթապահ ծառայության ոստիկան Ա. Հ.-ին՝ համոզելու եղանակով վերջինիս դրդելով հանցանք կատարել, այն է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ առանց արգելանքի տակ դնելու պատճառները վերացնելու վերաբերյալ ապացույցների, հիշյալ տրանսպորտային միջոցը վերադարձնել սեփականատիրոջը: 

Արդյունքում Ա. Հ.-ն պարեկ Օ. Ս.-ի և Գ. Հ.-ի դրդմամբ իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի՝ օրենքով սահմանված պահանջների խախտմամբ թույլատրել է ավտոմեքենայի սեփականատիրոջը՝ այն դուրս բերել «Հատուկ տարածք»-ից և շարունակել երթևեկությունը:

Ըստ տարածված հաղորդագրության՝ Ա. Հ.-ի գործողությունների հետևանքով պետությանն ու կազմակերպությանը պատճառվել է էական վնաս՝ պարտապանից չի բռնագանձվել խոշոր չափերի՝ 1 մլն 300 հազար դրամից ավելի գույքային վնասը: Արդյունքում՝ առանց օրինական հիմքերի սեփականատիրոջը վերադարձվել է հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցը:

2023 թ. հուլիսի 21-ին պարեկ Օ. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 1-ին մասով, հերթապահ ծառայության ոստիկան Ա. Հ.-ին՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Գ. Հ.-ին՝ 46-441-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter