HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ է նշանակվել Բրյուս Պողոսյանը

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հանրային կապերի բաժինը հայտնում է, որ համալսարանի հաջորդ նախագահի պաշտոնում նշանակվել է դոկտոր Բրյուս Պողոսյանը։

«Համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը բազմապիսի և գերազանց որակավորում ունեցող թեկնածուներից ընտրել է դր․ Պողոսյանին, որն իր պաշտոնավարումը կսկսի 2023 թ․-ի սեպտեմբերի 1-ից։

2010-2014 թթ․ դր․ Պողոսյանը եղել է ՀԱՀ նախագահ, ում ղեկավարման տարիներին համալսարանը մեծապես ընդլայնվել է, մեկնարկել են բակալավրիատի ծրագրերը։ Նախագահի պաշտոնում իր մատուցած ծառայությունների համար դր. Պողոսյանը ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության շքանշանով, իսկ պաշտոնից հեռանալուց հետո մշտապես կապ է պահպանել ՀԱՀ համայնքի հետ՝ մասնակցելով ավարտական հանդիսություններին և համագործակցելով դասախոսական անձնակազմի հետ տարատեսակ ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակներում։

Տարբեր պարգևատրումների և մրցանակների արժանացած դր․ Պողոսյանը 2000 թ.-ից հանդիսանում է Թաֆթս համալսարանի պրոֆեսոր, որտեղ զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ Մաթեմատիկայի ամբիոնի վարիչ և Տվյալների Վերլուծություն մագիստրոսական ծրագրի տնօրեն։

2000 թ.-ից նա անդամակցել է Ամերիկյան ֆիզիկական հասարակություն ընկերակցությանը, իսկ 2010 թ․-ին ճանաչվել է Թաֆթս համալսարանի վաստակավոր գիտնական։ Ի հավելումն՝ 2018 թ․-ին դր. Պողոսյանը դարձել է Ջոնաթան Մ. Տիշի քաղաքացիական կյանքի ֆակուլտետի անդամ, իսկ 2019 թ․-ին անդամակցել է Թաֆթսի տվյալների ինտենսիվ ուսումնասիրությունների կենտրոնին։

Դր․ Պողոսյանն իր գիտական աստիճանները ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից և Կալիֆոռնիայի Դևիսի համալսարանից, որոնց թվում՝ ֆիզիկայի բակալավրի, միջուկային ճարտարագիտության մագիստրոսի և կիրառական գիտության դոկտորի աստիճանները։ Նրա հետազոտության ոլորտներից են, ի թիվս այլ որոտների, կիրառական դինամիկ համակարգերի, կիրառական հավանականությունների տեսության, կինետիկ տեսության, տնտեսության մաթեմատիկական մոդելների և բարդ համակարգերի գիտության ոլորտները:

ՀԱՀ Հոգաբարձունների Խորհրդի նախագահ դր․ Լոուրենս Փիթսն ուրախ է ողջունել դր․ Բրյուս Պողոսյանի վերադարձը ՀԱՀ։ «Համալսարանն ընդլայնում է իր հնարավորությունները և ուսանողական կազմը՝ օգնելու Հայաստանին բավարարել աճի և զարգացման համար անհրաժեշտ իր կարիքները»,- նշում է նա։

Անցած տարվա դեկտեմբերից ՀԱՀ ղեկավարումը ստանձնել էր նախագահի ժամանակավոր պաշտոնակատար դր․ Արմեն Տեր Կյուրեղյանը, որը սիրով ընդունեց այս ժամանակավոր դերը դր․ Կարին Մարկիդեսի հրաժարականից հետո։ 2014-2019 թթ․ ՀԱՀ-ի նախագահության իր փորձը թույլ տվեց նրան հմտորեն ղեկավարել համալսարանի անցումն այդքան կրիտիկական և որոշիչ փուլով, ինչի շնորհիվ Հոգաբարձուների խորհուրդն ունեցավ  անհրաժեշտ ժամանակն ու ազատությունը նոր նախագահի որոնման համար։ 

«ՀԱՀ Հոգաբարձուների Խորհուրդը և իհարկե ողջ ՀԱՀ համայնքը երախտապարտ է դր․ Տեր Կյուրեղյանին մեր խնդրանքին արագ արձագանքելու և համալսարանի նախագահի պաշտոնը նորից ստանձնելու համար»,- նշում է դր․ Փիթսը։ «Նրա փորձի ու նվիրումի շնորհիվ ՀԱՀ-ն շարունակել է աճել և ակտիվ գործունեություն ծավալել մինչ մենք կնշանակեինք դր․ Պողոսյանին։ Շնորհակալություն, Արմեն, Հայաստանի ամերիկյան համալսարանին նվիրումով ծառայելու համար»»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter