HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում 40 կմ ոռոգման համակարգ կանցկացվի

Երևանում այս տարի ավելի քան 40 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի:

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ շուրջ 24 կմ-ն արդեն պատրաստ է։ «25 կմ-ն անցկացվում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից, 16.3 կմ-ն՝ Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության ուժերով:

Նախատեսված է նաև նոր ջրագծերի անցկացում դեպի Աջափնյակ և Դավթաշեն»,- նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Գործող ջրագծերի մեծ մասը վթարված է, ջուրը հասցեներ չի հասնում: Ոռոգման նոր համակարգեր են անցկացվում զբոսայգիներում, փողոցների ու ճանապարհների հարակից հատվածներում: Բակերի բարեկարգմանը զուգահեռ՝ ոռոգման ջուրն դրանց կհասնի խողովակներով:

«Բակային տարածքների մոտ 90 տոկոսում ոռոգման համակարգ առհասարակ գոյություն չունի»,-ասում է Ա. Բեգոյանը: Մետաղական հնամաշ ու վթարված խողովակները փոխարինվում են, տեղադրվում է նոր՝ անձրևացնող համակարգ: Սա խոռածածկ ստեղծելու լավագույն տարբերակն է: Որոշ հատվածներում կլինի նաև կաթիլային ոռոգում: «70 տարվա խողովակներ էին, մշտապես վթարվում էին»,- նշում են ՀՈԱԿ-ի աշխատակիցները:

«Տեղադրվում են նոր պոլիէթիլենային խողովակներ, իսկ այն հատվածներում, որտեղ հատում են փողոցները, դրանք երկաթյա խողովակների միջով ենք անցկացնում, որը երկարեցնում է պոլիէթիլենայինների շահագործման ժամկետը: Միաժամանակ վերանորոգվում ու կառուցվում են պոմպակայաններ՝ անխափան ջրամատակարարում ապահովելու նպատակով:

Ոռոգման նոր համակարգերը հնարավորություն կտան վերականգնելու նախկին կանաչապատ տարածքները, նաև այդպիսի նոր գոտիներ հիմնելու հնարավորություն են: Քաղաքի կանաչ զանգվածն այս տարի կավելանա շուրջ 20 հա-ով, ինչը կարևոր է նաև քաղաքի բնապահպանական խնդիրները լուծելու տեսակետից:

«Ոռոգման համակարգը կանաչապատման առաջնային պայմանն է: Մենք հենց հիմա էլ կարող ենք հազարավոր ծառեր տնկել Երևանում, բայց մեզ մոտ այլևս ոչ մի թուփ չի տնկվում, քանի դեռ լուծված չէ ոռոգման խնդիրը»,- շեշտում է Արմեն Բեգոյանը:

Հաջորդ տարի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը մտադիր է ոռոգման համարգերն ընդլայնել ավելի մեծ ծավալով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter