30-ամյա ՌԴ քաղաքացին ցած է նետվել Քննչական կոմիտեի շենքի 5-րդ հարկից և մահացել. ՔԿ
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության վարչական շենքում այսօր՝ հուլիսի 20-ին տեղի է ունեցել դժբախտ պատահար։
ՔԿ լրատվական ծառայության հաղորդմամբ, օպերատիվ տեղեկություններ են ստացվել ՌԴ քաղաքացի հանդիսացող 30-ամյա, ազգությամբ ռուս անձի կողմից իր անվամբ թմրամիջոցների՝ դեմիթոքսիֆենէթիլամինի պարունակությամբ ծանրոցներ ստանալու մասին:
«2023թ. հուլիսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է երկու քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում:
Հուլիսի 19-ին՝ ժամը 11:15-ին, անձին փաստացի վերցրել են արգելանքի ՊԵԿ ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից։ Նույն օրը նրան ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, և վարույթն իրականացնող քննիչի կողմից կայացվել է նշված անձին թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալելու որոշում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, հուլիսի 20-ին հարցաքննություն իրականացնելու համար, անձը ՊԵԿ ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից կրկին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, ներկայացել է նաև վերջինիս փաստաբանը, ինչպես նաև հրավիրվել է համապատասխան թարգմանիչ։ Տեսագրման պայմաններում և փաստաբանի ու թարգմանչի մասնակցությամբ անցկացվել է հարցաքննություն և դրան առնչվող անհրաժեշտ վարութային գործողություններ։
Այդ գործողությունների ավարտից հետո վերջինս, հետաքննության մարմնի ծառայողների ուղեկցությամբ, ձեռնաշղթաներով, դուրս է եկել նախաքննություն իրականացնող քննիչի՝ հինգերորդ հարկում գտնվող աշխատասենյակից, միջանցքով մինչև վերջ գնացել դեպի վերելակ տանող ելքի դուռը։ Դուռը բացվելուն պես նա անակնկալ արագ մոտեցել է վերելակին անմիջականորեն կից բաց պատուհանին և իրեն ցած նետել, ինչի հետևանքով մահացել է։
Ներկա պահին դեպքի վայրում կատարվում են անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ։ Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կատարվածի հանգամանքները պարզելու համար»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել